Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կանադայի վարչապետը Չինաստան պատմական այց է կատարել․ ինչ են քննարկել

Blog Image

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չինաստանում հանդիպել է նախագահ Սի Ծինպինի հետ։

Չինաստանի և Կանադայի միջև նոր ռազմավարական գործընկերությունը կարող է երկու երկրներին էլ ստեղծել «նոր աշխարհակարգի համար», ասել է Քարնին առևտրային բանակցությունների համար Պեկին կատարած պատմական այցի ժամանակ:

Ըստ ԶԼՄ-ների՝ Քարնին չորեքշաբթի երեկոյան է ժամանել Պեկին չորսօրյա այցով, որը նպատակ ունի վերականգնել երկու երկրների միջև կապերը, քանի որ Կանադան հույս ունի ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ից բացի այլ երկրների հետ։ Սա կանադացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան գրեթե մեկ տասնամյակի ընթացքում։

«Աշխարհը շատ է փոխվել այդ վերջին այցից ի վեր։ Ես կարծում եմ, որ գործընկերության մեջ մեր արձանագրած առաջընթացը մեզ լավ է նախապատրաստում նոր աշխարհակարգին», - ասել է Քարնին։

Նա Չինաստանի նախագահ Սի Ծինպինին ասել է. «Մենք կապահովենք կայունություն, անվտանգություն և բարգավաճում երկու կողմերի ժողովուրդների համար»։

«Կարևոր է սկսել այս նոր ռազմավարական գործընկերությունը բաժանման ժամանակաշրջանում», - նշել է Քարնին՝ կոչ անելով կենտրոնանալ այն ոլորտների վրա, որոնք կարող են «պատմական ձեռքբերումներ» բերել երկուսի համար էլ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական սնունդը, էներգետիկան և ֆինանսները։

Նախագահ Սին ողջունել է երկու երկրների միջև «կապերի շրջադարձը», որը, նրա խոսքով, ձեռք է բերվել անցյալ տարվա վերջին Հարավային Կորեայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ամենամյա գագաթնաժողովում հանդիպումից հետո։

Սին ասել է, որ ինքը նաև «գոհ» է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ամիսներ շարունակ ծավալված համագործակցությունից։ «Չինաստան-Կանադա հարաբերությունների առողջ և կայուն զարգացումը նպաստում է համաշխարհային խաղաղությանը, կայունությանը, զարգացմանն ու բարգավաճմանը», - ասել է Սին վարչապետին։

 

- «Սրանք պատմական և արդյունավետ երկու օր էին», - ասել Քարնին՝ ուրբաթ կեսօրին Պեկինի այգում լրագրողներին հայտարարություն անելիս։

Նա ընդգծել է, որ Կանադայի հարաբերությունները Չինաստանի հետ «ավելի կանխատեսելի են», երբ նրան խնդրել են համեմատել երկրի կապերը ԱՄՆ-ի հետ։

 

- «Գոյություն ունեցող ճարտարապետությունը՝ բազմակողմ համակարգը, քայքայվում և խաթարվում է։ Գլխավոր հարցն այն է, թե ինչ կփոխարինի դրան»,- նշել է Քարնին՝ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել նոր համաշխարհային կարգ ասելով։

- Գրենլանդիայի մասին Կանադայի վարչապետն ասել է․ «Մենք Դանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ենք։ Մեր լիարժեք գործընկերությունը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ և 2-րդ հոդվածներով ստանձնած մեր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Մենք լիովին աջակցում ենք դրանց»։

Send