Դոլարի փոխարժեքը Հայաստանում հասել է 377 դրամի՝ արձանագրելով վերջին երկու տասնամյակների ամենացածր մակարդակը։ Այս փոփոխությունը առաջին հայացքից կարող է թվալ դրական՝ հատկապես ներմուծման տեսանկյունից, սակայն տնտեսագետները զգուշացնում են՝ դրա խորքում ավելի բարդ և կառուցվածքային գործընթացներ են ընթանում։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց՝ դրամի կտրուկ ամրապնդումը սկսվել է դեռևս 2022 թվականից և պայմանավորված է մի շարք արտաքին գործոններով։
«Նախ հասկանանք՝ ինչով է պայմանավորված դոլարի արժեզրկումը և դա ինչի է բերում։ 2022 թվականից հայկական դրամը ամենաթանկացած արժույթներից է, և դա մի քանի հետևանք ունի։ Առաջինը՝ սա դժվարացնում է մեր արտահանումը և արտադրությունը։ Օրինակ՝ առաջ մեկ խնձորը արտադրում էինք 500 դրամով, արտասահմանում վաճառում էինք 1 դոլարով։ Այս պահին նույն 500 դրամանոց խնձորը, երբ դոլարի փոխարժեքը 375 է, ստիպված ենք վաճառել 1.3 կամ 1.4 դոլարով։ Սա նշանակում է, որ մեր արտադրողի մրցունակությունը ընկնում է, և արտահանումը դժվարանում է»,- նշեց տնտեսագետը։
Դրամի ամրապնդման առաջին ալիքը սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ մեծ ծավալի կապիտալ Ռուսաստանից ներհոսեց Հայաստան։ Հետագայում՝ 2023–2024 թվականներին, գործընթացը խթանվեց նաև ոսկու վերարտահանմամբ։ Ռուսաստանից Հայաստան եկող ոսկին տեղափոխվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ։
Այսօր, ըստ Թավադյանի, իրավիճակը նոր փուլ է մտել․ Հայաստան կրկին մեծ ծավալի արտարժույթ է ներհոսում՝ արդեն երեք հիմնական ուղղություններով։
«Առաջինը՝ դեռ շարունակվող, թեև ավելի փոքր ծավալներով, ռուսական կապիտալի հոսքն է։ Երկրորդը՝ Իրանից եկող միջոցներն են։ Երրորդ ալիքը գալիս է Արաբական Միացյալ Էմիրություններից»,- հայտնեց Թավադյանը։
Այս երեք ուղղություններով Հայաստան մտնող մեծածավալ արտարժույթը ճնշում է գործադրում շուկայի վրա և նպաստում դրամի շարունակական ամրապնդմանը։ Կենտրոնական բանկը փորձում է ստաբիլիզացնել այս հավելյալ արժույթը, սակայն, ինչպես նշում է մասնագետը՝ դրա հնարավորությունները սահմանափակ են։
Այս գործընթացներն արդեն տարբեր կերպ են անդրադառնում տնտեսության վրա։ Իրանի հետ աշխատող մի շարք բիզնեսներ, ըստ տնտեսագետի, բախվել են լուրջ խնդիրների, մինչդեռ ֆինանսական հատվածը՝ հատկապես բանկային համակարգը, շահում է ստեղծված իրավիճակում։ Ընդհանուր առմամբ, շարունակվող կապիտալի ներհոսքը կարող է կարճաժամկետում ապահովել ՀՆԱ-ի աճ, սակայն երկարաժամկետ ազդեցությունները դեռևս մտահոգիչ են՝ հատկապես արտադրության և արտահանման մրցունակության տեսանկյունից։
Ալիտա Եղիազարյան

Русский