Մեծ աղմուկ բարձրացրած նոր նախագիծը՝ առողջապահական ապահովագրությունը, շարունակում է չարդարացնել իրեն, այդ մասին ահազանգում են և՛ քաղաքացիները, և՛ բժիշկները, և՛ առողջապահական ոլորտի փորձագետները։
Նախարարությունը մշտապես խոսում է ապահովագրության դրական կողմերի մասին՝ անվճար բուժզննում, բուժում, վիրահատություններ, դեղեր, սակայն քաղաքացիները այս ամենից օգտվելուց կրկին խոչընդոտների են հանդիպում։
Մասնավորապես, երեկ MediaHub-ի սոցիալական հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը ահազանգեց, որ ծանր վիրահատությունից հետո, երբ պետք է անվճար դեղորայք ստանար բուժումը շարունակելու համար, երկար ժամանակ է պահանջվել։
«Ծնկի վիրահատություն եմ ունեցել։ Փետրվարի 17-ին դիմել եմ բժշկի, գրանցել են, հերթս հասնելու ա ապրիլի 4-ին, որ գնամ իմանամ՝ ինձ անվճար դեղ հասնո՞ւմ ա, թե՞ չէ։ Ստացվում ա՝ ես պետք ա ամիս ու կես ցավերի մեջ սպասեմ, որ վերջում իմնանամ ինձ անվճար դեղ հասնում ա, թե չէ»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Արդյոք նոր վիրահատված, ծանր վիճակում գտնվող մարդիկ չպե՞տք է արտահերթ սպասարկվեն, թե՞ էական չէ, որ ցավերի մեջ օրեր են անցկացնում, ու ստիպված են սպասել իրենց հերթին. MediaHub-ը փորձեց պարզել Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից։
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց՝ եթե բուժօգնությունը շտապ ու անհետաձգելի է, տեղում կազմակերպվում է բուժառուի անհրաժեշտ բուժօգնությունը, այդ թվում՝ դեղորայքային նշանկումը։ «Նշված դեպքը պլանային դեպք է, այսինքն՝ իրենից ենթադրում է հերթագրում։ Այս պարագայում նորմալ ու ողջամիտ ժամկետում կազմակերպվել է հերթագրումը, և այո՛, նեղ մասնագետի խորհրդատվությունից հետո պետք է նշանակվի ապահովագրության շրջանակում ներառված անհրաժեշ դեղը»,- եզրափակեց խոսքը Մարիամ Ծատրյանը։
Էմմա Մարտիրոսյան

Русский