Հաշվի առնելով, որ ձեզանից շատերը քաղաքականությանը սկսում են առնչվել միայն պատգամավոր դառնալուց հետո, ինչը, իհարկե, ողջունելի չէ, բայց փաստը, որ դուք, այնուամենայնիվ, արդեն մուտք եք գործել խորհրդարան հենց այդ կարգավիճակով, կցանկանայի բարեկամական որոշ խորհուրդներ տալ, քանի որ ձեր տապալումը նաև մասամբ իմ տապալումն է՝ որպես ընդդիմադիր հայացքներ կրողի։
Քաղաքականությունը «կռուտիտի» հարթակ չէ, այն արվեստ է, գործ, քայլերի ամբողջականություն, որը պետք է հասցնի նպատակին, այն նպատակին, որը առաջնահերթություն եք սահմանել ու որի համար ստացել եք ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեները։ Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ այդ քվեն ստացել եք ոչ թե դուք, այլ ընդամենը մի մարդ, բայց ինչևէ, ունենք այն, ինչ ունենք, ու այսուհետ դուք եք հանդիսանալու որպես ընդդիմադիր մոտեցումների գեներացնողը խորհրդարանում։
Եվ այսպես, քաղաքականության մեջ շատ ավելի գերադասելի է ճշմարիտ խոսքը, եթե նույնիսկ ձեր պատկերացմամբ այն ձեզ կարող է վնասել, քան այնպիսի «կռուտիտը», որի տակից չեք կարողանում դուրս գալ։ Երբեմն վատ «կռուտիտը» հաստատում է տեղեկությունը, սակայն արդյունքում հայտնվում եք ծիծաղելի վիճակի մեջ։
Նորաթուխ ընդդիմադիր պատգամավոր Շիրազ Մանուկյանին (անուն, ազգանունը ճշտեցի գուգլի օգնությամբ) լրագրողները հարցնում են «դուք նախկին հանրապետակա՞ն եք», պատգամավորը պատասխանում է. «Մենք դեռևս ժամանակ կունենանք նման հարցեր քննարկելու համար»։ Լրագրողները կրկնում են հարցը, նորաթուխը պատասխանում՝ «ես ամեն ինչ արել եմ, որ այս իշխանությունը հեռանա»։ Հարցը հնչում է երրորդ անգամ, ինչին Շիրազն արձագանքում է. «Ես ոչ մի գործադիր մարմնում չեմ եղել»։ Չորրորդ անգամ են հարցը տալիս, ու ընդդիմադիր պատգամավորը, իր պատկերացմամբ, տալիս է քաղաքականապես սպառիչ պատասխան. «Կարծում եմ՝ ձեր հարցերն այս պահի դրությամբ շուտափույթ են»։
Խեղճ երիտասարդ, նրա բոլոր պատասխաններից ակնհայտ է դառնում, որ նա եղել է ՀՀԿ անդամ, այնինչ որքան շատ ավելի ճիշտ կլիներ, եթե առանց այլևայլության պատասխաներ՝ այո՛, եղել եմ։ Կհաստատեր այն, ինչը հայտնի էր բոլորին, ինչն ինքն է անուղղակի հաստատում, արդյունքում էլ չէր հայտնվի ծիծաղելի վիճակում։ Այդ անհաջող «կռուտիտները» ցույց են տալիս ոչ միայն երիտասարդի քաղաքական անփորձությունը, այլև անհարկի մեծամտությունը։
Նախ՝ երբ նա պատասխանում է, որ «մենք դեռևս ժամանակ կունենանք նման հարցեր քննարկելու համար», ցույց է տալիս սեփական անձի հանդեպ չափազանցված ինքնագնահատականն ու լրագրողների հետ շփվելու անփորձությունը։ Երիտասարդին թվում է, թե աշխարհը պտտվում է իր ու իր կենսագրության շուրջ (ես կերազեի ապրել այնպիսի երկրում, որի միակ խնդիրը լիներ տվյալ պատգամավորի «քաղաքական» անցյալը), ու բոլորի ուշադրության կենտրոնում է լինելու՝ արդյո՞ք ինքը եղել է ՀՀԿ անդամ, թե՝ ոչ։ Այդ հարցն այլևս ոչ ոքի չի հետաքրքրում, հարգելի՛ Շիրազ, որովհետև ինքդ արդեն հաստատեցիր այն։ Բացի այդ, դու լրագրողների համար ընդամենն «էպիզոդ էիր», «նորություն» ու մի ակնկալիր, որ 5 տարի շարունակ քո աշխատասենյակի դիմաց հերթեր են գոյանալու։ Դու երկու ճանապարհ ունես լրագրողների ուշադրության կենտրոնում մնալու․ կամ տալ այնպիսի «էքսցենտրիկ» պատասխաներ, որոնցից լավ վերնագրեր են ծնվում ու ապահովում լրատվամիջոցի դիտումները, կամ պատասխաններ, որոնցում քաղաքական բովանդակություն ու քաղաքական օրակարգ կա։ Հուսամ՝ կընտրես երկրորդը։
Ինչ վերաբերում է անհաջող մյուս «կռուտիտին», որ դու երբեք գործադիր մարմնում չես եղել, ապա դա բացահայտում չէր, բոլորն էլ գիտեն, որ չես եղել, սակայն արդյո՞ք բոլոր ՀՀԿ անդամներն են եղել գործադիր մարմնի անդամներ, իհարկե՝ ոչ։ Ես գիտեմ բազմաթիվ ՀՀԿ անդամների, որոնք երբեք չեն եղել ո՛չ գործադիր, ո՛չ էլ օրենսդիր մարմնում, բայց եղել են ՀՀԿ անդամներ։
Ես քո փոխարեն կպատասխանեի այսպես. «Այո՛, եղել եմ ՀՀԿ անդամ ու պայքարել եմ այս իշխանության դեմ (քո խոսքում նշում ես այդ մասին), սակայն այսօր հնարավորություն եմ տեսել պայքարս շարունակելու խորհրդարանում, որը քաղաքական այն գործիքն է, ինչի շնորհիվ խոսքս ավելի լսելի կդարձնեմ, պայքարս՝ ավելի շոշափելի։ Ինչպես տեսնում եք, իմ նպատակը ինչպես եղել է այս իշխանություններին հեռացնելը, այդպես էլ մնում է այժմ»։
Ահա նման պատասխանով նախ չէիր հայտնվի ծիծաղելի վիճակում, երկրորդը՝ վերջ կդրվեր հետագա հնարավոր շահարկումներին։
Կրկին օրինակը բերեմ ինձ վրա (Դեկարտն ասում է ․«Ես երբեք չեմ ասի, թե ինչ անեք դուք, այլ կասեմ, թե ինչ կանեի ես»)։ Ես երկար տարիներ եղել եմ ՀՀՇ անդամ, այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ եմ։ Ես երբեք չեմ հրաժարվում իմ քաղաքական կենսագրությունից ու ներկայից, ավելին՝ հպարտանում եմ դրանով, որովհետև թե՛ ՀՀՇ-ն, թե՛ «Հայրենիքը» իմ գիտակցված ընտրությունն են, երկուսը միասին՝ իմ քաղաքական ճանապարհի ամբողջությունը։ Երբ դու հրաժարվում ես քո կենսագրության մի մասից, գրեթե նույնն է, ինչ հանգուցյալի շիրմաքարին գրեն միայն մահվան տարեթիվը՝ շրջանցելով ծննդյան օրը։
Իսկ որ դու մասնակցել ես պատերազմին, ապա փառք ու պատիվ քեզ։
Կարեն Կարապետյան

Русский