Էկոնոմիկայի նախարար, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն օրերս հերթական աչքալուսանքն է տվել ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ հատուկ գրաֆիկով ցույց տալով, թե իրենց կառավարման վերջին տարում՝ 2025 թվականին, ինչպիսի աննախադեպ աճ է եղել նաև համախառն ներքին արդյունքի ծավալում։ Պապոյանը նշել է, թե 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 1,1 տրլիոն դրամով՝ կազմելով 11,3 տրիլիոն դրամ։ Համեմատության համար նա ներկայացրել է 2013-2017 թվականների ՀՆԱ աճը՝ նշելով, թե չորս տարում այն ավելի քիչ է աճել՝ 1 տրիլիոն դրամով և դարձել է 5,6 տրիլիոն. մեկ տարում ավելի շատ է աճել, քան նշված ժամանակահատվածում՝ չորս տարվա ընթացքում։
«Գլուխդ միշտ այսպես բարձր, Հայաստան ջան»,- իրենց ձեռքբերումն այսպես է մեկնաբանել էկոնամիկայի նախարարը։
Փորձեցինք տնտեսագետի հետ զրույցում պարզել՝ Գևորգ Պապոյանի ներկայացրած ցուցանիշներն իրական ձեռքբերո՞ւմ են, թե՞ հերքական փչված քարոզչական փուչիկ։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Հրայր Կամեդատյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նախարարի գրառումը զուտ քարոզչական արդունքի համար է։ Առանց վերլուծությունների ու ժամանակի ընթացքում եղած տնտեսական միջավայրի փոփոխությունները ներկայացնելու համեմատություն անել այդ երկու տարեշրջանների միջև՝ խելամիտ չէ։
«Լավ է Տիգրան Մեծի ժամանակների հետ չեն համեմատել»,- հեգնում է մեր զրուցակիցը։
Հարցին, թե ինչի՞ հաշվին կարող է ՀՆԱ-ի նման աճ ապահովվել, տնտեսագետն ասաց, որ նախևառաջ շինարարության ոլորտում եղած մոտ 10 տոկոս աճի շնորհիվ։ Սակայն այդ աճի համար հիմքը դրվել է 2025 թվականին նախորդող տարիներին, իսկ 2025 թվականի տարեվերջին շատ ընկերություններ ավարտական ակտ են ստացել և ներկայացվել է, թե շինարարական ահռելի աճ է եղել։
Մյուս գործոնը մետաղների գներն են․ նախորդ տարի այդ շուկայում զգալի աճ է եղել, կտրուկ ավելացել է նաև մետաղի արդյունահանումը․ «Մեր ազգային հարստությունը, որը պետք է համերաշխության սկզբունքով բաշխվի նաև եկող սերունդների միջը՝ միայն խելամիտ չափերով արտահանում իրականացնելու միջոցով, քերում են ու արտահանում ագահի պես»։
Այդ տեմպերով մոտ ապագայում արտահանելու ոչինչ չի լինի, և ՀՆԱ-ն ինչ սրընթացությամբ աճել է, նույնպիսի սրընթացությամբ կարող է անկում ապրել։
ՀՆԱ-ի աճի ցուցանիշի վրա, տնտեսագետի ներկայացմամբ, ազդել է նաև առևտրի, ծառայությունների մեջ թափանցիկությունը։ Եթե նախկինում ստվերը հասնում էր 60-80 տոկոսի, ապա հիմա մինչև 15 տոկոս է։
Ամեն դեպքում Պապոյանի ներկայացրած ցուցանիշներն ամենևին տնտեսության արդյունավետ կառավարման մասին չեն․ 2025 թվականին նոր ընկերություններ, տնտեսություններ չեն ստեղծվել։
Հակառակը, Հրայր Կամեդատյանը հավաստիացնում է, որ նախորդ տարի 5-6 հազար փոքր ու միջին ընկերություն է փակվել։ Նոր արտադրություններ, գործարաններ ևս չեն ստեղծվել, որոնք կարող էին նպաստել տնտեսական թվերի աճին ներքին շուկայում, երկրի բնակչության տնտեսական ակտիվությունը ևս չի ավելացել։
Մյուս կողմից էլ ՀՆԱ-ի աճը ուղղակի ազդեցություն ունի տվյալ երկրի բնակչության կենսամակարդակի վրա, որքան բարձր է ՀՆԱ-ն, այնքան մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, կյաքի միջին մակարդակն ավելի բարձր է։ Հայաստանում, չգիտես ինչ աճպարարությամբ, որքան կյանքը դժվարանում է, այնքան ավելանում են ՀՆԱ-ի թվերը։ Գուցե պարոն Պապոյանը նաև այս հանելուկի պատասխա՞նն ասի։ Կարող ենք նաև հուշել նախարարին, որ իր ներկայացրած ցուցանիշներում փորձի հաշվարկել վերջին մի քանի տարիներին արձանագրված իրենց սիրելի բառով՝ աննախադեպ գնաճի ծավալը, քանի որ համախառն ներքին արդյունքը ձևավորվում է տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքի կամ ծառայության տվյալ պահին գործող շուկայական արժեքով։ Այլապես ինչպես է ստացվում, որ ընկերությունների թիվը կրճատվում է, սակայն արտադրված ապրանքների կամ ծառայությունների համախառն արդյունքն ավելանում է։
Թագուհի Ասլանյան

Русский