Այսօր նաև «Հայաստան» դաշինքն է հանդես եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով մանդատները վերցնելու մտադրության մասին։
Դաշինքը նշել է, որ Սահմանադրական դատարանի վճռից հետո անհրաժեշտ է համարում ներկայացնել պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ պնդելով, որ «Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»։
«Հայաստան» դաշինքն ընդգծել է, որ պատգամավորական կարգավիճակը իրենց համար պաշտոն կամ հարմարավետություն չէ, այլ լրացուցիչ գործիք, իրավական ու քաղաքական գործիքակազմ և ամենօրյա հակազդեցության հնարավորություն։
Հայտարարության մեջ նշվել է, որ խորհրդարանում ներկայացվածությունը դիտարկում են որպես քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման, լուծումներ առաջարկելու, ինչպես նաև հանրային և միջազգային դերակատարների հետ կապերի ամրապնդման գործիք։ «Գիտակցելով մեր պատասխանատվությունը հայրենիքի և ընտրողների առջև՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ, որը, քաղաքական դիմադրության առաջնագծում, պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը»,- ասված է հայտարարությունում։
Երեկ էլ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն էր հայտարարել քաղաքական ուժի կողմից հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները վերցնելու մտադրության մասին։ Կարապետյանի համոզմամբ՝ որպեսզի Հայաստանում տեղի ունենա փոփոխություն, պետք է երկու կարևոր բան՝ փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Օրենսդիրի ու փողոցի համակցության արդյունքում, ըստ Նարեկ Կարապետյանի, կլինի լեգիտիմ ու խաղաղ փոփոխություն․․․ «Իհարկե դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր ու վերջանական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում մեծ փոփոխության հնարավորություն։ Պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք դա»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը՝ հայտնելով, որ ուժի ներսում ընդհանուր համոզում կա, որ ճիշտը ուժի կողմից մանդատները վերցնելն ու ներկայացվածությունն է ԱԺ-ում, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի նաև փողոցային պայքարը»։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով են անցել երեք քաղաքական ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ԿԸՀ-ի բաշխմամբ՝ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։ Եթե մինչև ՍԴ դատարանում ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը հստակ չէր՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կվերցնե՞ն մանդատները և ինչպիսի՞ խորհրդարան այնուամենայնիվ կձևավորվի, ապա այժմ պարզ է, որ ունենալու ենք լիարժեք՝ 105 պատգամավորից բաղկացած խորհրդարան, որում ներկա են լինելու ընտրությունների շեմը հաղթահարած բոլոր ուժերը։
MediaHub-ը փորձեց պարզել, թե ընդդիմադիր և իշխող քաղաքական ուժերի ո՞ր ներկայացուցիչները կընդգրկվեն խորհրդարանի կազմում և կձևավորեն երկրի օրենսդիր իշխանությունը։
«Հայաստան» դաշինքը, որի կազմում են նաև «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Առաջ» կուսակցությունները, պատգամավորական թեկնածուների ցանկի առաջին եռյակում ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին, Իշխան Սաղաթելյանին, Աննա Գրիգորյանին։ Նշենք, որ օրենքի պահանջով՝ քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուների ցուցակի յուրաքանչյուր երրորդը պետք է կին լինի։ Այդ սկզբունքով դաշինքի երրորդ պատգամավորի թեկնածուն Աննա Գրիգորյանն է։ Ամենայն հավանականությամբ՝ այս անգամ ևս դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը մանդատ չի վերցնի։ Նախորդ ընտրությունների ժամանակ էլ դաշինքի ցուցակը նա էր գլխավորում, սակայն ընտրություններից հետո նա չվերցրեց մանդատը՝ պատճառաբանելով, թե ինքն ավելի շատ գործադիր իշխանության մարդ է։ Ցուցակի երկրորդ և երրորդ համարները փաստորեն նաև 2021-ի ցուցակով էին պատգամավոր դարձել և մանդատներից չհրաժարվելու դեպքում նրանք կշարունակեն իրենց բնականոն գործունեությունը։
Չորրորդ հորիզոնականում Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու, «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանն է։ Համայնքային ընտրություններում նա ստացել էր ձայների 31.9 %-ը։ Հինգերորդն ու վեցերորդը ցուցակում ՀՅԴ պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Քրիստինե Վարդանյանն են։
Վարդանյանը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, Խաչատրյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի։
