Նկարը գեներացված է ԱԻ-ով
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է սրվել՝ ուղեկցվելով փոխադարձ կոշտ հայտարարություններով և ռազմական գործողություններով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Կասպից ծովում ոչնչացվել է իրանական նավատորմը՝ ընդգծելով, որ Իրանը ներկայում չունի ոչ ուրանի հարստացման, ոչ էլ բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորություն։ Նրա խոսքով՝ Իրանի փորձերը՝ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը Հորմուզի նեղուցի հնարավոր փակմամբ, հաջողություն չեն ունենա, իսկ Իսրայելն իր ձևով աջակցում է ԱՄՆ-ի ջանքերին՝ ապահովելու նեղուցի բաց լինելը։ Միևնույն ժամանակ, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել միայն Իրանի գազային ենթակառուցվածքներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով ապագայում պատրաստ է խուսափել նմանատիպ գործողություններից։
Իրանի կողմից նույնպես հնչել են կոշտ հայտարարություններ։ Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Երուսաղեմում Իսրայելի ազգային անվտանգության նախարարությանը և Թել Ավիվում գտնվող 13-րդ ալիքի գրասենյակին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ Իսրայելի հարվածներին Իրանի պատասխանը եղել է սահմանափակ և համաչափ՝ միաժամանակ զգուշացնելով, որ ենթակառուցվածքների վրա հարձակումների շարունակման դեպքում զսպվածություն չի լինի։
Միջազգային արձագանքները ևս շարունակվում են։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ թե՛ Իրանի դեմ հարձակումները, թե՛ Իրանի պատասխան գործողությունները անընդունելի են, քանի որ դրանք խորացնում են հակամարտությունը և վտանգում տարածաշրջանային կայունությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կոչ է արել անցնել դեէսկալացիայի՝ ընդգծելով, որ տարածաշրջանը մտնում է կարևոր կրոնական փուլ, և անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը՝ հնարավորություն տալով հասնել բանակցային լուծումների։
Այս լարված ֆոնին Իրանում ներքին անվտանգության միջոցառումները ևս խստացվում են, 178 մարդ է ձերբակալվել՝ Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով։ Ըստ նույն աղբյուրի՝ ձերբակալվածները իսրայելական կողմին փոխանցել են Կարմիր մահիկի կենտրոնների և հսկիչ-անցագրային կետերի կոորդինատներ, ինչպես նաև տարբեր օբյեկտների լուսանկարներ՝ հնարավոր հարվածները ճշգրտելու նպատակով։
Ընդհանուր առմամբ, իրավիճակը մնում է չափազանց լարված, իսկ միջազգային դերակատարները շարունակում են զսպվածության կոչ անել՝ փորձելով կանխել լայնամասշտաբ էսկալացիան։
Ալիտա Եղիազարյան

Русский