2025 թվականի հունվար–մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ, ինչը 5.1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Աշխատավարձի այս չափն իշխանությունը համարում է բավարար քաղաքացիների նորմալ կենսակերպն ապահովելու համար։ ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ իրենց օրոք մարդիկ սկսել են նորմալ վարձատրվել, համեմատաբար լավ ապրել։ Բայց հետաքրքրական է, որ հենց ՔՊ-ականների ընտանիքի անդամները դժգոհում են իշխանականների աշխատավարձից, մի բան էլ ակնարկում, թե մի կերպ են «յոլա գնում»։
Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարի ամուսին Պետրոս Ղազարյանը հարցազրույցի էր հրավիրել ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, և քննարկման ընթացքում խոսք եղավ նաև նախկինների օրոք եղած թալանից, ԿԳՄՍ նախկին նախարարներից՝ Լևոն Մկրտչյանի ունեցվածքից ու Դատախազության կողմից նրանից բռնագանձվող գումարի չափից։ Եվ, Պետրոս Ղազարյանը, Կոնջորյանի «թելը թելելով» ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մենք էլ կրթության նախարար ունենք, աշխատավարձից աշխատավարձ ձգում ենք (նկատի ունենալով կնոջ՝ Ժաննա Անդրեասյանի աշխատավարձի չափին ու իրենց ապրուստին)»։
Դաշնակցականներին օրինակ բերող Ղազարյանն ու նրա բերած օրինակից ոգևորված Հայկ Կոնջորյանը կարծես թե այնքան էլ գոհ չեն իրենց եկամուտներից, որոնք տասնյակ անգամներով գերազանցում են ՀՀ շարքային քաղաքացու միջին աշխատավարձը։
Այնուամենայնիվ, MediaHub-ը որոշեց ստուգել՝ որքան եկամուտ ունեն Պետրոս Ղազարյանն ու նրա նախարար կինը, որ հազիվ կարողանում են աշխատավարձից աշխատավարձ ձգել։ Այսպես, Ժաննա Անդրեասյանի` 2025 թվականին ներկայացրած հայտարարագրից երևում է, որ 2024-ին նրա եկամուտը կազմել է 51 մլն 451 հազար դրամ, որից 21 մլն 451 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է։ Ստացվում է, որ նախարարի ամսական եկամուտը կազմել է ավելի քան 1 մլն 787 հազար դրամ։ Իսկ Պետրոս Ղազարյանի տարեկան եկամուտը 2024-ին եղել է 44 մլն 904 հազար դրամ։
Նշենք, որ հանրային զույգը դեռևս չի ներկայացրել 2025 թվականի հայտարարագիրը, այնուամենայնիվ, չենք կարծում, որ մեկ տարում Ղազարյան-Անդրեասյան ընտանիքի եկամուտներն այնքան են նվազել, որ իրենք հիմա մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։ Ի դեպ, եթե հաշվի առնենք, որ նրանց ներկայացրած հայտարարագիրը վերաբերում է 2024 թվականին, իսկ այդ ժամանակ միջին աշխատավարձը 294,009 դրամից 5.1%-ով ցածր էր, ստացվում է, որ նրանք շատ ավելի շռայլ միջոցներ են ունեցել, քանի միջին վիճակագրական աշխատավարձ ունեցող քաղաքացին։
Եվ այստեղ պարզ մարդկային հարց է առաջանում՝ եթե դուք նման եկամուտով մի կերպ եք մինչև հաջորդ ամիս ձգում, բա շարքային քաղաքացին ի՞նչ ասի։

Русский