Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է պահպանվել, մինչդեռ Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունները մտնում են նոր փուլ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմում «ԱՄՆ-ն արդեն հաղթել է», սակայն ընդգծել է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են մինչև «գործի լիարժեք ավարտը»։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների առաջին իսկ ժամերին պարզ էր դարձել, թե ինչպես է զարգանալու իրավիճակը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտնել է այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի ավարտել պատերազմը։ Փեզեշքիանը հայտնել է, որ այս պատերազմը հրահրվել է սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից և դրա ավարտելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելու հստակ միջազգային երաշխիքների տրամադրումը։
Հակառակ Իրանի նախագահի խոսքերի՝ Իսրայելում կարծում են, որ այս պատերազմի ավարտը դեռ ժամանակ կպահանջի։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գնահատմամբ՝ դա ոչ թե մի քանի օրվա, այլ շաբաթների հարց է։ Իսրայելի կառավարությունը նպատակ ունի ռազմական գործողությունները ավարտել մինչև հրեական Փեսախ տոնը, որը սկսվում է ապրիլի 1-ի գիշերը։ Սակայն մինչ այդ, ըստ պաշտոնական հաշվարկների, պետք է լուծվի նվազագույն ռազմավարական խնդիրը՝ ոչնչացնել Իրանի հրթիռային հարձակման հարթակները, որպեսզի Իսրայելում կյանքը վերադառնա նախապատերազմական հուն։
Այս ֆոնին փորձագետները չեն բացառում, որ իսրայելաամերիկյան ռազմական գործողությունները կարող են ավարտվել առանց հստակ հաղթողի։ Սակայն նման սցենարի դեպքում շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, դա կգնահատեն որպես Իրանի քաղաքական հաղթանակ։
Ալիտա Եղիազարյան

Русский