Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Ավելի ուշ պարզվեց, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Երեխան գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մարտի 16-ից, նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ ծանր: Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ երեխան մահացել է։ Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել էր ֆիզիկական ներգործություն։ Այս մասին MediaHub-ին հայտնել էին դատախազությունից։
Երեկ դատախազությունից նշեցին, որ Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին։
MediaHub-ին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են երեխայի մայրը և հայրը։ Փաստացի, նրանք են թողել երեխային, ինչպես հայտնել էր երեխայի տատը, օտար մարդկանց կողքին։
Երեխայի ընտանիքի պատմությունը բավականին դաժան է․ երեխայի տատը ԶԼՄ-ներին ասել էր, որ այն տունը, որտեղ ողբերգությունը եղել էր, երեխան ոչ մի արյունակից էլ չի ունեցել:
Պաշտոնական հաղորդագրություններում «հայր» անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ, այդ տղամարդը իր մյուս թոռան՝ հնգամյա աղջնակի հայրն է։
Երեխայի մոր չորս երեխաներից երկուսը խնամքի հաստատությունում են, հնգամյա աղջնակը տարեց տատիկների խնամքին էր, այժմ՝ խնամքի կենտրոնում։ Իսկ մայրը տեղյակ չէր, որ իր հնգամյա դստերը տարել են խնամքի կենտրոն։
Երեխայի մայրը նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին էր թողել իր 1 տարեկան 2 ամսական երեխային, որն, ըստ տատիկի, ամուսնու երեխան չէր։ Իսկ ամուսնու զուգընկերուհին երեխայի մոր ընկերուհին է, և երեխայի կենսաբանական մայրը չի հավատում, որ կարող է այդպիսի բան եղած լինել, որ իր ընկերուհին հարվածած լինի։ Նա նշում է, որ հնարավոր է այլ մարդ ծեծած լինի իր երեխային։
MediaHub-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում կդիտարկվի նաև երեխայի կենսաբանական մոր դերն այս քրեական վարույթում, և հնարավոր է պատասխանատվության ենթարկվի։
Մարիաննա Արամյան

Русский