Ստեփանակերտի սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին ադրբեջանական վանդալիզմի հերթական զոհը դարձավ։ Այս մասին ահազանգում է Արցախի Մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը՝ ադրբեջանական որոշ տեսանյութեր դիտելուց հետո, որտեղ ակնհայտ է, որ եկեղեցու գտնվելու վայրում այն այլևս չկա։ Դա են վկայում նաև տիեզերքից արված լուսանկարներն ու քարտեզները։ Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը Հայ առաքելական սուրբ եկեղեցու մայր տաճարն է Արցախի Հանրապետությունում։ Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Եկեղեցին օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին։ Հիմնարկեքը կատարվել է 2006 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
Օրեր առաջ նաև տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցի քանդարարները հողին են հավասարեցրել նաև Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող սուրբ Հակոբ եկեղեցին, որը կառուցվել է 2007 թվականին: Ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները:
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակը Արցախում հայկական եկեղեցիների կանխամտածված ոչնչացումը Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի ոտնահարում է համարում՝ մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի՝ «լուրջ խախտում» է, որը, որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հայկական եկեղեցիների ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նման վանդալիզմը հատուկ է Ադրբեջանին, որը հայկական մշակութային ժառանգության դեմ ոտնձգություններ է իրականացրել դեռ 1960-ական թվականներին Խորհրդային իշխանության տարիներին։ Հիմա ավելի սանձարձակ կերպով է դա անում։
«Իլհամ Ալիևի իշխանության առաջին տարիներին ոչնչացվեցին Նախիջևանի խաչքարերը։ Այդ քաղաքականությունն այսօր Արցախում է իրագործվում։ Վերջին զոհը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Եկեղեցիներից բացի Արցախում նաև ամբողջական բնակավայրեր են ոչնչացվում։ Նպատակը այդ հողի վրա առնվազն 5 հազարամյա հայկական հետքի ոչնչացումն է, մեր պատմական լանդշաֆտի փոփոխությունը։ Եթե չի էլ վերացնում եկեղեցին, ապա աղավաղվում է տեսքը և հայտարարվում, որ այն հայ ազգի, հայկական մշակույթի հետ որևէ կապ չունի։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին աղավաղեցին և հայտարարեցին ուղղափառ եկեղեցի, որովհետև այն 19-րդ դարում է կառուցվել, չէին կարող աղվանական հռչակել։ Բայց Ղազանչեցոցի հարևանությամբ կառուցված Սուրբ Մկրտիչ Կանաչ ժամը ոչնչացրեցին։ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը աղվանական կհռչակեն, արձանագրությունները կքերեն դրանց վրայից ու եկեղեցիների տեսքը կաղավաղեն։ Կամ գուցե դրանք էլ ոչնչացնեն»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ սովորաբար Արցախում նոր կառուցված եկեղեցիներն են հողին հավասարեցնում՝ պատճառաբանելով, թե Արցախի ազատագրումից հետո կառուցված հոգևոր պաշտամունքային կառույցներն իբրև անօրինական են։ Բայց Ստեփանակերտի պատմական թաղամասում կային 19-րդ դարավերջի և 20-րդ դարի տներ, որոնք նույնպես ոչնչացրել են. «Ադրբեջանցիների որոշումներն ու քայլերն անկանխատեսելի են, ինչ ուզում, այն էլ անում են՝ անցնելով կարմիր գծերը, և ոչ ոք նրանց ձեռքը չի բռնում, ոչ ոք չի սաստում Ալիևին։ Միայն հասարակական որոշ կազմակերպություններ, նվիրյալ անհատներ ու ակադեմիական շրջանակներ են պարբերաբար ահազանգում, հայտարարություններ անում, գիտական զեկույցներով հանդես են գալիս։ Բայց պետական քաղաքականություն չկա այդ մշակութային արժեքների հետ կապված»։
Մեր զրուցակիցը մտահոգված ասում է՝ Հայաստանի իշխանությունները մոռացել են Արցախի մասին, ուր մնաց Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման մասին խոսեն։ «Կարծես թե դրանք հայկական մշակույթի հետ բացարձակ կապ չունեն։ Ուստի լուռ է նաև միջազգային հանրությունը, որովհետև պետական մակարդակով Հայաստանից ոչ ոք նրանց չի դիմում, ոչ ոք չի ահազանգում ու քայլեր չի ձեռնարկում, որպեսզի հերթական վանդալիզմը կանխվի։ Հակառակը, իրենց լռությամբ ՀՀ օրվա իշխանությունները միայն խրախուսում են Ալիևի նման պահվածքը՝ նրա համար կանաչ լույս վառելով»։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ու դիտարկմանը, որ Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Արցախում և եկեղեցիներ է հիմնահատակ ավիրում, սա՞ է խաղաղությունը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ վարչապետն է, իրեն մտահոգում են միայն ՀՀ տարածքում գտնվող պատմամաշակութային հուշարձանները, որոնցից որոշները կիսավեր են։
Թագուհի Ասլանյան

Русский