Դեռ նախորդ տարեվերջին հայ ժողովրդին արտաքին թշնամու սպառնալիքներից պաշտպանելու համար իբրև երաշխիք խաղաղություն խոստացող իշխանությունների թողտվությամբ այդ նույն ժողովրդի գլխին երկրի ներսում մի նոր մահացու սպառնալիք կախեցին։ Քիչ է, որ բնապահպաններն ու ոլորտի այլ փորձագետներ ահազանգում են՝ անթույլատրելի քանակությամբ կառուցապատման, մեքենաների ու անվերջ խցանումների առատության, անհաշվելի հանքերի անխնա շահագործման հետևանքով օդի, ջրի, հողի, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով Հայաստանում ահագնացել է մահացու հիվանդությունների թիվը. քաղցկեղի տարածվածությամբ Հայաստանն արդեն աշխարհի առաջատար երկրների թվում է հայտնվել։ Եվ այս իշխանությունները փոխանակ այդ իրական ռիսկերի դեմ քայլեր ձեռնարկեն, իրենց հովանավորչությամբ ավելի են խթանում առկա վատթար վիճակը։
Դեռ նախորդ տարեվերջին Արտաշատ համայնքի հարակից հատվածում՝ կրաքարի պաշարներ ունեցող Կարմիր սարում նոր՝ հաշվարկված վտանգներով լի հանքի շահագործման որոշումը կայացվեց։ Ծրագրի համակարգողը Վեդիի ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանն է։ Հանքը շահագործողը մտադիր է այդտեղ կրաքարային մերգելների հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնել։ Ծրագրով նախատեսվում է նաև այդ մասում ցեմենտի գործարան կառուցել։ Սա այն դեպքում, երբ Կարմիր սարի մոտակա հարակից տարածքում են գտնվում գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողեր ու բնակավայրեր, որտեղ մարդիկ են ապրում, հողեր մշակում, իրենց արտադրած գյուղատնտեսական մթերքները արտահանում հայաստանյան շուկա ու նաև ապրում դրանով. գյուղատնտեսությունն իրենց ապրուստի միջոցն է։ Մասնավորապես, հանքի համար նախատեսված տարածքին մոտ են Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի բնակավայրերը, որոնց բնակիչները բազմիցս հայտնել են իրենց անհամաձայնությունը հանքի ու գործարանի շահագործման վերաբերյալ՝ օդի, հողի ու ջրի թունավորման վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին գիտական եզրակացություններ ներկայացնելով։ Ըստ բնապահպանների՝ տարածքում առկա են Կարմիր գրքում ընդգրկված 14 տեսակի բույսեր և 16 տեսակի կենդանիներ, որոնք հանքի և գործարանի շահագործման հետևանքով կարող են պարզապես ոչնչանալ։ Անգամ հարակից բնակավայրերի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել հանքի շահագործման որոշումը չեղարկելու հորդորով, լսումների ժամանակ իրենց անհամաձայնությունն ու դժհոգությունը հայտնել։
Բայց ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում՝ նյութական շահը հաղթեց քաղաքացիների ապրելու իրավունքին, և դա, ինչպես նշեցինք, հայ ժողովրդին խաղաղություն բերելն իրենց համար բրենդ դարձրած իշխանությունների աչքի առաջ ու նրանց բարձր հովանավորությամբ։
Ասել է թե՝ արտաքին թշնամու սպառանլիքից ձեզ խաղաղությամբ կպաշտպանենք, բայց ինքներս ձեր կյանքի ու առողջության դեմ կոտնձգենք, որովհետև հանքը շահագործել պատրաստվող ընկերությունը խոսացել է 25-35 մլն դրամի ներդրում անել։ Այդքան էժան են ծախում քաղաքացիների կյանքը թավշյա իշխանությունները։ Նախորդ տարվա նոյեմբերին Վեդի համայնքի ավագանին՝ համայքնապետ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ միաձայն կողմ քվեարկեց Կարմիր սարում հանքարդյունահանման ՇՄԱԳ թույլտվությանը, որը տրվել է Սամվել և Տիգրան Օրդուխանյաններին պատկանող «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին։ Ընկերությանն այդպիսով իրավունք տրվեց դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ ուսումնասիրություններ իրականացնելու այդ տարածքում ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության ուղղությամբ։ Նշենք, որ նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնն արդեն մեկ անգամ բացասական եզրակացություն է տվել իրենց դիմած այն ժամանակ «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կավակրաքարերի հանքարդյունաբերման թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ հիմնավորմամբ, որ այդտեղ բնության բացառիկ ու պահպանվող տեսակներ կան։ Բայց երևում է՝ ընկերության հիմնադիրները չեն հանձնվում և հիմա էլ մեկ այլ ՍՊԸ-ի անվան տակ են փորձում Կարմիր սարն իրենց ձեռքն առնել։ Այժմ գնդակը շրջակա միջավայրի նախարարության դաշտում է։
MediaHub-ին ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր մտահոգությունը հատնեց, որ Արարատյան գյուղատնտեսական ներուժի համար մեծ վտանգ ներկայացնող այս նախաձեռնությունը ևս կարող է իրականություն դառնալ, ինչպես, օրինակ, Երևանում կոռուպցիոն սխեմաներով իրականացվող հսկայածավալ կառուցապատումը՝ բոլոր վտանգների անտեսմամբ ու օրենքների կոպիտ խախտումներով։
Նախատեսվող հանքի դեպքում ևս, ըստ նրա, օրենքեր են անտեսվել կամ վերափոխվել, միջազգային նորմերի վրա է աչք փակվել, ամեն ինչ արվել է, որպեսզի ծրագիրն իրականություն դառնա, որովհետև իշխանություններն այդտեղից ևս ներդրումներ, ֆինանսական հոսքեր են ակնկալում։ Տարիներ շարունակ ահազանգվում է մայրաքաղաքի օդի աղտոտվածության ամենաբարձր նիշերի մասին, ինչը առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում երևանաբնակների մոտ՝ ընդհուպ մահացու հիվանդություններ։
Բայց կառուցապատումը դրանից չի նվազում, նորանոր թույլտվություներ են տրվում, նորանոր շինհրապարակներ են ավելանում Երևանում։ Նույն սկզբունքը, ըստ նախկին փոխնախարարի, հնարավոր է գործի նաև այս դեպքում՝ անտեսելով հայ ժողովրդի շահն ու կարծիքը։
Այսեր Ղազարյանն ասում է, որ ԽՍՀՄ տարիներին պաշտոնյաները, փորձագետները հիմար չէին, որ Կարմիր սարը չէին օգտագործում որպես հանք։ Գործարանի ու հանքի աշխատելու դեպքում հանքափոշին նստելու է 5-10 կմ շառավղով մոտակա բնակավայրերի վրա, որոնք գյուղատնտեսական ապրանք են արտահանում։ Դա երկարաժամկետ ներգործությամբ ազդելու է հողի, գյուղատնտեսության և հատկապես երեխաների վրա, մասնավորապես լուրջ առողջական խնդիրներ են առաջանալու, հիվանդ սերունդ ենք ունենալու։
Թագուհի Ասլանյան

Русский