Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Քաղաքականություն

Ադրբեջանի ճնշման պատճառով է Իսրայելը որոշել չներկայացնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի հաստատմանը

Blog Image

Ադրբեջանի ճնշման պատճառով է Իսրայելը որոշել չներկայացնել հունիսի 27-ին Իսրայելի կառավարության կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Քնեսեթի (խորհրդարանի) հաստատմանը, հաղորդել է «Հաարեց» թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին:

«Անցյալ ամիս Իսրայելի կառավարության կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը չի ներկայացվել Քնեսեթում քվեարկության՝ վարչապետի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով», - մեջբերել է թերթը իր աղբյուրին:

Թերթի տվյալներով՝ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից նախաձեռնված խորհրդարանական քվեարկությունը՝ վարչապետի գրասենյակին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի զանգից հետո:

Քնեսեթը պաշտոնապես արձակուրդ է մտել հուլիսի 17-ին՝ Իսրայելում հոկտեմբերի 27-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: «Հաարեց»-ի տվյալներով՝ Իսրայելի կառավարությունը ադրբեջանական կողմին տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանվել է խորհրդարանի օրակարգից:

Իսրայելի արտաքին գործերի նախարարի գրասենյակը «Հաարեց»-ին հայտնել է, որ Նեթանյահուի միջամտության պատճառով խորհրդարանական քվեարկության չեղարկման մասին տեղեկությունները կեղծ են։ «Կառավարությունը որոշում է կայացրել [ճանաչել ցեղասպանությունը], և այն հաստատվել է միաձայն։ Այն չի փոխվի, և սա կարևոր պատմական փաստ է», - թերթը մեջբերել է Սաարի գրասենյակի հայտարարությունը՝ նաև նշելով, որ նախարարի գրասենյակը չի առաջարկել իրադարձությունների այլընտրանքային տարբերակ։

Send