Պուտին-Փաշինյան բանակցությունների բաց հատվածը ավելի քան 20 րոպե էր տևել, երկու երկրների ղեկավարները խոսել էին գրեթե հավասար՝ յուրաքանչյուրը 10-ական րոպե: Ռուսաստանի նախագահը հիշեցնում էր՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի օգուտները, շեշտում, թե գազը ի տարբերություն այլ երկների, Երևանին էականորեն էժան են վաճառում, արդարացնում ՀԱՊԿ-ի լռությունը, երբ Ադրբեջանը Հայաստանի վրա էր հարձակվել: Վերջում էլ հավելում, թե ինքը կուզենար ռուսամետ բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան։
Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունն էր մեջբերում, որ Պուտինին բացատրեր՝ ինչու Ռուսաստանի քաղաքացին չի կարող պատգամավորի, վարչապետի թեկնածու լինել՝ չմոռանալով նաև Ռուսաստանի ղեկավարին պատմել, թե ինչ ժողովրդավար երկիր է Հայաստանը:
Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որոշ շրջանակներում խոսվում էր երկրների հարաբերությունների լարման մասին, տնտեսվարողների հնարավոր սահմանափակումների և այլն։
Ինչպիսի՞ հարաբերություններ կան ՀՀ-ի և ՌԴ-ի միջև, արդյո՞ք ընտրություններից հետո ամենը կարող է փոխվել․ MediaHub-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վիկտոր Սապրիկայի հետ:
«Հարաբերությունները բավականին լարված են։ Հայտարարությունները միշտ չէ, որ կարելի է բարեկամական անվանել, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ մենք աշխատում ենք մի քանի միջազգային ինտեգրացիոն կազմակերպությունների շրջանակներում, պարբերաբար կարծիքներ են արտահայտվում և ընդունվում են որոշակի կարգավորող ակտեր, որոնցում նշվում է, որ Հայաստանն ընտրում է եվրոպական զարգացման տարբերակը և Եվրամիությունը։ Հիշեցնեմ, որ այս դեպքում մենք ունենք որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ տնտեսական, որոնք չեն համապատասխանում Եվրամիության քաղաքականությանը։ Մենք տեսնում ենք տարբեր առաջնորդների քաղաքական հետապնդումներ, նույնիսկ կրոնական հետապնդումներ, այս դեպքում, Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն նմանվում ժողովրդավարական գործընթացների, ընդհանուր առմամբ, որոնք պետք է տեղի ունենային և հայտարարվում են»,- ասաց Սապրիկան։
Ռուս քաղաքագետը նշեց՝ եթե Հայաստանն ընտրի Եվրամիությունը, մենք կտեսնենք կյանքի որակի զգալի անկում, և, սկզբունքորեն, Հայաստանի արդյունաբերական հզորությունը զգալիորեն կնվազի, եթե նա գազ չգնի նման գներով։
«Եթե նայենք մեր ստացած սոցիոլոգիական ուսումնասիրություններին, կտեսնենք, որ սկզբունքորեն և՛ ազգային անվտանգությունը, և՛ գործազրկությունը ամենամեծ մտահոգությունն են հայ բնակիչների համար, ինչպես նաև տնտեսական զարգացումը»,- ասաց նա։
Արդյո՞ք ՌԴ-ն կարող է ազդել ընտրությունների գործընթացի վրա, ռուս փորձագետն ասաց․ «Ռուսաստանը միշտ գործում է սահմանադրական կարգի, իրավական շրջանակներում, և, ընդհանուր առմամբ, մենք նման գործողություններ չենք դիտարկում։ Հնարավոր է՝ մենք պետք է հակառակ հարցը տանք՝ երբ է Ռուսաստանը սկսելու անմիջականորեն ազդել Հայաստանի և քաղաքական գործընթացների վրա։ Մինչև այսօր մենք տեսել ենք պարզապես տնտեսական համագործակցություն և զարգացում մեր քաղաքակրթական մոդելի շրջանակներում՝ առանց լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների վրա ազդեցության»։
Ի՞նչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ, ինչպիսի՞ն կլինեն հայ-ռուսական հարաբերությունները, Սապրիկան ասաց․ «Ավելի խնդրահարույց կլինեն, քանի որ, սկզբունքորեն, խորհրդարանական ընտրությունները հնարավորություն կտան ձևավորել աշխարհաքաղաքական օրակարգը հաջորդ հինգ տարիների համար։ Եվ, իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, կշարունակեն առաջանալ հատկապես պոպուլիստական գործունեության և Եվրամիության հետ կապված հարցեր։ Մենք կսպասենք հարաբերությունների վատթարացման»։
«Բայց առաջին հերթին քաղաքացիները պետք է հասկանան, որ և՛ Ռուսաստանը, և՛ Եվրասիական տնտեսական միության շուկաները Հայաստանին տնտեսական առումով առաջարկում են շատ ավելին, քան որևէ այլ աշխարհաքաղաքական միավոր»,- ամփոփեց խոսքը մեր զրուցակիցը։

Русский