Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ինչո՞ւ է ՔՊ-ն ավագանու անդամներին բերել ԱԺ. Մարդկային սով ՔՊ-ում, թե՞ քաղաքական մտքի «տիտանների» հայտնաբերում՝ համայնքներում

Blog Image

Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական ուժերը համապետական ընտրություններին սովորաբար ավելի մեծ նշանակություն են տալիս, քան տեղական մարմինների ձևավորմանը ու նախընտրական ցուցակն էլ կազմելիս թիմը բաժանում են երկու մասի։ Քաղաքականապես ավելի «գրագետներին» ընդգրկում են խորհրդարանական ընտրությունների անցողիկ տեղերում, մյուսներին փորձում են գործուղել ՏԻՄ։ Այդպես պահպանվում է թիմակիցների «արդար բաշխման» տպավորությունը։ Բնականաբար այդ տրամաբանության մեջ չեն մտնում համայնքի ղեկավարի թեկնածուները։ Նրանք կարող են գլխավորել թե՛ ՏԻՄ ցուցակը, թե՛ լինել համապետական ընտրությունների անցողիկ տեղերում։

Լավ է դա, թե՝ վատ, հարցի մյուս կողմն է, սակայն մեծամասամբ այդպես են առաջնորդվում մեր կուսակցություններն ու նույն փիլիսոփայությամբ է գործում նաև ՔՊ-ն։

9-րդ գումարման Ազգային ժողովում կան բավականաչափ թվով տարբեր սեռի ու տարիքի նորաթուխ ՔՊ-ական պատգամավորներ, որոնք մինչ այս եղել են տարբեր համայնքների ավագանու անդամներ։ Այս մարդկանց անունները հանրության լայն շերտերին ծանոթ չեն, որքան էլ նրանք իրենց մասին ունենան սեփական անձին հաճելի կարծիք, այնուամենայնիվ առանձնապես քաղաքականությամբ չեն զբաղվել, քաղաքական կյանքում ակտիվ չեն եղել ու ոմանց խոստովանությամբ պարզապես հետաքրքրվել են քաղաքականությամբ։

Օրինակ՝ երեկ, մի երիտասարդ աղջիկ, որը մինչ այս եղել է Փարաքարի ավագանու անդամ, իսկ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, լրագրողի մոտավորապես այն դիտարկմանը, որ ձեր անունը հանրությանը առանձնապես հայտնի չի եղել, հակադարձեց. «Դուք ամենայն հավանականությամբ 2021 թվականից հետո չեք հետևել ավագանու նիստերին»։ 2021 թվականը ենթադրաբար այն տարեթիվն է, երբ նա դարձել է ավագանու անդամ, իսկ հետևել է լրագրողը ավագանու նիստերին, թե՝ ոչ, ապա ինձ իրավունք եմ վերապահում պատասխանել նրա փոխարեն։

Վստահաբար նա ո՛չ մինչև 2021 թվականը, ո՛չ էլ դրանից հետո չի հետևել Փարաքար համայնքի ավագանու նիստերին, որովհետև Հայաստանում հավանաբար չի լինի մի մարդ, որը լրագրող կլինի, պատգամավոր, թե նախարար, քաղաքական գործիչ, վերլուծաբան, թե քաղաքագետ ընդհանրապես հետևած լինի Փարաքար համայնքի ավագանու նիստերին։ Իսկ եթե գտնվի մի մարդ, որը Փարաքար համայնքի ավագանու անդամ կամ վարչական աշխատակից չէ, Փարաքարի բնակիչ չէ ու պարզվի, որ ժամանակ առ ժամանակ ասում է՝ «այ մարդ, մի հատ արի հլը տենամ էս Փարաքարի ավագանու նիստերի ժամանակ ինչ են քննարկում» ու հետևի նիստերին, ապա...դժվար է բնութագրել այդ մարդուն։

