Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական

Իշխանական արտոնյալների ինստիտուտը և ՆԳՆ-ի համակարգային կաթվածը՝ Կոնջորյանի մասնակցությամբ միջադեպի հետևում

Blog Image

Աբովյանում տեղի ունեցած սկանդալային միջադեպը՝ ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ, վեր է հանում հայաստանյան պետական կառավարման համակարգի խորքային հիվանդությունները՝ քաղաքական արտոնյալների բացահայտ անձեռնմխելիությունը և իրավապահ մարմինների կանխամտածված, համակարգային անգործությունը:

Իրադարձությունների հաջորդականությունն ուղղակիորեն ապացուցում է վերը գրվածը, երբ հետևում ենք, թե ինչպես է ծավալվել այս պատմությունը: Վերջին շաբաթներին մամուլում լայն քննարկման առարկա դարձավ այն փաստը, որ Ավետ Կոնջորյանը տևական ժամանակ հայհոյանքներ և ազդանշաններ էր հնչեցնում Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նաիրի Հակոբյանի և նրա ընտանիքի հասցեին՝ հենց Հակոբյանի տան դիմաց: Ավելին, ըստ մամուլի հրապարակումների և առկա փաստերի, այդ ընթացքում պարեկային ծառայության մեքենաներն ուղեկցել են Կոնջորյանի մեքենային, ինչը նշանակում է, որ ՆԳՆ-ն ի սկզբանե տեղյակ է եղել կոնֆլիկտի և լարվածության առկայության մասին:

Այս ամենի հիմքով արդեն իսկ քրեական գործ է հարուցված, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՆԳՆ-ն որևէ կանխարգելիչ քայլ չարեց, մինչև իրավիճակը կհասներ դաժան ծեծկռտուքի: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով մենք պաշտոնական հարցում էինք ուղղել ՆԳՆ՝ խնդրելով հաստատել կամ հերքել պարեկների կողմից Ավետ Կոնջորյանին ուղեկցելու տեղեկությունը, ինչպես նաև պարզաբանել, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվել հետագա զարգացումները կանխելու համար: Մասնավորապես, մենք հետաքրքրվել էինք՝ արդյոք եղել է ուղեկցման դեպք, ինչպես է արձագանքել ոստիկանությունը, եթե քայլեր արվել են՝ ինչու է իրավիճակն այսքան լարվել, և արդյոք այս ամենը չի խոսում ՆԳՆ-ի անգործության մասին:

Սակայն պաշտոնական հարցումն ուղարկելուց հինգ օր անց ՆԳՆ-ից պատասխանելու փոխարեն հայտնեցին, որ մեկ ամիս ժամանակ է հարկավոր վերը նշված հարցերին պատասխանելու համար: Ակնհայտ է, որ պարզելու համար՝ պարեկներն ուղեկցե՞լ են արդյոք Կոնջորյանին, թե՞ ոչ, հինգ օրը ավելի քան բավարար ժամանակ է, և 30 օր պահանջելը որևէ տեխնիկական հիմնավորում չունի։ Թվային դարում ճանապարհային երթևեկության տեսախցիկների և պարեկային մեքենաների GPS համակարգ տեղաշարժի տվյալները հնարավոր է ստուգել ընդամենը ժամերի կամ օրերի ընթացքում:

Ավելին՝ այս պարագայում նույնիսկ GPS համակարգով ստուգելու անհրաժետություն էլ չկա, քանի որ ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է օրենքով նախատեսված հրամանների հիման վրա։ Եթե պարեկային ծառայությունն իրոք ուղեկցել է Ավետ Կոնջորյանին, նշանակում է այդ մասին կա համապատասխան հրահանգ։

ՆԳՆ-ի կողմից մեկամսյա ժամկետ պահանջելը վկայում է միայն մեկ բանի մասին՝ համակարգը զբաղված է ոչ թե իրողությունների օբյեկտիվ պարզաբանմամբ, այլ դեպքի հետքերը մաքրելու, ապացույցները կոծկելու և իշխանական վերնախավի ներկայացուցչին հարվածից դուրս բերելու հերթական սցենարի մշակմամբ:

