Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. ի՞նչ որոշումներ են կայացրել դատարանները՝ ի հեճուկս Փաշինյանի

Blog Image

Երեկ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։

Դատական հայցով Արման Սարոյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Վեհափառ հայրապետի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նրա տեղեկացմամբ՝ դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանցքային իրավական դիրքորոշումը, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն է և կազմում է Եկեղեցու ինքնակառավարման ու ներքին կյանքի անբաժանելի մասը։ Դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

«Դատարանը վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։ Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսները»,- գրել է Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Եկեղեցու հոգևոր իշխանության ձևավորումը, հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող նույնացվել սովորական աշխատանքային հարաբերությունների հետ և ենթարկվել աշխարհիկ դատարանների վերահսկողությանը՝ անտեսելով Եկեղեցու կանոնական իրավունքը։ Եվ փաստացի դատարանն է արձանագրել, որ Եկեղեցու ինքնավարությունը ոչ թե արտոնություն է, այլ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող հիմնարար երաշխիք։

Այս դեպքում էլ Մայր աթոռի պաշտպանները պնդում էին, որ իրավապահ կառույցներն ու դատարանը իրավունք չունեն քննել եկեղեցու որոշումները, բայց գործը շարունակվեց, ու նրանք հիմա ամբաստանյալի կարգավիճակում են:

Այօր ևս փաստաբանը դատարանում երկու դատական որոշման մասին է տեղեկացրել՝ հօգուտ Մայր աթոռի։ Նորից Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ այս անգամ դատավոր Ս. Աբովյանի և դատավոր Հ. Մելքոնյանի նախագահությամբ, կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։ Նախկին քահանաները դատարանից պահանջել էին անվավեր ճանաչել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ իրենց կարգալույծ հռչակելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունները և վերականգնել համապատասխանաբար Սուրբ Հովհաննավանքի և Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվների պաշտոններում։ Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումն առ այն, որ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Ըստ Արա Զոհրաբյանի՝ դատարանները այս դեպքում ևս հաստատել են նաև, որ հոգևոր ծառայությունը չի կարող ինքնաբերաբար նույնացվել աշխատանքային հարաբերությունների հետ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից։

Շատ կարևոր է նշել, որ երկու որոշումներով էլ դատարանները նախատեսել են նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների վերացումը, որոնցով պարտավորեցվել էր Մայր Աթոռին ապահովել նախկին քահանաների պաշտոնավարումը։

«Այս որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։ Պետության և Եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ, եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ»,- եզրահանգել է պաշտպանը։

Նման դատական որոշումների առկայության դեպքում արդյո՞ք Վեհափառ հայրապետի և վեց սրբազանների դեմ հարուցված քրեական գործը չի կորցնում իր արդիականությունը, քանի որ այդ գործը վերաբերում է Արման Սարոյանին իր պաշտոնին վերականգնելու մասին դատարանի որոշումը Կաթողիկոսի կողմից չկատարելու հանգամանքին։ Արման Սարոյանի հայցով դատարանի որոշմամբ, փաստացի, առաջին ատյանը վերացրել է ավելի վաղ կայացրած միջանկյալ որոշումը, որը Կաթողիկոսի ու վեց սրբազանի դեմ քրեական գործ հարուցելու պատճառ դարձավ: Դատարանը պահանջել էր հայցի ապահովման միջոց կիրառել ու մինչև դատաքննության ավարտը Արման Սարոյանին թողնել իր ղեկավարած թեմի առաջնորդի պաշտոնում: Այս միջանկյալ որոշումը սակայն չէր կատարել Մայր Աթոռը, փոխարենը կարգալույծ էր հռչակել Արման Սարոյանին, և Քննչական կոմիտեն այդ հիմքով մեղադրանք է առաջադրել Գարեգին 2-րդին ու վեց եպիսկոպոսների՝ դատական ակտը չկատարելու համար: Սակայն մյուս դատական որոշումներով էլ դատարանն արձանագրել է, որ կարգալույծ անելու որոշումը ևս եկեղեցու ներքին կանոնադրական գործն է, որին աշխարհիկ իշխանությունները չեն կարող միջամտել։

MediaHub-ը փաստաբան Արա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե նման հանգամանքների դեպքում ի՞նչ ընթացք կստանա Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց սրբազանների դեմ հարուցված քրեական գործի քննությունը, արդյո՞ք այն կկարճվի դատարանների կայացրած որոշումների հիման վրա։

Փաստաբանը մեզ տեղեկացրեց, դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո միանշանակ քրեական գործի վրա ազդեցություն կլինի։ Փաստաբանը նաև վստահ է, որ եթե չլինեին այս նախադեպային որոշումները, միևնույն է, քրեական գործով ևս դատարանն ի վերջո գալու էր այն եզրահանգման, որ պետությունը դատարանների միջոցով իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին հարաբերություններին։

«Գործով կայացրած որոշումը փաստեց մի բան, որ պետությունը, ի դեմս դատարանի, իրավունք չուներ միջամտել եկեղեցու ներքին հարաբերություններին։ Եվ այդ միջամտությունից բխել էր տվյալ քրեական գործը։ Եթե այս որոշումը մտնի ուժի մեջ, ապա միանշանակ այն ազդելու է քրեական գործի վրա։ Եթե անգամ այս որոշումները չլինեին, ապա այդ գործը չէր կարող ընթանալ, չի կարող այդպիսի գործ լինել, որովհետև չմիջամտելու արգելքը գործում է նաև այդ քրեական գործի դեպքում։ Դատարանը նաև արձանագրեց, որ կարգալուծության հարցը ևս վերաբերում է զուտ եկեղեցու ներքին գործերին։ Այս երեք դատավորներն էլ հայցի ապահովումներ կիրառեցին և դրանով միջամտեցին եկեղեցու ներքին գործերին, դրա համար մենք ունեցանք այս խնդիրները, բայց լավ է, որ դատավորներն ի վերջո նման որոշումներ կայացրեցին»,- պարզաբանեց Արա Զոհրաբյանը։

Նրա տեղեկացմամբ՝ դատարանի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում։ Առայժմ այն ուժի մեջ չի մտել, քանի դեռ բողոքարկվելու դեպքում բոլոր ատյանների որոշումները չլինեն։ Չբողոքարկվելու դեպքում մեկ ամիս հետո դատարանի տվյալ որոշումն ինքնաբերաբար օրինական ուժ է ստանում։ Ամեն դեպքում քրեական վարույթով հաջորդ դատական նիստին Գարեգին Երկրորդի փաստաբանական խումբը պատրաստվում է դատարանին ներկայացնել այս նախադեպային դատական որոշումները։

Թագուհի Ասլանյան

Send