Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել և ձերբակալություններ իրականացրել։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Եվս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են»,- ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով` այս պահին ավագանու 4 անդամ ձերբակալված է, 2-ն էլ տնային կալանքի մեջ են։
Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub-ին տեղեկացրին, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր Ստեփանավանում ևս 10 անձ է ձերբակալվել։ Այս քրեական վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ 24 անձի մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ին, վաղ առավոտյան ևս խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվել Ստեփանավան համայնքում, որի հետևանքով 14 անձ ձերբակալվել էր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ և Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածուներ։ Այդ օրը ձերբակալվել, այնուհետև 2 ամսով կալանավորվել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, ավագանու թեկնածու Արսեն Գևորգյանը։
«Ուժեղ Հայաստանն» այս ձերբակալություններն ու կալանավորումները անմիջականորեն կապում է հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելիք ավագանու ընտրությունների հետ՝ նշելով, որ իշխանություններն այդկերպ ջանում են խոչընդոտել համայնքներում ընդդիմադիր ղեկավարների հնարավոր հաղթանակին, որպեսզի միահեծան իշխանություն ունենան ամբողջ Հայաստանով մեկ։
Նշենք, որ Ստեփանավան համայնքում ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։
Թագուհի Ասլանյան

Русский