Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ռուսաստանում գրեթե բենզին չկա, այն կթանկանա՞ Հայաստանում

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով էներգետիկ ենթակառուցվածքների հետ խնդիրներ և վառելիքի որոշ պակաս է առաջացել, սակայն պնդել է, թե իրավիճակը «կրիտիկական չէ»։

«Մենք հիմա որոշակի պակաս ենք նկատում, բայց այն կրիտիկական չէ»,- ասել է Պուտինը։

Տեսանյութեր են տարածվում, որ ՌԴ-ում մեծ հերթեր են՝ բենզին լցնելու համար, բենզինի դեֆիցիտ կա, մարդիկ վախեցած են, չգիտեն ինչ անեն։

Այս ֆոնին ի՞նչ դրություն է աշխարհում, արդյո՞ք նման իրավիճակը կարող է ազդել ՀՀ-ում բենզինի գնի վրա․ MediaHub-ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Այս պահին Ռուսաստանը բենզինի խնդիր ունի, հատկապես խոշոր քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, քանի որ այդ շրջանների նավթավերամշակման գործարանները ռմբակոծության են ենթարկվել և նաև պաշարները, նույնպես, որոշակի կրճատվել են։ Սա հանգեցրել է նրան, որ մատակարարումները Մոսկվայում և խոշոր քաղաքներում բավականին ուշանում են, կրճատվում են, հերթեր կան, նույնիսկ առանձին դեպքերում, սահմանափակում են բենզինի վաճառքն անգամ 20 լիտրով, 10 լիտրով և այլն, նպատակ ունենալով, որ վերավաճառք չիրականացվի և այլն»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետը մեր մասով նշեց, որ Հայաստանն իր էներգակիրների մի զգալի մասը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնությունից, մասնավորապես, անցած տարի ՀՀ-ն, մոտավորապես, 56000 տոննայի բենզին է ձեռք բերել Ռուսաստանից, իսկ նախկինում ավելի շատ էր ձեռք բերում։ Այժմ ավելացել են Ռումինիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից բենզինի ձեռքբերումները։

«Այսինքն, Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակումը կարող է ազդել Հայաստանի վրա, մենք պետք է փորձենք այդ 56000 տոննան ձեռք բերել Ռումինիայից, Բուլղարիայից, Եգիպտոսից կամ պետք է այլընտրանքային մատակարարումներ գտնենք։ Օրինակ՝ Իրանն ինքն է ներկրում բենզին Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես բենզինը ներկրում է Ռուսաստանից, և այլ երկրներից, այսինքն, մենք պետք է փորձենք այլ երկրներից ձեռք բերել»,- ասաց նա։

Մեր հարցին, թե արդյո՞ք եթե այսպես շարունակվի, փաստացի, բենզինի գինը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ընդհանրապես աշխարհում կբարձրանա, տնտեսագետը նշեց․ «Ռուսաստանի բենզինի բացակայությունը չի կարող ազդել համաշխարհային շուկայի գների վրա, կարող է ազդել այն երկրների գների վրա, որոնք ներկրում են Ռուսաստանից։ Հայաստանի պարագայում մոտ 30- % ն է, և այդ 30 %-ը հայկական կողմը կարող է դիվերսիֆիկացնել և բերի դարձյալ այլ երկրներից։ Չի կարող Հայաստանում գները, ենթադրենք, համաշխարհային գնից 2 անգամ բարձր լինել։ Հայկական կողմը պետք է ուղղակի փորձի ավելացնել ներկրման ծավալները, կարող է, անշուշտ ներկրման հետևանքով որոշակի տրանսպորտային ծախսերի կամ այլ հանգամանքով պայմանավորված որոշակի գնի բարձրացում լինել, բայց ընդհանուր առմամբ մեծ գլոբալ բարձրացումներ չեն սպասվում։ Հիշեցնեմ, որ նաև անցած տարի ԵԱՏՄ շրջանակներում որոշում կայացվեց, որ ԵԱՏՄ երկրները կարող են 3-րդ երկրներից վառելիք ներկրել առանց մաքսատուրքի, ինչպես Ռուսաստանից էին ներկրում։ Նախկինում 3-րդ երկրներից վառելիք ներկրելու համար 5 % մաքսատուրք կար»։

Նա հավելեց, որ այս պահին ՀՀ-ում բինզինի գինը նույնն է, որևէ կտրուկ կամ զգալի տատանում չի նկատվում։

Մարիաննա Արամյան

Send