Արդեն պարզ է, որ խորհրդարանական ընդդիմությունը, համենայնդեպս «Ուժեղ Հայաստանը», չի բոյկոտելու օգոստոսի 2-ին տեղի ունենալիք ԱԺ անդրանիկ նիստը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հստակ հայտարարեց այդ ուժի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը։
Դա նույնիսկ հայտարարություն անվանելն էլ ճիշտ չէ, քանի որ լրագրողի հարցին, թե արդյո՞ք մասնակցելու են խորհրդարանի առաջին նիստին, Նարեկ Կարապետյանը լակոնիկ պատասխանեց՝ այո։ Ամենայն հավանականությամբ, նա կարծում էր, որ իր պատասխանն այնքան զորեղ է, այնքան սպառիչ ու այնքան համոզիչ, որ այլևս որևէ շարունակության կարիք չունի, սակայն այդ մոտեցման հետ համաձայն չէր հարց տվող լրագրողը, քանի որ հաջորդեց մի շատ կարևոր ճշգրտում. «Նույնիսկ այն պայմաններո՞ւմ կմասնակցեք, երբ Կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու»։ Ահա այդ ճշգրտմանը Նարեկ Կարապետյանը պատասխանեց իր պատկերացմամբ խիստ դիվանագիտորեն. «Մենք ուրախ կլինենք, եթե հնարավորություն լինի այդ օրը հանդիպել Վեհափառի հետ»։
Իհարկե, դիվանագիտական պատասխանը հարցի ուղիղ պատասխանից խուսանավելու բավականին տարածված ու ընդունված տարբերակ է, սակայն ճկուն է այն դեպքում, երբ հարցն ու պատասխանը գտնվում են տրամաբանական կապի մեջ, իսկ երբ կտրվում է այդ շղթան, պատասխանը դառնում է ծիծաղելի։ Նույն տրամաբանությամբ՝ Նարեկ Կարապետյանը կարող էր ասել, օրինակ. «Մենք ուրախ կլինենք, եթե պարզվի Վեհափառը փայլուն առողջություն ունի ու սնվում է մեծ ախորժակով»։
Իհարկե, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է Վեհափառի հետ հանդիպման հնարավորություն փնտրել ու ուրախ լինել այդ հանդիպման համար։ Ավելին՝ «Ուժեղ Հայաստանը» կարող է ամեն օր կամ յուրաքանչյուր քառօրյայից առաջ, կամ նիստերի ավարտից հետո հանդիպել Վեհափառին, բայց հարցն ուներ այլ իմաստ, արդյո՞ք «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է անդրանիկ նիստին այն դեպքում, երբ Վեհափառի բացակայության պայմաններում, ըստ տեղեկությունների, խորհրդարանի աշխատանքների մեկնարկն «օրհնելու է» կարգալույծ քահանան։
Եթե հարցի ճշգրտմանը Նարեկ Կարապետյանը փորձեց մոտենալ «դիվանագիտորեն», ապա բուն հարցին պատասխանեց այնքան լակոնիկ ու առանց այլևայլության, որ այլ մեկնաբանության կարիք չունի։ Այո, մասնակցելու են։
Փաստորեն որքան էլ մենք հույս ունեինք, որ գուցե այնուամենայնիվ «ընդդիմադիր հիմնական ուժը», ինչպես իրենց բնութագրեց Նարեկ Կարապետյանը, կբոյկոտի այդ նիստը, որը պատմականորեն խայտառակություն է, հարված՝ մեր ազգային արժեքների, Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերին, տեղի չի ունենա։ «Ընդդիմադիր հիմնական ուժը» գնալու է խորհրդարան ու մնում է փայփայել հույսի փշուրներ, որ գոնե կարգալույծ քահանայի «օրհնանքից» առաջ «ընդդիմադիր հիմնական ուժը» դուրս կգա նիստերի դահլիճից ու կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ԱԺ-ն անցած լինի իր հիմնական օրակարգին, եթե, իհարկե, թույլ տան դահլիճ վերադառնալ։ Բայց եթե հանկարծ ինչ-որ «մոռացության», «պատահականության» կամ «ինչ-ինչ քաղաքական հաշվարկների» արդյունքում «միամիտ» ստանան կարգալույծ քահանայի «օրհնությունը», ապա դրանից հետո հանդիպումը Վեհափառի հետ էլ ավելի տրագիկոմիկ տպավորություն կթողնի. հանդիպել Վեհափառի հետ վերջինիս կողմից կարգալույծ եղած քահանայից «օրհնություն» ստանալուց հետո։
Կարեն Կարապետյան

Русский