MediaHub-ը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ նախորդ ամսվա համար ստացել են 18.000, 19.000, 23.000, 30.000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։
Չնայած բողոքներին, Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարեց․ «Այսօր մոնիտորինգի արդյունքում փաստում եմ՝ եթե ինչ-որ 1 բուժաշխատող ունի անորոշություն կամ որևէ դիտարկում իր աշխատավարձի հետ կապված, դա լոկալ հարց է, որը պատրաստ եմ անհատապես քննարկելու։ Սիրելի բուժաշխատողներ, մենք միասին, անցյալ 2 ամիսների ընթացքում իրար հետ աշխատելով, հասել ենք նրան, որ այսօր հետադարձ կապը թե՛ պոլիկլինիկաների, թե՛ բժշկական կենտրոնների կողմից, այնպիսին է, որ եթե աշխատավարձի ավելացում չի եղել, ապա նույն շրջանակներում է մնացել»։
Այս տեսանյութը տեղադրելով՝ նախարարը բժիշկների բողոքի ձայնի բարձրացումը որակավորեց հետևյալ կերպ․ «Որոշ քաղաքական շրջանակների կողմից չստացված ակցիաներից հետո գործի են դրվել իրենց կցված լրատվամիջոցները` հիմա էլ ակնարկելով ինչ-որ տեռորի մասին. զավեշտալի և անհեթեթ է»։
Բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ նախարարությունից MediaHub-ին ասել էին․ «Աշխատավարձի ամբողջական փոխհատուցումը մինչև մարտի 15-ն է: Դրանից հետո եթե կլինեն դժգոհություններ, կխնդրենք բուժաշխատողներին իրենց անհատական դեպքով և առանց կաշկանդվելու կապ հաստատել մեզ հետ, քանի որ տիկին նախարարը պատրաստակամ է անհատական դեպքը դիտարկել, քննարկել հենց գործատուի` ԲԿ-ի տնօրինության հետ»։
MediaHub-ը կապ հաստատեց բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ՝ հասկանալու՝ ի՞նչ խնդիրներ կան բուժաշխատողների մոտ, արդյո՞ք բժիշկները հույս ունեն, որ ամբողջքական աշխատավարձը դեռ չի փոխանցվել․
«Այսօր գրեթե բոլոր բուժկենտրոններում, մասնավորապես, պետական բուժկենտրոններում, ահաբեկում են բուժաշխատողներին, ստիպում են, որպեսզի ոչ ոք ձայն չհանի, և ասում են՝ համակերպվեք, եթե չեք ուզում՝ դիմում գրեք, դուրս եկեք։ Առողջապահության նախարարն ասում է, որ ինքը որևէ ընդհանուր բան չունի էդ ռեպրեսիվ մեխանիզմների կիրառման հետ, որ ինքը հրահանգ չի տվել բողոքական բժիշկներին ազատել գործից և տնօրեններին չի ասել՝ ամեն գնով ապահովեք, որ բժիշկները լռեն։ Եթե նախարարը նման բան ասի, ես խոստանում եմ, բացահայտել բոլոր տնօրենների անունները, այսպես ասած, հանել ջրի երես, բայց նախարարը թող հանրային կերպով ասի, որ ինքը որևէ առնչություն չունի այդ ռեպրեսիվ մեխանիզմների հետ, որ փոխնախարարը կամ իր աշխատակազմից որևէ մեկը չի զանգում բուժկենտրոններ և ասում՝ լռեցրեք այս բուժաշխատողին կամ լռեցրեք այն մյուս բուժաշխատողին»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ բժշկի՝ աշխատողների գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ նման խոստումներով կերակրելով, որ աշխատավարձի ամբողջական փոխհատուցումը մինչև մարտի 15-ն է։
«Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն իր հարցազրույցում ասել է, որ մարտին բժիշկները կստանան նաև հունվարի փողը, դա արդեն աշխատանքային օրենսգրքի խախտում է, ի՞նչ է նշանակում՝ հունվար ամսվա փողը կստանան մարտ ամսին, դա արդեն աշխատանքային օրենսգրքի խախտում է։ Փորձում են իրենց նախագիծը առաջ տանել, ես ձեզ հավաստիացնում եմ, որ էդ ամենը բացահայտելու եմ և ամբողջ ժողովուրդը տեսնելու է։ Յուրաքանչյուր ամսվա աշխատավարձ մինչև հաջորդ ամսվա 15-ը մարդը պետք է ստանա, և դա գրեթե բոլոր պայմանագրերում նշված է։ Նշված չէ, որ մի ամսվա աշխատավարձը 2 ամիս հետո է ստանալու մարդը»,- ասաց բժիշկը։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ժամը 14:00-ին ՀՀ ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացրած խնդիրների վերաբերյալ:

Русский