Ցուցակում նրանց հաջորդում են ՀՅԴ ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանի թիմից՝ Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, որոնք ևս նախորդ խորհրդարանի պատգամավորներ են։ Լևոն Քոչարյանը պատգամավոր էր դարձել 2023 թվականին՝ ազատվելով կալանքից և զբաղեցնելով ԱԺ «Հայաստան» խմբակցությունից՝ ավելի վաղ մանդատը վայր դրած պատգամավոր Արմեն Չարչյանի տեղը։ Ցուցակի 11-րդ հորիզոնականում նույն խմբակցությունից նախկինում ևս պատգամավոր դարձած ՀՅԴ անդամ Արթուր Սարգսյանն է, որն այս պահին որպես մեղադրյալ ներգրավված է Բագրատ Սրբազանի և մյուսների քրեական գործում ու գտնվում է տնային կալանքի տակ։ Նրան արդեն մեկ անգամ զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից՝ քրեական գործի շրջանակներում։ Սակայն դա Արթուր Սարգսյանին չի զրկել ևս մեկ անգամ պատգամավորի թեկնածու դառնալու հնարավորությունից։ Հայտնի չէ՝ կվերցնի՞ ՀՅԴ ներկայացուցիչն այս անգամ պատգամավորական մանդատը, թե տեղը կզիջի ցուցակով հաջորդ թեկնածուին։ Ամեն դեպքում չի բացառվում, որ քրեական գործի շրջանակում նրան նորից զրկեն անձեռնմխելիությունից, բայց նա մանդատը պահպանի, ինչպես հիմա։
Արթուր Սարգսյանին հաջորդում է նրա կուսակից, նորից ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Առաջիկա հինգ տարիներին նա կշարունակի պատգամավորական իր գործունեությունը։ Ռոբերտ Քոչարյանի՝ մանդատ չվերցնելու դեպքում պատգամավորների ցուցակում 13-րդ հորիզոնականում ընդգրկված Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը կեզրափակի «Հայաստան» դաշինքի խորհրդարանում ներկայացված պատգամավորների կազմը։ Ցուցակով նրան հաջորդում է նախորդ խորհրդարանում իր ակտիվ գործունեությամբ աչքի ընկած պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը կկարողանա նոր խորհրդարանում հայտնվել միայն ցուցակով իրեն նախորդող թիմակիցներից մեկի՝ մանդատ չվերցնելու դեպքում։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից, որը բաղկացած է «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցություններից, ըստ նրանց ընտրական ցուցակի՝ պատգամավորական մանդատ ստացող հնարավոր 29 թեկնածուների առաջին հնգյակում են «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, սահմանադրաիրավական ոլորտի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանը և Գոհար Մելոյանը, որոնք նախորդ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքից էին պատգամավորի թեկնածուներ առաջադրվել։ Ի դեպ, այն ժամանակ այդ դաշինքով խորհրդարան անցած Արամ Վարդևանյանը մեկ տարվա պատգամավորական գործունեությունից հետո 2022 թվականի նոյեմբերին վայր դրեց մանդատը՝ հայտարարելով, որ վերադառնում է փաստաբանական համայնք։
Ընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն այս պահին ԿԸՀ-ի կողմից պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանն է, որի դեմ ընտրակաշառքի գործով քրեական գործ է հարուցվել։ Ռուբեն Մխիթարյանը եզրափակում է ցուցակի առաջին հնգյակը։ Հաջորդ հորիզոնականում Արեգա Հովսեփյանն է։ Վանաձորի ընտրված քաղաքապետ և քրեական գործով տևական ժամանակ կալանքի տակ գտնված Մամիկոն Ասլանյանը նույնպես կանցնի խորհրդարան՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր։ Նրա հետ խորհրդարան անցնելու հավանականություն ունեն Ավետիս Առաքելյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը (չխառնել «Պատիվ ունեմ» դաշինքի ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ), Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Հայկ Ֆարմանյանը, Լիլիա Շուշանյանը, Գրիշա Թամրազյանը, Արթուր Դանիելյանը, Լիանա Գասպարյանը, Վաղինակ Վարդանովը, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը, Լիանա Մանուկյանը, Հարություն Մնացականյանը, Վրույր Այվազյանը, Սյուզաննա Ավետիսյանը, Հարություն Հարությունյանը և Շիրազ Մանուկյանը, որը մինչև «Ուժեղ Հայաստանին» անդամագրվելը Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի անդամ էր։
Ինչ վերաբերում է ԱԺ ամենախոշոր խմբակցությանը՝ «Քաղաքացիական պայմանագրին», ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված կառավարության անդամների Կառավարություն վերադառնալու պարագայում խմբակցության պատգամավորական կազմը գրեթե չի փոխվի։ Միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնն այժմ կստանձնի ԱԺ նախկին փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը կընտրվեն ԱԺ փոխնախագահներ, փոխարինելով Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին, որը ընդհանրապես ներկայացված չէ ՔՊ ընտրական ցուցակում։
Պատգամավորական ցուցակի հինգերորդ հորիզոնականում ընդգրկված Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է մանդատից հրաժարվելու իր որոշման մասին, ուստի նրան կփոխարինի ցուցակով հաջորդ թեկնածուն։ Լիլիթ Մակունցի թեկնածությունը դեռ վիճելի է, չի բացառվում, որ նրան կառավարությունում պաշտոն առաջարկեն։ Մեծ հաշվով իշխող թիմի պատգամավորական կազմում ակնառու փոփոխություններ չեն սպասվում։ Միայն թե ՀՀ քաղաքացիները կզրկվեն այդ թիմից անջատված Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի ներկայացվածությունից, որոնք ավելի շուտ կշարունակեն գործել որպես արտախորհրդարանական ընդդիմություն։
Թագուհի Ասլանյան

Русский