Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Մայր Աթոռի շուրջ իրավիճակի վերաբերյալ

Blog Image

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«ԵՀԽ-ն՝ որպես եկեղեցիների համաշխարհային միություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և ավելի լայն քրիստոնեական ընտանիքում։ Որպես ԵՀԽ, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ», - ասվում է միության Կենտրոնական կոմիտեի մոդերատոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմի և գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գարեգին Բ-ի կողմից եպիսկոպոս Գևորգ Սարոյանին (աշխարհիկ անունը՝ Արման Սարոյան) կարգալույծ անելու որոշումից հետո։ 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ «Դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը»,- ավելի վաղ հայտնել էր ՔԿ-ն:

Դատարանն արգելել է Հայ Առաքելական Եկեղեցուն «խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը»։ Կաթողիկոսից բացի գործում ներգրավված են նաև Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի ևս վեց անդամներ։

Երեկ սկսվել է դատական ​​ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ մեղադրվող Գարեգին Բ-ի դատավարությունը։ Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։

Send