Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանին հեշտ է հիստերիայի մեջ գցել, բավական է ասել՝ Արցախի Հանրապետություն

Blog Image

Կառավարության այսօրվա նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Փաշինյան Նիկոլն անթաքույց հայտարարեց, որ այսուհետ Արցախի Հանրապետության անունը տվող կառույցները և Արցախի հիմնահարցի մասին անգամ ակնարկ անող անհատներն անվերապահորեն պատժվելու են կամ բռնաճնշումների են ենթարկվելու։ Նրա խոսքերը բառացի այսպես չեն հնչում, բայց իր արած հայտարարությունների ենթատեքստը հենց դա է նախատեսում։ Ուրիշ ինչպես մեկնաբանել նրա հոխորտալի խոստովանությունը, թե Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պարտադրել է աշխատանքից ազատվելու դիմում գրել այն բանի համար, որ նա համարձակվել է Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել Արցախի հիմնահարցին վերաբերող գիրք և պատմել Սումգայիթի ջարդերի մասին։ 

Նրա գնահատմամբ՝ դա կառավարության արտաքին քաղաքականության դեմ գործողություն է, սադրանք, որը կարող է Արդբեջանի կողմից դիտարկվել որպես պատերազմի կոչ։ Իսկ կառավարության արտաքին քաղաքականությունն այս հարցում այն է, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի։ Կամ նրա քննադատությունը Հայ Առաքելական սուրբ եկեղեցում պատարագների ժամանակ Արցախի Հանրապետության մասին հիշատակման վերաբերյալ, ինչը ևս Փաշինյանը պատերազմի կոչ է համարում։ Զավեշտալի է հնչում, այնպես չէ՞, մանավանդ, որ Փաշինյանը չթաքցրեց՝ իր և իր իշխանության համար փակված է նաև արցախցիների վերադարձի հարցը իրենց հայրենիք, ինչն ի դեպ ամրագրված է միջազգային իրավունքներով և դեռևս հրատապ թեմա է միջազգային շատ ատյաններում։

Փաշինյանը սպառնում է, եթե մենք շարունակենք խոսել վերադարձի թեմայով, Ադրբեջանն էլ նույն թեման է առաջ քաշելու, «դրանք զարգանալու են, բախվեն ու դառնան պատերազմ»։ Եվ էական չէ, որ դրանք ամենևին համարժեք պահանջներ չեն՝ արցախցին իր հայրենիք, բնօրրան վերադառնալու մասին է խոսում, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներում իր նախնիներին երբեմնի հատկացված տներ վերադարձի հարց է բարձրացնում՝ ասելով, թե դրանք հնագույն ադրբեջանական տարածքներ են։

Արցախի կառավարությունը, որը ապաստանել է Հայաստանում, պետական կառույցների ներկայացուցիչները, Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ջանքեր են գործադրում, որպեսզի միջազգային իրավասու կառույցներում շարունակվի քննարկման թեմա մնալ արցախցիների վերադարձի հարցը, և նրանք ի վերջո որոշակի երաշխիքների ներքո կարողանան տեր կանգնել իրենց այդ իրավունքին։ Բայց ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրակարգում բացարձակապես նման թեմա չկա և չի կարող լինել, քանի որ Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեց ՀՀ կառավարության ղեկավարը, ու իրոք փակեց Արցախի հիմնահարցը, նույն կերպ կարող է խոչընդոտել նվիրյալ արցախցիների բոլոր գործողություններին, որոնք ուղղված են վերադարձի հարցը լուծելուն, ջուր լցնել նրանց բոլոր ջանքերի ու հույսերի վրա։

Փաշինյանի հայտարարություններին MediaHub-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը՝ ասելով, որ իշխանությունները ընտրություններին ընդառաջ լուրջ աշխատանքներ են տանում նաև արցախցիներին հեղինակազրկելու և վերադարձի գաղափարն արժեզրկելու ուղղությամբ։ «Վերջերս նորից հայտվել են իշխանությունների արբանյակներ, որոնք Հայաստանի մեր հայրենակիցներին ուզում են ցույց տալ, որ արցախցին հայրենիք ուզող չէ, այլ փող ու կուշտ փորն է նրան հետաքրքիր։ Այդ արբանյակները հիմա ակտիվացել են և փորձում են արժեզրկել այն մարդկանց քայլերը, որոնք փորձում են արցախցիների հիմնախնդիրը գոնե տաք պահել միջազգային կառույցներում և տարբեր հարթակներում։ Մենք այս իրավիճակում որևէ հարց չենք կարող լուծել, քանի դեռ կան այս իշխանությունները։ Բայց մենք ոչ պակաս կարևոր մարդկանց ու դերակատարների հետ տարբեր հանդիպումների արդյունքում կարողանում ենք ամրագրել, որ Արցախի հարցը չի կարող փակված լինել. այն կփակվի միայն այն ժամանակ, երբ արդարությունը կվերականգնվի երկուստեք՝ և հայերի, և ադրբեջանցիների համար։ Գուցե հիմա թե ՀՀ, թե Ադրբեջանի ղեկավարության ջանքերով ադրբեջանցիներն ունեն այդ արդարության զգացումը, հայ ազգը չունի նման զգացում, և մասնավորապես, 150 000 հայ բռնի տեղահանվել ու դարձել է թափառական և պարզապես ֆիզիկական գոյություն է քարշ տալիս ու սպասում, որ վերևներում իր հարցը կլուծվի և կկարողանա վերադառնալ տուն»։

Իսկ չե՞ն վախենում նրանք, որ Արցախի Հանրապետության մասին ցանկացած հիշատակում իրենց ևս կդարձնի Փաշինյանի ագրեսիայի թիրախ։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ իրենք գիտակցաբար պատրաստ են դրան․ «Կարող են մեզ բռնաճնշումների ենթարկել, ձերբակալել, կարող են սպանել մեզ, ես դա էլ չեմ խորշում ասել, այն, ինչի միջով մենք ենք անցել, մեզ դարձրել է առավել հաստատակամ։ Վերադարձի օրակարգը պետք է միշտ հրատապ լինի։ Ինչու են այս իշխանություններն ընկնում հիստերիայի մեջ վերադարձ բառից, որովհետև շատ լավ գիտեն, որ արցախցիների վերադարձի իրավունքն իրացվելու է, և դա որևէ կերպ այսօր և տարիներ հետո հնարավոր չէ փակել։ Պատկերացրեք այն ծնողի վիճակը, որի զավակը հուղարկավորված է Արցախում, նրան հնարավոր չէ համոզել, որ նա այլևս չի գնալու որդու գերեզմանին։ Ուզում է պատառոտեն այս իշխանություններն իրենց, մենք մեր նպատակից հետ չենք կանգնելու»։

Թագուհի Ասլանյան

Send