MediaHub-ի տեղեկություններով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «դժգոհ է», որ թանգարանի տնօրենը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ խոսել է Արցախից և Սումգայիթյան ջարդերից։
MediaHub-ը փորձեց ԿԳՄՍ նախարարությունից ճշտել, թե արդյոք կարող էր տնօրենի դիմումի պատճառը լինել այն, որ նա ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ խոսել է Արցախից և Սումգայիթյան ջարդերից։
««Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն» ունի հիմնադրամի կարգավիճակ, և տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը: Հարցն ամբողջությամբ գտնվում է հոգաբարձուների խորհրդի տիրույթում: Առաջարկում ենք դիմել ինստիտուտին»,- նշեցին ԿԳՄՍ նախարարությունից։
MediaHub-ը կապ հաստատեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ», որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը։
«Այո, Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։ Առայժմ դրա մասին իրավական ակտ չկա, պատճառների և այլ հարցերի մասեվ խնդրում ենք հարցում ուղարկել»,- ասացին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից»։
Հիշեցնենք, որ մամուլում գրվեց, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից»։
Փետրվարի 10-ին ՀՀ իշխանություններն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և տիկնոջը Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում չուղեկցեցին, Ժաննա Անդրեասյանը միայն դիմավորեց նրանց համալիրի մուտքի մոտ և անհետացավ։ ԱՄՆ փոխնախագահին և նրա տիկնոջը Հայոց ցեղասպանության հուշահամալիր է ուղեկցել Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով դրա կառուցման պատմությունը։

Русский