Ադրբեջանցիներն ավտոմեքենայով հանգիստ շրջում են Երևանով, Հանրապետության հրապարակում զբոսնում։ Մեկի ելույթը մյուսը տեսագրում է, ու ամբողջ տեսանյութը տարածվում է համացանցում։
Ադրբեջանցին Հայաստանը ներկայացնում է որպես «պատմական ադրբեջանական հող» և կոչ է անում ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիք»՝ նշելով, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։
Նույն ադրբեջանցին հանգիստ ու անխոչընդոտ հասնում է Գյումրի, հետո՝ Ամասիայի գյուղեր։ Նորից շրջում Հայաստանի ինքնիշխան տարածքով, ադրբեջաներեն խոսում, իսկ մյուսն այդ ամենը տեսագրում է։ Տեսանյութը դարձյալ տարածում են համացանցում։
Մարդիկ արդարացիորեն հարցնում են՝ ադրբեջանցի ներկայացող ու ադրբեջաներեն խոսող այս մարդը ինչպե՞ս է հասել Հայաստան։ Եթե անգամ այլ երկրի քաղաքացի է, այլ երկրի անձնագիր ունի, մեր երկրում, մեր քթի տակ Հայաստանը ադրբեջանական պատմական հող ու հայրենիք հայտարարելու համար չպե՞տք է գրավեր Հայաստանի իրավապահների, ԱԱԾ-ի ուշադրությունը, այդ կառույցներից պարզաբանումներ չպե՞տք է լինեին։
Խաղաղության օրակարգը միայն Հայաստանում ու Հայաստանին է պարտադրվում։ Մի պահ պատկերացրեք՝ այլ երկրի քաղաքացի հայը մտնում է Ադրբեջանի տարածք, շրջում Բաքվում, ադրբեջանցիների ներկայությամբ հայերեն խոսում, տեսագրվում ու տեսանյութը տարածում համացանցում։ Որևէ մեկը չի կարող ասել, որ նման բան հնարավոր է։ Իսկ ինչո՞ւ են ադրբեջանցիների անխոչընդոտ ու անվրդով այցերը, զբոսանքները, ելույթները Հայաստանում հնարավոր ու սովորական դառնում։ Հարցի պատասխանը կգտնեք Հայաստանի իշխանությունների ադրբեջանահաճո ու ադրբեջանասեր վարքագծում։

Русский