Բայց խնդիրը այս աղջկա պատասխանը չէ, այլ թե ինչո՞ւ է նա հայտնվել Ազգային ժողովում։ Բնականաբար խոսքը ոչ թե նրա անձին է վերաբերում, այլ երևույթին։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե այս աղջիկը իրոք որակական առումով դրական փոփոխություն բերի իրենց խմբակցությանը։ Հարցն այն է, թե ինչո՞ւ են նրանց բերել խորհրդարան։

Այն, որ ՔՊ-ն ժողովրդավար կուսակցություն է, ամեն ինչ որոշվում է քվեարկությամբ և այլն, ընդամենը գեղեցիկ խոսքեր են։ Ալ Կապոնեն նույնպես իրեն համարում էր Չիկագոյին նվիրված ու հանուն Չիկագոյի գործող մարդ։

Եթե մի մարդ, խոսքն արդեն Նիկոլ Փաշինյանի մասին է, կարգադրում է քրեական գործեր հարուցել իր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, մեկին համարում է «Տրոյական ձի», մյուսին ձգտում է ունեզրկել, մեկին անվանում է «եռագլուխ հրեշ», մյուսին՝ «հրեշի պոչը», եթե մեկին սպառնում է կզցնել, մյուսին «փռել է տալիս» ասֆալտին, եթե նախարարներին պաշտոնանկ է անում SMS-ների միջոցով, իսկ պատգամավորներին հորդորում վայր դնել մանդատները, նա ինչպե՞ս կարող է այն կուսակցության ներսում, որն ինքն է հիմնադրել, հանդուրժի ներքին ժողովրդավարություն։

Ինչպե՞ս կարող է Նիկոլ Փաշինյանն ազատություն շնորհել իր կուսակիցներին, երբ այնպիսի վախ է ներշնչել նրանց, որ ոմանք սարսափից սկսել են Վեհափառին մերժել նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց կուսակցապետը դեռևս համբուրում էր նրա աջը։

Հետևաբար նման մթնոլորտում ինչպե՞ս կարող է գեթ մի հոգի մանդատ ստանալ առանց Փաշինյանի հրահանգի կամ առնվազն առանց համաձայնությամբ։ Ըստ այդմ, ինչո՞ւ է ՔՊ-ն «քաղաքական» 2-րդ էշելոնին բերել Ազգային ժողով, տեղերում փորձելով նրանց լրացնել արդեն 3-րդ էշելոնով։

Ենթադրում եմ պատճառն այն է, որ ՔՊ-ում զգացվում է որոշակի կադրային սով։ ՔՊ-ն չի կարողանում այլևս տիրապետել մարդկային այնպիսի ռեսուրսների, որ նման անհրաժեշտության առաջ չկանգնի, հատկապես, երբ լսում ես նորաթուխ ՔՊ-ականների խոսքը, դեռևս չի հանդիպել մեկը, որի մասին ասես. «այո՛, նա ավելի արժանի է լինել Ազգային ժողովում, քան օրինակ արդեն նախկին պատգամավոր Էմմա Պալյանը»։

Իսկ թե ինչո՞ւ է կադրային այդ սովն առաջացել, ապա հավանաբար մարդիկ խուսափում են գործ ունենալ ՔՊ-ի հետ ու հնարավորինս ձգտում են հեռու մնալ Նիկոլ Փաշինյանից։ Բնականաբար շատերը չեն ցանկանում մտնել պատմական այն բեռի տակ, որը դրվելու է իրենց ուսերին, որպես ազգայինն ու հայրենիքը մերժողի։ Մի մասի աչքի առաջ էլ այն դամոկլյան սուրն է, որը Նիկոլ Փաշինյանը կախում է նրանց գլխին, որոնք դառնում են իր թիմակիցը, որովհետև եթե մարդը անդամագրվում է ՔՊ, ապա դուրս գալու միակ ճանապարհն անցնում է կալանավայրով։

Կարեն Կարապետյան

Send