Փաստաբան Վահան Հովհանիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տարիներ առաջ ՀՀ բոլոր դատարաններում տեղադրվել էին «Դատալեքս» հանրային տեղեկատվական կրպակներ, որոնք հնարավորություն էին տալիս ստանալ տեղեկատվություն ընթացիկ և ավարտված դատական գործերի մասին, գտնել ՀՀ օրենքներ և այլ իրավական ակտեր:
«Այս կրպակների միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող էր անվճար գտնել և ծանոթանալ դատարաններում ընթացող դատավարությունների, գործի և դահլիճի համարների, գործը դատարան մուտքագրելու ժամանակի, վարույթ ընդունելու օրվա, ամսաթվի, դատավորի և կողմերի մասին տեղեկատվության»,- գրել էր փաստաբանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ թեև այս սարքերը առ այսօր գտնվում են դատարններում, սակայն դրանցից և որևէ մեկը չի աշխատում։
Իսկ ինչո՞ւ չեն աշխատում այդ սարքերը, ո՞վ պետք է զբաղվի դրանց վերանորոգմամբ. MediaHub-ը փորձեց ճշտել Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Ի պատասխան մեր հարցի՝ դեպարտամենտից հայտնեցին՝ «Դատալեքս» տեղեկատվական կրպակները և դրանց համապատասխան մեծ մոնիտորները ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից դատարաններում տեղադրվել են 2010-2012 թվականների ընթացքում՝ այդ ժամանակահատվածին բնորոշ ոլորտային կարիքները բավարարելու նպատակով:
Այդ տարեթվերին datalex.am կայքը լայնորեն հասանելի չէր հասարակությանը՝ պայմանավորված ինտերնետ կապի, էլեկտրոնային սարքավորումների սղությամբ, իսկ այդ կրպակների նպատակն էր արտացոլել datalex.am կայքի բովանդակությունը, հնարավորություն ընձեռել քաղաքացիներին օգտվել կայքից:
Կրպակներն ունեին նաև պետական տուրքի ընդունման և փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրման (օրինակ՝ վճռի պատճենը) հնարավորություն, որը պրակտիկայում չի գործածվել:
«Սկզբնական փուլում կրպակներն աշխատել են ըստ նպատակի՝ բացառությամբ պետական տուրքի ընդունման հնարավորութան և փաստաթղթերի կրկնօրինակների տրամադրման, իսկ մոնիտորների վրա մշտապես արտացոլվել է (վազող տող) տվյալ օրվա դատական նիստերի ժամանակացույցը: Դատալեքս տեղեկատվական կրպակները տեղադրման պահից գործել են առավելագույնը մեկ տարի, հետագայում խափանվելու և սպասարկման ծառայություն չունենալու պատճառով սկսել են չաշխատել, ինչպես նաև datalex.am կայքից օգտվելու մատչելության մակարդակի բարձրացմամբ պայմանավորված դուրս են եկել շահագործումից»,- հավելեցին Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։
Մեզ նաև հայտնեցին, որ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 582-Ն որոշման համաձայն 2019 թվականի հունիսի 15-ից դադարեցրել է գործունեությունը:
Փաստացի, դատարանների շենքում գտնվող այդ կրպակները ոչնչի պետք չեն, ոչ աշխատում են, ոչ էլ վերանորոգելու ցանկություն կա, ուղղակի ոչ ոք ժամանակ չունի դրանք տարածքից հեռացնելու։
Էմմա Մարտիրոսյան

Русский