Այսօր առավոտյան Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում կողաշրջված «Hyundai» մակնիշի ավտոբուսի 11 տուժած ուղևորներից չորսը, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ MediaHub-ը ԲԿ-ից տեղեկացավ, որ իրենց մոտ տեղափոխված ուղևորներն այս պահին բժշկական օգնություն են ստանում և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո։ Հիվանդանոցից մեզ նաև տեղեկացրին, որ տուժած չորս ուղևորներն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են։
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում։ Վթարի հետևանքով տուժած 11 ուղևորները տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Երևան» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջին օգնության էին հասել ականատես քաղաքացիները, այնուհետև դեպքի վայր ժամանած շտապբուժօգնության ծառայության բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ նաև «Երևան» բժշկագիտական կենտրոն տեղափոխված տուժած յոթ ուղևորների մասին, սակայն ԲԿ-ից մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։
Այս պահին հայտնի է, որ գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեում։ Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում։ Նշվում է, որ ավտոբուսի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, ինչի արդյունքում պարզվել է, որ նա սթափ է եղել։ MediaHub-ը պարզեց, որ «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ն շինարարական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն է, որն իրականացրել է բնակելի և պետական շենքերի, համալիրների շինարարություն, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ աշխատանքներ, կառուցել է «Diamond» հյուրանոցը, UWC Dilijan դպրոցը:
Մենք փորձեցինք նաև այդ ընկերությունից որոշակի տեղեկատվություն ստանալ տեղի ունեցած վթարի մասին՝ պարզելու, թե արդյոք ավտոբուսն իրականում պատկանում է ընկերությանը և ովքեր են տուժած քաղաքացիները, որոնց մասին նշվում է, թե օտարերկրացիներ են։ Սակայն ընկերությունից մեզ ասացին, որ իրենք բացարձակապես որևէ տեղեկություն չունեն դեպքի մասին և անգամ չգիտեն՝ ավտոբուսն ընկերության՞ն է, թե՞ ոչ։ Համենայն դեպս, խուսափողական պատասխանից կարելի է ենթադրել, որ ընկերությունում պարզապես չեն ցանկացել որևէ ձևով մեկնաբանել իրենց անվան հետ կապվող միջադեպը, հակառակ դեպքում պարզապես կհերքեին մամուլում հայտնված տեղեկություններն իրենց հաշվեկշռում եղած ավտոբուսի, ինչպես նաև ավտոբուսում եղած ուղևորների՝ Հնդկաստանի քաղաքացիներ լինելու և այդ պահին տվյալ ավտոբուսով շինարարական աշխատանքների մեկնելու մասին։ Նշենք, որ մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ ավտոբուսով Հնդկաստանի քաղաքացիներին տեղափոխում էին շինհրապարակ՝ աշխատանքի, որի ժամանակ էլ պատահարը տեղի է ունեցել։
Թագուհի Ասլանյան

Русский