ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի սկզբին նախատեսում է մի քանի կարևոր հայտարարություններ անել Գազայի վերաբերյալ, սակայն հաջորդ քայլերը կախված են երկուշաբթի օրը Մար-ա-Լագոյում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա հանդիպումից, գրել է Axios-ը։
Սպիտակ տան պաշտոնյաները կարծում են, որ Նեթանյահուն դանդաղեցնում է խաղաղության գործընթացը, և վախենում են, որ նա կվերսկսի պատերազմը «Համաս»-ի հետ։ Սակայն, մինչ Իսրայելի վարչապետը դեմ առ դեմ է Թրամփի թիմի հետ, նա հույս ունի անձամբ նախագահին համոզել իր ավելի կռվարար տեսակետին, ասել է իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա։
Սպիտակ տունը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ներկայացնել Պաղեստինի տեխնոկրատական կառավարություն ու Միջազգային կայունացման ուժեր Գազայի համար, և գուցե նույնիսկ գումարել Թրամփի գլխավորած Խաղաղության խորհուրդը Դավոսում հունվարին կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում, ասել են Սպիտակ տան պաշտոնյաները։
Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆֆը, նախագհի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները աշխատել են եգիպտացիների, կատարցիների և թուրքերի հետ՝ այդ համաձայնագրերը վերջնականապես կնքելու և համաձայնագրի երկրորդ փուլի համար հիմք նախապատրաստելու համար, որը ենթադրում է «Համաս»-ի կողմից զենքի հանձնում և իսրայելական ուժերի նահանջ։
Սակայն Նեթանյահուն կասկածանքով է մոտեցել Վիտկոֆֆի և Քուշների գաղափարներին, մասնավորապես՝ Գազայի ապառազմականացման վերաբերյալ, սենատոր Լինդսի Գրեհեմի (հանրապետական, Հարավային Կարոլինա) հետ վերջերս Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ, ասել է իրազեկ աղբյուրը։ Դա հիմք է ստեղծում Ֆլորիդայում Թրամփի և Նեթանյահուի միջև կարևոր հանդիպման համար։
Առանց Նեթանյահուի համաձայնության՝ խաղաղության գործընթացը չի կարող առաջ շարժվել։
«Սա կարևորագույն հանդիպում է։ Հստակ չէ, թե արդյոք Թրամփը նույն տեղում է, ինչ Վիտկոֆֆը և Քուշները», - ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։ «Բիբին փորձում է համոզել մեկ մարդուց բաղկացած լսարանին։ Հարցն այն է, թե արդյոք Թրամփը կպաշտպանի նրա՞, թե՞ իր գլխավոր խորհրդականների կողմը, երբ խոսքը վերաբերում է Գազային։ Ո՞վ գիտի, թե ինչ կընտրի Թրամփը»։

Русский