Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եկեղեցու վրա հարձակումը սարերի հետևում չէ. Փաշինյանի այսօրվա հայտարարության հետքերով

Blog Image

Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականները հայտարարագիր չեն լրացնում․ այսօր նման հարցադրում է արել Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցուն վերաբերող հատվածը։

Թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է կրոնագետ Վարդան Խաչատրայանի հետ՝ հասկանալու, թե ինչ հիմքեր ունի եկեղեցու հարկման հարցը, և ինչ հետևանքներ կարող է այն ունենալ։ Կրոնագետի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, և դրա ֆինանսական բնույթը չի սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով։

«Համաշխարհային կառույց է Հայոց առաքելական եկեղեցին, և ելնելով դրանից՝ այն կարող է ունենալ նվիրատվություններ, որոնք կարող են վերաբաշխվել նույնիսկ արտասահմանում»,- նշեց Խաչատրյանը։

Անդրադառնալով պետություն–եկեղեցի տարանջատման սկզբունքին՝ նա ընդգծեց, որ Հայաստանի դեպքում եկեղեցու հարկումը կարող է հակասել այդ սկզբունքին։

«Հայաստանի դեպքում՝ այո, սակայն խոսքը չի վերաբերում լոկալ եկեղեցիներին, ինչպիսիք կան Եվրոպայում»,- պարզաբանեց կրոնագետը։

Ըստ կրոնագետի՝ նման նախաձեռնությունը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ՝ սկսած տնտեսականից, ավարտված քաղաքականով։


«Կարող է լինել ֆինանսական պատճառ՝ բյուջեն համալրելու համար, կարող է արվել եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով, ինչը ճիշտ չէ և կարող է հակասություններ առաջացնել եկեղեցի–պետություն հարաբերություններում»,- նշեց Խաչատրայնը։

Հարցին՝ արդյո՞ք հոգևորականները պետք է ունենան նույն հարկային պարտավորությունները, ինչ մյուս քաղաքացիները, Խաչատրայանը պատասխանեց՝ նախ պետք է հասկանալ եկամտի բնույթը։

«Երբ ասում ենք՝ հայտարարագիր լրացնի, պետք է հստակ լինի՝ ինչի՞ հիման վրա։ Եկամտի՞, արտասահմանյան նվիրատվությունների՞։ Սա նույնն է, ինչ կաթոլիկ եկեղեցուն հարկել։ Այդ դեպքում այն չի կարողանա կատարել իր համաշխարհային գործառույթը։ Նույնն է նաև Հայ առաքելական եկեղեցու դեպքում»,- ասաց կրոնագետը։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «ախտահարված է» և առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է նաև այս հարցը լուծի։ Այս հայտարարությանը կրոնագետը վերաբերում է քննադատաբար՝ հարցադրելով դրա տրամաբանությունը։

«Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, և ի՞նչ կապ ունեն պետական ընտրությունները Էջմիածնի հետ։ Կաթողիկոսին ընտրում է ոչ թե Հայաստանի բնակչությունը, այլ համայն հայությունը»,- եզրափակեց խոսքը Խաչատրյանը։

Ալիտա Եղիազարյան

Send