Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին

Blog Image

Երեկ Բաքուն իր  դժգոհությունն էր հայտնել Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթի մասով։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ այն «հակասում է խաղաղության օրակարգին»։

Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը (ինչպես նշված է փաստաթղթում)։ Բաքուն նաև դժգոհ է այս հարցի՝ որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկի սահմանումից։

MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ․ 

«Ընդգծենք, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին»։

Բադալյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որի շուրջ ՀՀ-ԵՄ երկկողմ բանակցություններն, ի դեպ, սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին, ներառում է նաև ապագայի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը, որում արտացոլվում է նաև տարածաշրջանում կայունությունը, բարեկեցությունը և խաղաղությունն ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը:

«Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահայտված աջակցության, ԵՄ-ն ողջունել է ս.թ. օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը։ ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանը և ինստիտուցիոնալիզացմանը»,- նշեց Բադալյանը։

Send