«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները որոշել են վերցնել մանդատները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը նշել է, որ քննարկվել է երկու տարբերակ՝ խորհրդարան չմտնել և պայքարը շարունակել բացառապես փողոցում կամ մանդատները վերցնել և զուգահեռ շարունակել արտախորհրդարանական պայքարը։ Ըստ նրա՝ վերջնական որոշումն այն է, որ քաղաքական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է համատեղել խորհրդարանական գործունեությունն ու փողոցային պայքարը։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի համոզմամբ՝ մանդատներ վերցնելու որոշումը միանշանակ չի կարելի գնահատել դրական կամ բացասական։

«Մանդատ վերցնելը երկու կողմ ունի, այն չի կարելի միանշանակ գնահատել դրական կամ բացասական։ Եթե չվերցնեին մանդատները, դա կարող էր հասարակական հնչեղություն ունենալ, և մեդիա դաշտում մեկնաբանվել այնպես, որ ընդդիմությունը սկզբունքային քայլ է անում՝ ապալեգիտիմացնելու, իրենց կարծիքով, կեղծված ընտրությունները։ Դա որոշ շրջանակներում կարող էր բարձրացնել ընդդիմության վարկանիշը, սակայն վերջնական արդյունքում արդյո՞ք կնպաստեր ընդդիմության ձեռքում պայքարի գործիքների պահպանմանն ու օգտագործմանը։ Իհարկե՝ ոչ։ Եթե չեն վերցնում մանդատները, Ազգային ժողովը կարող է աշխատել 64 պատգամավորով, և բացառված չէ, որ Սահմանադրական դատարանը կամ ընտրական օրենսգիրքը այնպիսի լուծումներ առաջարկեին, որ այդ մանդատները փոխանցվեին հաջորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժերին։ Այդ դեպքում ընդդիմությունը կզրկվեր Ազգային ժողովում ներկայացվածությունից և, բնականաբար, իշխանության վրա ազդելու որոշակի գործիքներից»,- ասաց Քեռյանը MediaHub-ի հետ զրույցում։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմությունը վերցնի մանդատները, բայց չմասնակցի Ազգային ժողովի աշխատանքներին, քաղաքագետը չբացառեց նման տարբերակը, սակայն քիչ հավանական համարեց։ «Հնարավոր է, բայց չեմ կարծում։ Գուցե որոշ ժամանակ բոյկոտեն նիստերը՝ որպես բողոքի քայլ, սակայն թե ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտա ժամանակը»,- նշեց քաղաքագետը։
Մեկնաբանելով Նարեկ Կարապետյանի այն հայտարարությունը, որ ընդդիմությունը պետք է և՛ վերցնի մանդատները, և՛ փողոցային պայքար գեներացնի՝ իշխանափոխության հասնելու նպատակով, Քեռյանը նշեց, որ այդ երկու ուղղությունների համատեղումը միայն հայտարարություններով հնարավոր չէ։
«Փողոց գեներացնելը նշանակում է հեղափոխական իրավիճակ, և հենց այդպիսի պայմաններում է, որ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ինչի արդյունքում տեղի է ունենում իշխանափոխություն։ Փողոց կարող են գեներացնել, բայց դա կարող է ավարտվել մանր-մունր ակցիաներով, ինչպես տեղի է ունեցել 2018 թվականից մինչև այսօր, և որևէ արդյունք չի տվել։ Փողոցը թղթով կամ հայտարարություններով չեն գեներացնում, դա լուրջ սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթաց է»,- եզրափակեց քաղաքագետը։
Ալիտա Եղիազարյան

Русский