Երեկ MediaHub-ը նյութ էր պատրաստել «Վեոլիա ջուր» ընկերության՝ մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածի համար սահմանած ջրամատակարարման վերանայված ժամանակացույցի վերաբերյալ։ Ըստ այդ ժամանակացույցի՝ նախատեսվում էր չորս ամիս, այդ թվում ամառվա շոգ ամիսները, Երևանի բոլոր վարչական շրջաններում 17-ժամյա գրաֆիկով ջուր մատակարարել բոլոր բաժանորդներին՝ առավոտյան 7-ից մինչև գիշերվա 12-ը։ Իսկ մարզերում ջրամատակարարման սահմանափակումներն ավելի խիստ գրաֆիկով էին սահմանվել՝ ընդհուպ 5 ժամ ջրամատակարարման սահմանափակմամբ։
Ընկերության այդ որոշումը հանրային դժգոհություն էր առաջացրել․ բողոքում էին ոչ միայն բնակիչները, այլ նաև տնտեսվարողները, որոնց աշխատանքը շուրջօրյա է և անգամ գիշերով ջրի անհրաժեշտություն են ունենում։ Նաև մարզերի բնակիչներն էին փորձում ընկերությանը բացատրել, որ ամռան տապ ամիսներին, մանավանդ գյուղատնտեսության համար այդքան կարևոր ժամանակահատվածում ջրամատակարարման ընդհատումները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ գյուղատնտեսական, հողերի ոռոգման, սանիտարահիգիենիկ։ Ի դեպ, այսօր արդեն որոշ տնտեսվարողների հետ զրույցում տեղեկացանք, որ նրանք շտապել են ջրի պաշարման համակարգեր ձեռք բերել, որպեսզի ամռանն իրենց բիզնեսը չտուժի և կարողանան շուրջօրյա ջուր ունենալ։
Հայաստանի բնակչության շրջանում նման անհագնստություն ու խուճապ տարածելուց հետո «Վեոլիա ջրի» պարզաբանումից ժամեր անց հայտարարություն տարածեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ տեղեկացնելով, որ ջրամատակարարման ժամանակացույցը նաև խնդրահարույց ամիսների համար կշարունակի մնալ նույնը։ Ըստ ՏԿԵ նախարարի հայտարարության՝ կառավարությունը ևս «Վեոլիա» ընկերության սահմանած գրաֆիկը խնդրահարույց է գնահատել և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, ՀԾԿՀ-ի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ։ Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ջրամատակարարման կառավարիչ ընկերությունը նման հնարավորություն ուներ լավարկելու այս տարվա ժամանակացույցը, ապա ինչու էր հապշտապ որոշում կայացրել ջրամատակարարման մեծածավալ սահմանափակումների վերաբերյալ։
Եթե ըստ Դավիթ Խուդաթյանի վերջին տարիներին եռապատկված ծավալով կապիտալ աշխատանքներ են իրականացվել թե՛ Երևանում, թե՛ մարզերում գործող ենթակառուցվածքների արդիականացման, թե՛ նոր հայտնաբերված աղբյուրների միջոցով դեպի Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ, ապա ինչո՞վ է պայմանավորված այս տարվա համար ավելի վատթարացած ժամանակացույցի սահմանումը։ Ի վերջո, ընկերությունը երեկ տարածած պարզաբանմամբ ներկայացրել էր, թե դրա համար մի քանի հիմնավորված պատճառներ են առկա։
Ընկերությունը ջրամատակարարման կրճատումը պայմանավորել էր ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազմամբ և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճով: Պարզաբանման մեջ նշվում էր, որ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի կորուստները։ Նշված էր նաև, թե ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ջրի ֆիզիկական կորուստների նվազեցմանը, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Ինչի մասին հայտարարել է նաև ՏԿԵ նախարարը, որը, ի տարբերություն «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության, այդ ներդրումային ծրագրերը արդյունավետ է գնահատել համակարգն արդեն իսկ բարելավելու առումով։
Դավիթ Խուդաթյանի հայտարարությանը եթե հավատանք, ապա պետք է վստահորեն ասենք,որ «Վեոլիա» ընկերությունը, խոսելով ջրաղբյուրների ջրատվության նվազման մասին, միտումնավոր չի նշել, որ նոր աղբյուրներ են հայտնաբերվել, որոնք ամենայն հավանականությամբ ծածկում են այդ դեֆիցիտը, հետևաբար ջրի աղբյուրների սպառման մասին պնդումները հիմնավորված չեն։ Ինչպես և տեխնիկական հնարավորությունների վրա հղում անելը, քանի որ կառավարության ներկայցուցիչը նշել է ենթակառուցվածքներն արդիականացնելու, բարելավելու և հետևաբար ավելի արդյունավետ դարձնելու մասին։ Ինչը նաև պետք է լուծեր կառուցապատման աննախադեպ ծավալների պատճառով ջրի սպառողների թվի ավելացման խնդիրը։ Երբ այս երկու հայտարարությունները կողք կողքի ես դնում, դրանցում առկա հակասությունները տարակուսանք են առաջացնում, թե ո՞վ է փորձում մոլորեցնել սպառողներին՝ կառավարությո՞ւնը, թե՞ մասնավոր ընկերությունը։
