Այսօր ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Բաքվի բանտերում գտնվող մեր գերիների վերաբերյալ լրագրողի հարցին, պատասխանեց. «մեր նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը արդյունավետ է, երբ արվում է լուռ, կոնֆիդենցիալ ու հիմա էլ այդ աշխատանքը լուռ, կոնֆիդենցիալ արվում է»։
Նման պատասխանից տպավորություն կարող է ստեղծվել, որ նախկինում մեր գերիների վերադարձը տեղի է ունեցել դիվանագիտական ճկուն աշխատանքի կամ հայկական կողմի ճնշման արդյունքում, մինչդեռ Փաշինյանին հարկ է հիշեցնել, որ ամեն անգամ երբ Ադրբեջանը վերադարձրել է Բաքվի բանտերում պատանդառված մեր հայրենակիցներին, դիմացը ստացել է Հայաստանում գտնվող բոլորին։ Այսինքն, տեղի է ունեցել ոչ թե ինչ-որ «լուռ, կոնֆիդենցիալ» աշխատանք, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, դրանով փորձելով իմաստուն ղեկավարի տպավորություն թողնել, այլ Ադրբեջանը ստացել է անխտիր բոլորին, ովքեր պահվել են Հայաստանում։
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել նույնիսկ ոչ թե ռազմագերիների, որոնք գերության մեջ են հայտնվել ռազմական գործողությունների արդյունքում, այլ մարդասպանների, որոնք ապօրինաբար հատել են սահմանը ու Սյունիքի մարզում սպանել հայ մարդու՝ ազգային պատկանելիության պատճառով։
Ավելին՝ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել նույնիսկ ոչ թե ազգությամբ ադրբեջանցիների, այլ վարձկանների։ Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում վարձկաններին սովորաբար ոչ ոք «տեր» չի կանգնում, նույնիսկ այն պետությունը, ում օգտին նրանք կռվում են։ Վարձկանները դուրս են օրենքից ու չեն համարվում ռազմագերիներ, նրանց ճակատագրով չեն հետաքրքրվում ո՛չ պետությունները, ո՛չ միջազգային կառույցները, ո՛չ էլ այն երկիրը, որի քաղաքացի են հանդիսանում։ Նրանք չունեն իրավունքներ, չունեն պաշտպանություն ու նրանց վրա չեն տարածվում միջազգային կոնվենցիաները։ Մինչդեռ Ադրբեջանը պահանջեց ու ստացավ նաև այդ վարձկաններին, բայց փոխարենը իր բանտերում շարունակեց պահել թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, թե՛ մեր մյուս հայրենակիցներին։
Իհարկե ուրախալի է մեր յուրաքանչյուր հայրենակցի վերադարձը ու երբեք չպետք է սակարկել դրա դիմաց վճարվող գինը, քանի որ մարդկային կյանքը բացարձակ արժեք է, սակայն երբ դու հանձնում ես բոլորին դիմացը ստանալով մասը, ապա ակնհայտ է, որ այդպիսով դադարում ես գործոն լինել, նույնիսկ այդ առումով։
Հիմա երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ «լուռ ու կոնֆիդենցիալ» աշխատանքի մասին ու հղում անում նախկին «փորձին», ապա առաջանում է մի շատ բնական հարց, հիմա՞ ինչ է հանձնելու նա, որպեսզի վերադարձնի մյուսներին։ Ի՞նչ տեսքով է լինելու հերթական զիջումը, քանի որ Հայաստանի բանտերում չի մնացել ոչ մի ադրբեջանցի, ոչ մի վարձկան։
Ապագայում սպասվելիք մեր հերթական զիջումների մասին, որոնք Փաշինյանը համարում է հաղթանակ, կարծես կա արդեն ձեռք բերված պայմանավորվածություն ու դրանք տեղավորված են սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև անկլավների ու էքսկլավների հարցի լուծման համատեքստում։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի կողմից պարտադիր պայման է «խաղաղության պայմանագրի» կնքման համար։ Ինչպես տեսնում ենք, քննարկվող այս թեմաներից և ոչ մեկում մեր հայրենակիցների վերադարձի հարցը չկա։ Իհարկե երբեմն արվում են ակնարկներ, որ մեր հայրենակիցների վերադարձը կհեշտանա «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո, սակայն նախ՝ այդ «պայմանագրի» կնքման ժամկետները դեռ չեն նշմարվում, երկրորդն էլ՝ դրանք միայն ակնարկներ են, այլ ոչ համոզմունք։
Հետևաբար իրավունք ունե՞նք ենթադրելու, որ կա՛մ մեր հայրենակիցների վերադարձը վաղուց դուրս է եկել ՀՀ իշխանությունների օրակարգից, կա՛մ պատրաստվում է մի նոր զիջում, որի մասին դեռևս տեղյակ չենք։ Կարծում եմ այո, իրավունք ունենք։
Կարեն Կարապետյան

Русский