Արդեն գրել ենք, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ 100-ից ավելի մարդուց կաշառք վերցնելու ու խարդախություններ անելու կասկածանքով են ձերբակալել պաշտոնյաներին։
Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ են նաև Գույքի և եկամուտների կառավարման բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը (հիմա նրա կինն է այդ պաշտոնին), Տրանսպորտի բաժնի պետ Արման Մովսիսյանը և Համատիրությունների սպասրակման բաժնի նորանշանակ պետ Էրիկ Մովսիսյանը, որը Արման Մովսիսյանի հորեղբոր որդին է։ Ձերբակալված մյուս պաշտոնյաների անունները կհրապարակենք հաջորդիվ։
Նշենք նաև, որ Արմեն Այվազյանն առաջին անգամ չէ, որ այս գործով ձերբակալվում է։ 2025 թվականի նոյեմբերի 19-ին շուրջ երկու տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա և համայնքապետարանի ևս երկու պաշտոնյա ձերբայալվել էին։ Նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը չէր բավարարել, և արդեն նոյեմբերի 20-ին նա ազատ էր արձակվել։
Արմեն Այվազյանն երեք տարի Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժինն է ղեկավարել։ Նրա ձեռքի տակով են անցել հարկերն ու մյուս եկամուտները։ Շուրջ 2 տարի առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն աշխատանքային ժամին խուզարկել էին Այվազյանի ղեկավարած բաժինը։ Այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ իրավապահների կասկածները վերաբերում են տեղի ունեցած գնումներին և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։
Արմեն Այվազյանի կինը՝ Լիլիթ Հովսեփյանը, Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ է եղել, սակայն ամուսնու նախկին պաշտոնը ստանձնելուց հետո վայր է դրել ավագանու մանդատը։ Ամուսինն էլ կնոջ փոխարեն վերցրել էր ավագանու անդամի մանդատը, սակայն որոշ ժամանակ անց վայր էր դրել։
Նկատենք, որ Լիլիթ Հովսեփյանը վերջին շրջանում ակտիվորեն կիսվում է Փաշինյանի գրառումներով, անգամ ամուսնու հետ նկար ունի հրապարակած՝ փաշինյանական սրտիկով։

Русский