Միայն Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ այցեր կատարելով կարելի է արձանագրել «Վեոլիա» ընկերության աշխատանքի բազմաթիվ թերացումներ, օրինակ, որոշ փողոցներում մշտապես արտահոսող ջրերի առկայությունը, ինչը նպաստում է մեծ ծավալներով ջրային կորուստների։ Օրինակ՝ Օրբելի եղբայրների փողոցի երկայնքով մի քանի տեղերում խողովակների վնասված լինելու հետևանքով մայթերն ու փողոցները մշտապես ողողված են ջրով։ Ձմռան ցուրտ ամիսներին ջուրը սառչում և այդ հատվածներն անանցանելի է դարձնում։ Ձնհալից հետո էլ «Վեոլիան» չի շտապում վերացնել խնդիրը տարիներ շարունակ՝ թույլ տալով, որ ջուրը զուր հոսի ու կորչի։ Բոլորս ենք ականատես եղել, թե հորդառատ անձրևների ժամանակ ինչպես է Երևանը վերածվում փոքր Վենետիկի, անձրևաջրերը հեղեղում են կենտրոնական փողոցները, լցվում գետնանցումները, դժվարավցում մարդկանց տեղաշարժը, մեծ վնաս հասցնում գետնանցումներում առևտրային կետերի տնտեսվարողներին։ Իսկ պատճառը խցանված հեղեղատարներն են, որոնք մաքրելու պարտավորությունը ևս այս մասնավոր ընկերությանն է։ Բացի այդ, վերջին տարիներին հատկապես ամռան ամիսներին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հաճախ են չնախատեսված ջրանջատումներ լինում անորոշ ժամանակով, որից առաջ սպառողներին անգամ չեն զգուշացնում, կամ ջրանջատումների մասին նախազգուշացումները հրապարակվում են արդեն ջրամատակարարումը դադարեցնելուց հետո։ Սպառողները չեն հասցնում ջուր պաշարել։
Ընկերության անբարեխիղճ աշխատանքի և սպառողների իրավունքների բազմաթիվ ոտնահարումների մասին բարձրաձայնումները չեն զգաստացրել ընկերությանը և ոչ էլ պետական իրավասու կառույցներն են ընկերության նկատմամբ որևէ գործընթաց սկսել։ Հակառակը, խախտումներն ավելի հանդուգն են դարձել, իսկ կառավարությունը ընկերության հանդեպ շարունակել է նույն խրախուսական վերաբերմունքը։ Տպավորություն է, թե ընկերությունը կառավարության «լյուբիմչիկների» ցանկում է և ցանկացած խախտում ներվում է։ Ավելին, մեր նախորդ հրապարակման մեջ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ութ տարվա ընթացքում կառավարությունը ֆրանսիական ընկերության հետ 52 համաձայնագիր է ստորագրել, որոնցով տարատեսակ արտոնություններ է տվել նրան, ներել այս կամ այն ներդրումային չկատարված պարտավորությունները։ Անգամ աուդիտորի կողմից սահմանված տուգանքներն են ներվել, ինչպես փաստում է Արփինե Հովհաննիսյանը։
Զարմանալի չէ, որ նման անպատժելիության պայմաններում «Վեոլիա ջուր» ընկերությունն ավելի ու ավելի է թերանում պայմանագրերով ստանձնած իր պարտավորություններում։ Հիմա էլ կառավարությունը շտապեց օգնության հասնել ընկերությանը՝ հայտարարելով, թե ջրամատակարարման վերանայված ժամանակացույցը չեղարկվել է և ընկերությանը փրկեց հերթական հասարարկական պարսավանքից՝ ամենայն հավանականությամբ վստահ լինելով, որ ընկերությունը չի արդարացնելու ժողովրդին տված իր խոստումները։ Դա երևի այս պահին կարևոր էլ չէ իրենց համար, քանի որ, ամենայն հավանականությամբ, Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը պարզապես նախընտրական սիրաշահում է հայ ժողովրդին, ցուցադրություն, թե կառավարությունը սպառողների շահերը վեր է դասում անգամ իր սիրելի տնտեսվարողների հանդեպ տածած յուրահատուկ վերաբերմունքից։ Պատահակա՞ն էր ՏԿԵ նախարարի անդրադարձը ճիշտ այն պահին, երբ կառավարության ղեկավարը հայտարարեց թոշակները ապրիլի մեկից 10 000 դրամով բարձրացնելու մասին, կամ հայտարարագրման համակարգը վերանայվեց` ավելի մեղմ պայմաններով։ Նախընտրական այս ժեստով, նկատենք, որ նորից ընկերության թերի աշխատանքի դիմաց որևէ պատասխանատվություն չսահմանվեց, ինչն էլ ի ցույց է դնում, որ կառավարության մտադրությունները ջրամատակարարման որակը բարձրացնելու ուղղությամբ ամենևին էլ անկեղծ չեն։
Թագուհի Ասլանյան

Русский