Եթե անգամ մի պահ մի կողմ դնենք շահերի բախման և հովանավորչության գործոնը, ապա ստիպված ենք արձանագրել ՆԳՆ-ի կառավարման լիակատար սնանկությունը: Մի կառույցը, որը ի վիճակի չէ կամ կամք չունի հինգ օրվա ընթացքում գնահատելու սեփական ծառայողների գործողությունները հանրային բացահայտ լարված օջախում, ի զորու չէ ապահովել նաև հասարակական անվտանգությունն ու օրինականությունը: Այստեղ ակնհայտորեն բախվում ենք երկու սցենարի հետ. կամ գործ ունենք հլու-հնազանդ ծածկադմփոցի հետ, որտեղ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյայի հարազատի անպատժելիությունն այլընտրանք չունի, կամ ՆԳՆ-ն պարզապես թերի, անհետևողական և կաթվածահար աշխատող կառույց է, որն անգամ սեփական ստորաբաժանումների քայլերը վերահսկելու կամ մեկնաբանելու ունակություն չունի:

Արդյունքում, Կոնջորյանների ընտանիքի շուրջ ծավալված այս միջադեպը վաղուց դադարել է զուտ կենցաղային կամ անձնական հակամարտություն լինելուց: Այն վերածվել է ինստիտուցիոնալ խորը քննության, որտեղ ՆԳՆ-ն և գործադիր իշխանությունը հերթական անգամ ապացուցում են, որ Հայաստանում օրենքն ուժի մեջ է բոլոր շարքային քաղաքացիների, բայց ոչ երբեք ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների համար:

Սակայն հարցը բացի իրավականից, ունի նաև քաղաքական կողմ, որի պատասխանատուն այդ դեպքում արդեն ՆԳՆ-ն չէ։ Եթե պարեկային ծառայությունն այս ողջ ժամանակահատվածում հետևել է Ավետ Կոնջորյանին, նշանակում է՝ ականատես է եղել նաև վերջինիս կողմից հնչեցված հայհոյանքներին, որոնք ըստ տեղեկությունների, ունեցել են պարբերական բնույթ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ պարեկներն այդ ամենը զեկուցել են վերադասին։ Ոստիկան կամ մասնագիտությամբ իրավաբան լինել պետք չէ, հասկանալու համար, որ նման վարքագիծն ի վերջո հանգեցնելու էր բախման։

Հետևությունները երկուսն են. կա՛մ այդ զեկույցները ոստիկանության վերադասից այն կողմ չեն անցել ու երկրի քաղաքական իշխանությունը չի իմացել, որ իր առանցքային անդամներից մեկի եղբայրը աչքի է ընկնում խուլիգանական պահվածքով, կա՛մ չեն կարողացել փոխել նրա վարքագիծը։

Առաջին պարագայում կրկին բախվում ենք ոստիկանության թե՛ անգործության, թե՛ գործը ծածկադմփոց անելու փաստին։ Մասնավորապես, այստեղ կարող է դեր խաղալ վախի գործոնը իշխանական վերնախավի հանդեպ։ Չի բացառվում, որ այն մարդը, որը ի պաշտոնե պարտավոր էր տեղյակ պահել այդ ամենի մասին, պարզապես կանգնել է աշխատանքը կորցնելու վտանգի առջև։

Երկրորդում ակնհայտ է դառնում քաղաքական իշխանության անկարողությունն՝ իր անդամների ու մերձավորների վարքագիծը փոխելու առումով, ինչից էլ կարող է ծնվել հետևյալ հարցը. եթե մարդը, տվյալ դեպքում Հայկ Կոնջորյանը, չի կարողանում իր մերձավոր ազգականին բերել օրենքի դաշտ, ինչպե՞ս կարող է ղեկավարել օրենսդիր մարմինը։

Կա նաև երրորդ հանգամանքը. չի բացառվում, որ իշխանությունն աստիճանաբար տեղավորվում է «մեր դեմ խաղ չկա» տրամաբանության մեջ ու ոչ ոքի ամենևին չի մտահոգում, թե ում, երբ ու քանի անգամ է հայհոյել Ավետ Կոնջորյանը։

Send