Պառակտումն ու տարբեր ճամբարների բաժանվելու ալիքը հասավ Սփյուռք։
ԱՄՆ Բըրբանք քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի հարակից Սրբոց Ղևոնդաց եկեղեցում արդեն երկրորդ կիրակի պատարագից հետո մի խումբ հավատացյալներ աջակցության ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի։
«Ոչ Նիկոլի «բարեփոխմանը. STOP», «Մենք ենք եկեղեցին, ձեռքերդ հեռու Վեհափառից», «Ո՛չ եկեղեցու պառակտմանը», «Թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ դավաճան» գրառումներով պաստառները ձեռքներին` հայ համայնքը նախ և առաջ թեմի առաջնորդից է ուզում պատասխան լսել՝ ի՞նչն է դրդել նրան անցնել Փաշինյանի կողմը, երբ 2018 թվականին բոլորովին այլ դիրքորոշում ուներ։
Խաղաղ հավաքը սադրիչների պակաս չուներ։ Վեճերը քաշքշոցի վերածվեցին: Հայ համայնքի որոշ ներկայացուցիչների դուր չի եկել, որ ի պաշտպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի՝ հավաք է իրականացվում, որովհետև դա նշանակում է, որ նրանք դեմ են Փաշինյանին։
Ակցիայի մասնակիցները բազմիցս փորձել են կապվել թեմի առաջնորդ Հովնան սրբազանի հետ, իմանալ Փաշինյանի կողմն անցնելու պատճառների մասին։ Արդյո՞ք նա ոչինչ չունի ասելու Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական հետապնդման մասին։ Մարդիկ նույն հարցերը ստիպված էին ուղղել թեմի քահանաներին։
Քահանաներն էլ վախենում են կարծիք հայտնել եպիսկոպոսներին կալանավորելու, նրանց ու կաթողիկոսին Հայաստանից դուրս չթողնելու, Արշակ Սրբազանին վերագրված կեղծ տեսանյութի մասին։
Սրբոց Ղևոնդաց եկեղեցու բակում շատ բարձր միացված էր ցածրաճաշակ երաժշտություն՝ կարծես միտումնավոր խլացնելու ակցիայի մասնակիցների ձայնը և խանգարելու նրանց։
ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքում կազմակերպված ակցիայի մասնակիցները մեկուկես ժամ ապարդյուն սպասեցին, որ Թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը դուրս գա, հանդիպի իրենց հետ։ «Սարդարապատի երգը» երգելով՝ նրանք ավարտեցին հերթական ակցիան՝ բազում հարցեր իրենց հետ տանելով՝ ինչո՞ւ է Արևմտյան թեմում պատարագների ժամանակ զեղչվում կաթողիկոսի անունը, ի՞նչ կարծիք ունի Տեր Հովնանը Կաթողիկոսի դեմ քրեական գործի, Հայ եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին և ինչու է նա ակցիայի մասնակիցներին անվանել մոլորյալներ։

Русский