Երեկ հանրությանը քննարկման և մտորելու նոր թեմա տրվեց, և իշխանությունների գործելաոճին քաջածանոթ օգտատերերը միահամուռ այն եզրակացությանը եկան, որ առաջիկա ընտրություններին ընդդիմության դեմ որոշակի ճնշումներ գործադրելու հող է նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց, թե իբրև իրենք հետախուզական տեղեկություններ են ստանում, որ այլ երկրում, տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ նրանց դրդելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնել։ Իբրև այդ տնտեսվարողներին նաև պարտադրում են տվյալ քաղաքական ուժերին ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցություն ցուցաբերել և ոչ միայն։
Հասկանալի չէ՝ եթե կան հստակ տեղեկություններ ու ահազանգեր այս կամ այն տնտեսվարողների կողմից, որոնք գործունեություն են ծավալում որևէ պետությունում, ապա Արտաքին հետախուզության ծառայության նորաթուխ պետ Քրիստինե Գրիգորյանը ինչի՞ց է խորշել ու իր ղեկավարած կառույցի անունից տարածած հայտարարության մեջ չի նշել, թե ո՞ր պետություններում կամ գուցե մեկ պետության սահմաններում է իրենց ասելով այդպիսի անօրինություն կատարվում։ Գուցե պատճառը վախն է, որ որևէ պետության անուն նշելու դեպքում կարող է կոշտ արձագանքի արժանանալ, եթե հանկարծ պարզվի, որ հայտարարության բովանդակությունը հերթական իշխանական փուչիկն է, նրանց հիվանդ երևակայության արդյունքը։ Իսկ այսպես անորոշ և առանց թիրախների հայտարարության դեպքում նա որևէ պատասխանատվություն չի կրի։
Դատելով նախկինում մասնավորապես Եվրամիությունից մեզ հասնող հայտարարություններից, որոնցում հստակ մեղադրանքներ են ներկայացվում Ռուսաստանի Դաշնությանը, որն իբրև փորձելու է միջամտել ներհայաստանյան ընտրական գործընթացներին՝ կարելի է եզրակացնել, որ Քրիստինե Գրիգորյանը ևս համաձայն է եվրապաշտոնյաների հետ և նրանց ջրաղացին է ջուր լցնում։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտնել էր, թե Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է տրամադրել աջակցություն՝ նմանատիպ մեխանիզմներով, ինչպես դա արվել է Մոլդովայի դեպքում, որտեղ ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ իբրև Ռուսաստանն ընտրություններին միջամտելու քայլեր է ձեռնարկել։
Եվրոպական միությունից այդ նպատակով 15 միլիոն եվրո էր նախատեսվում տրամադրել Հայաստանին։
Վերջերս էլ Եվրամիությունից տեղեկացրին, որ պատրաստվում են օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը կանխելու համար՝ Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելով այստեղ։ Պարզվում է՝ Բրյուսելին Երևան արագ արձագանքման խումբ ուղարկելու խնդրանքով դիմել է անձամբ մեր արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵՄ-ն այդպիսի մոտ 20 հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև՝ աջակցելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական ցանցերում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվության վաղ հայտնաբերման և հակազդման գործում։
Չի բացառվում, որ Քրիստինե Գրիգորյանին հանձնարարվել է հեղհեղուկ հայտարարությամբ արդարացնել Եվրամիությունից ֆինանսական ներհոսքերը՝ ցույց տալու, որ իրենց նախընտրական վախերը անտեղի չեն, և իսկապես Ռուսաստանից խորհրդարանական ընտրություններին միջամտելու սպառնալիքներն իրատեսական են։
Եվ ահա իշխանության այս ջանքերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սառը ջուր է լցնում՝ առանձին նամակով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հրավիրելով Հայաստան` առաջիկա խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու և ընտրություններին հետևելու համար։ Ալեն Սիմոնյանը հրավերով նամակն ուղղել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Նամակում մասնավորապես նշված է․ «ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով»։
Հետաքրքիր է, Ալեն Սիմոնյանը համաձայնեցրե՞լ է իր քայլը Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի հետ։
Նշենք, որ ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոն հայտնել էր, թե Մոսկվան պատրաստ է իր դիտորդներին ուղարկել՝ հետևելու Հայաստանում խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։
Այս ամենին կարելի է մեկ անուն տալ՝ նիկոլական ձևով բազմավեկտոր, հավասարակշռված քաղաքականություն։ Հետաքրքիր է՝ իշխանությունները ո՞ր կողմին են այս անգամ հուսախաբ անելու։
Թագուհի Ասլանյան

Русский