Փետրվարի 23-ին արտակարգ դեպք է գրանցվել Գեղարքունիք մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ծովազարդ բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ընթացքում 14-ամյա Ա. Խ.-ն հարվածել է իր համադասարանցի 14-ամյա Հ. Դ.-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի մասին MediaHub-ը զրուցել է Ծովազարդի վարչական ղեկավար Արամայիս Ենգոյանի հետ, որը տեղեկացրեց՝ միջադեպը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ։
«Երեխաներ են, դասամիջոցի ընթացքում վիճել են։ Թե կոնկրետ ինչից է սկսվել վիճաբանությունը, հստակ ասել չեմ կարող։ Համադասարանցին ձեռքի ափով հարվածել է քթին, ինչի հետևանքով երեխան կոտրվածք է ստացել»,– ասաց վարչական ղեկավարը։
Նրա փոխանցմամբ՝ տուժած երեխան դեռևս չի վիրահատվել, սակայն բժիշկները չեն բացառում, որ հետագայում վիրահատության անհրաժեշտություն կարող է առաջանալ։ «Ասում էին՝ հնարավոր է վիրահատության կարիք լինի։ Այտուցված վիճակ է, խոսքը քթի միջնապատի կոտրվածքի մասին է։ Երբ այտուցվածությունն անցնի, պարզ կդառնա՝ վիրահատության կարիք կա, թե ոչ»,– նշեց Արամայիս Ենգոյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский