Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

5 օր դադա՞ր, թե՞ նոր պատերազմի սկիզբ․ ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում

Blog Image

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է արագ սրվել՝ զարգանալով թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հավանականությունը բավականին բարձր է։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ժամանակավորապես՝ հինգ օրով, հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները՝ փորձելով բացել դիվանագիտական պատուհան, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման շուրջ բանակցությունների համար։ Միաժամանակ, ԱՄՆ-ն զգուշացնում է, որ առաջընթացի բացակայության դեպքում ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հնարավոր է, որ արդեն ապրիլի 9-ին հայտարարվի հակամարտության ավարտի մասին։

Այս ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդգծում է, որ ռազմական գործողությունների ընթացքում ձեռք բերված արդյունքները կարող են վերածվել քաղաքական ձեռքբերումների։ Նրա խոսքով՝ Իսրայելը պատրաստ է համաձայնագրի, սակայն միայն այն դեպքում, եթե լիարժեք ապահովվեն երկրի կենսական շահերը։ Միևնույն ժամանակ, նա հայտնում է, որ շարունակվում են հարվածները Իրանի և Լիբանանի ուղղությամբ՝ ներառյալ հրթիռային և միջուկային ծրագրերի թիրախավորումը։ Իրանն, իր հերթին, կոշտ ազդակներ է հղում՝ հայտարարելով առաջիկա «անակնկալ» գործողությունների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա։ Իրանական աղբյուրները նշում են նաև, որ ԱՄՆ ծրագրերը բախվել են լուրջ խոչընդոտների, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի հարցում։

Մինչ դիվանագիտական հայտարարությունները շարունակվում են, ռազմական գործողությունները չեն դադարում։ Հարվածների տակ են հայտնվել Թեհրանը, Սպահանը և Թավրիզը, կան մարդկային կորուստներ և զգալի ավերածություններ։ Իրանական կողմը հաղորդում է նաև էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ գազատարների թիրախավորման մասին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին․ Թել Ավիվում արձանագրվել են ավերածություններ, իսկ Երուսաղեմում հնչել են տագնապի ազդանշաններ։ Այս լարված իրավիճակում միջնորդական նախաձեռնությամբ հանդես է գալիս Պակիստանը՝ փորձելով երկխոսության սեղանի շուրջ բերել ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին։ Տարածաշրջանային մակարդակում նույնպես նկատվում են լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ քայլեր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ քննարկելով իրավիճակի դեէսկալացիայի հնարավոր ուղիները։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է սպասել պարզաբանումների՝ Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ։

Այս համատեքստում Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ չբացառելով, որ ապագայում եվրոպական երկրները կարող են դեր ունենալ նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման գործում։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը մնում է պայթյունավտանգ․ դիվանագիտական ակտիվությունը նկատելիորեն աճում է, սակայն զուգահեռ ընթացող ռազմական գործողությունները վկայում են, որ հակամարտության հանգուցալուծումը դեռևս անորոշ է։

Ալիտա Եղիազարյան

Send