Ով հետևում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատմությանը, կարող է նկատել մի հետաքրքիր օրինաչափություն։ 1990 թվականի ԳԽ-ից հետո (թեպետ այդ ժամանակ պաշտոնապես Հայաստանը դեռևս չէր հռչակվել անկախ պետություն), մեր խորհրդարանը սկսեց անկասելի անկում ապրել։ Յուրաքանչյուր գումարման խորհրդարան որակապես զիջեց նախորդին։ Եթե 1990 թվականի Գերագույն խորհուրդն իրոք գաղափարների շտեմարան էր, ապա այդուհետ Ազգային ժողովում սկսեցին արդեն բախվել ոչ թե գաղափարները, այլ նեղկուսակցական ու խմբային շահերը։ Իհարկե որոշ չափով դա նորմալ քաղաքական գործընթաց է, սակայն ամեն անգամ այնքան գաղափարական չափաբաժինը փոքրացավ, որ արդյունքում նույնիսկ դրա հետքն էլ չմնաց։
Ցավալիորեն որակազրկման այդ գործընթացը ինչ-որ չափով ստացել է անկասելի բնույթ ու շարունակվում է առ այսօր։ Թեպետ 9-րդ գումարման Ազգային ժողովը դեռևս 3 օրն է, ինչ սկսել է իր աշխատանքները, բայց վստահաբար այն տարբերվում է 8-րդ գումարման խորհրդարանից։
Գաղափարական բախումները գրեթե բացակայում են, ծրագրային խոսքը հասցված է մինիմալի, օրակարգերը՝ հին։ Իշխող խմբակցության պատգամավորներն ընդամենը Նիկոլ Փաշինյանի խոսքի պատճենահանողներն են, ընդդիմությունը չի կարողանում դեռևս ընկալել փոփոխված ժամանակի փաստը, իսկ նորեկները փորձում են հասնել հներին։
Այդ մրցավազքի մեջ ընդդիմության նորեկները հիշում են Նիկոլ Փաշինյանի զրոյական կետը, իսկ իշխանության նորաթուխ պատգամավորները մազ է մնացել 2026 թվականին նորից «քայլ անեն, մերժեն Սերժին», որպեսզի հասցնեն հետ բերել այն ժամանակահատվածը, որը բաց են թողել։
Ավելին՝ ՔՊ նորաթուխ պատգամավորները փորձում են նույնիսկ արտահայտվել այն նույն բառապաշարով, որով աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը «Գարեգին Բ անունով կաթողիկոս չի ճանաչում», պարզվեց, որ նման կաթողիկոս չի ճանաչում ՔՊ-ականներից և ոչ ոք։ Նորմա՞լ է նման գորելաոճը, կա՞ դրանում որևէ գաղափար, որը մեզ կարող է հուշել, որ հետևում ենք օրենսդիր մարմնի աշխատանքին, դժվար թե։
Սակայն որքան պատգամավորները հեռանում են գաղափարից, այնքան օժտվում են զարմանալի մեծամտությամբ։ Ես նախորդ անգամ խոսում էի որոշ նորաթուխ ընդդիմադիրներից, որոնց մոտ Ազգային ժողովի շենք մուտք գործելը որոշակի գլխապտույտ է առաջացրել, սակայն նրանցից հետ չեն մնում նաև իշխանական թևի նորաթուխները։
Օրինակ՝ այսօր, ՔՊ մի նոր պատգամավոր, որը նախկինում եղել է դպրոցի տնօրեն, լրագրողի հետ զրույցում ասում է. «եթե հետևած լինեիք իմ ֆեյսբության գրառումներին...»։ Տիկին Ռուզաննա Երեմյան (այդպես է նրա անուն, ազգանունը), նախ՝ ինչո՞ւ մարդիկ պետք է հետևեին ձեր ֆեյսբուքյան գրառումներին, երբ ձեր «քաղաքական» միակ գործունեությունը եղել է Նիկոլ Փաշինյանի հետ Վեհարանը մինչև վերջ գրոհելու պատրաստակամությունը։ Երկրորդը՝ դուք այլևս դպրոցի տնօրեն չեք, հետևաբար ձեր այդ մեծամիտ ու ուսուցողական տոնը, որով հավանաբար սովոր եք եղել խոսել երեխաների հետ, Ազգային ժողովում ընդամենը ծիծաղ է առաջացնում։ Ինչպես «Служебный роман» ֆիլմում է ասվում. «Выкиньте это всё из головы и вернитесь в семью, в коллектив, в работу»։
Այնպես որ տիկին նախկին տնօրեն, վերադարձեք Ազգային ժողով ու փորձեք պատգամավորին վայել գործունեություն ծավալել, գաղափարներ գեներացնել ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ու ինքներդ ձեզ մի դրեք խղճուկ վիճակի մեջ ու մի հայտարարեք, որ «միշտ դեմ եք եղել Վեհափառին»։ Վեհափառին միշտ դեմ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի եղել, բայց երբ փորձում եք առաջ ընկնել նրանից, ապա վերոնշյալ ֆիլմից հայտնում եք մի այլ ֆիլմում՝ «Иван Васильевич меняет профессию», որտեղ ֆիլմի հերոսը հայտնվում էր իր ժամանակից դուրս։
Իհարկե կարող է տպավորություն ստեղծվել, որ թե՛ նորաթուխ ընդդիմադիրը, թե՛ նորաթուխ իշխանականը մասնավոր դեպքեր են, սակայն դա թյուր մոտեցում է։ Չկա մասնավոր՝ ընդհանուրից դուրս ու ամբողջականը բաղկացած է հենց մասնիկներից։ Ես առանձնապես ցանկություն չունեմ բոլորին անդրադառնալ անուն առ անուն, պարզապես այսօր անվանապես խոսեցի, քանի որ նախորդ օրը նույնպես խոսել էի անվանապես, հետևաբար արդարությունը պահանջում էր պահպանել հավասարությունը, սակայն այդպիսինն է մեր խորհրդարանի ընդհանուր պատկերը։
Բնականաբար այսօրվա Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը մեղավոր չեն, որ հայտնվել են Ազգային ժողովում, մեղավորը նրանց ցուցակներում ընդգրկողներն են։
Կարեն Կարապետյան

Русский