Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է սրվել։ Իսրայելական բանակը նոր լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին և երկրի մի շարք խոշոր քաղաքներին։ Թեհրանում անցած գիշեր հարվածներից հետո օդում տարածվել է խիտ ծուխ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի տարբեր հատվածներում արձանագրված ավիահարվածները ցույց են տալիս, որ հակամարտության լարվածությունը դեռևս չի նվազում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն իրենք կարող են շարունակել առնվազն ևս երկու-երեք շաբաթ։ Միևնույն ժամանակ Իսրայելում մտահոգություն կա, որ ԱՄՆ նախագահը կարող է հանկարծակի դադարեցնել գործողությունները՝ հայտարարելով իր հաղթանակի մասին։
Թրամփը նաև հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է «շատ կոշտ» հարված հասցնել Իրանին՝ պնդելով, թե Իրանը ծրագրում էր վերահսկողության տակ վերցնել ամբողջ Մերձավոր Արևելքը և ոչնչացնել Իսրայելը։
Տարածաշրջանային զարգացումներին արձագանքել է նաև Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և արդեն ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։ Էրդողանը հիշեցրել է նաև վերջին միջադեպը, երբ Իրանի տարածքից արձակված հրթիռը խոցվել էր Թուրքիայի օդային տարածքում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի գլխավոր նպատակը երկիրը հակամարտության տարածումից պաշտպանելն է։ Տարածաշրջանային զարգացումներին արձագանքել է նաև պաղեստինյան Համաս շարժումը՝ հայտարարելով, որ ընդունում է Իրանի իրավունքը պատասխանելու ԱՄՆ-իսրայելական գործողություններին միջազգային իրավունքի շրջանակում։ Միևնույն ժամանակ շարժումը կոչ է արել Իրանի ղեկավարությանը չթիրախավորել հարևան երկրները և համագործակցել տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ։
Այս վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը մտնում է ավելի վտանգավոր փուլ, և իրավիճակի արագ հանգուցալուծման նշաններ առայժմ չեն նկատվում։
Ալիտա Եղիազարյան

Русский