Հայաստանում վերջին շրջանում արձանագրված սահմռկեցուցիչ սպանությունները՝ բակային տարածքներից մինչև եկեղեցու բակ ու անգամ եկեղեցու ներս, արդեն վաղուց դադարել են պարզապես քրեական քրոնիկայի նյութ լինելուց։ Դրանք վերածվել են հասարակական մթնոլորտի ցուցիչի։ Իսկ երբ մթնոլորտն է հիվանդանում, անհնար է բուժել միայն ստորին օղակները։
Ներքին գործերի նախարարությունը, որպես խնդրի լուծում, որոշեց «կտրուկ» քայլերի դիմել՝ ազատելով երեք ոստիկանապետերի։ Առաջին հայացքից սա կարող է ներկայացվել որպես համակարգային ինքնամաքրում․ վատ են աշխատել՝ հեռացվում են, կգան ավելի արդյունավետ կադրեր, և հանցավորության ալիքը կնահանջի։ Սակայն հարցն այն է՝ արդյո՞ք խնդիրը միայն կոնկրետ պաշտոնյաների աշխատանքային թերացումն է, թե՞ մենք գործ ունենք շատ ավելի խորքային ճգնաժամի հետ։
Սպանությունները չեն դառնում առօրյա երևույթ պարզապես այն պատճառով, որ որևէ ոստիկանապետ բավարար խստությամբ չի կատարում իր գործը։ Սպանությունները շատ հաճախ սոցիալական լարվածության, անպատժելիության զգացման, իրավական համակարգի նկատմամբ անվստահության և հասարակության ներսում կուտակված ագրեսիայի արդյունք են։ Երբ հանրային խոսքը երկար ժամանակ կառուցվում է հակադրության, «մերոնք-ձերոնք» տրամաբանության վրա, երբ քաղաքական դիսկուրսում գերակշռում է ոչ թե համերաշխության, այլ բևեռացման լեզուն, դա անխուսափելիորեն արտացոլվում է նաև հասարակական վարքագծում։
2018 թվականի քաղաքական շրջադարձից հետո ձևավորվեց հռետորաբանություն, ըստ որի՝ «ժողովուրդն է որոշողը», «ժողովուրդն է տերը»։ Սրանք ինքնին ժողովրդավարական արժեքներ են, սակայն դրանց մատուցման և ընկալման ձևը երբեմն ստեղծեց սխալ սպասումներ։ Որոշ խմբերի մոտ դա ձևավորվեց զգացողություն, թե իշխանության փոփոխությունը հավասար է սահմանների վերացմանը, թե վերահսկողության թուլացումը ազատություն է ամեն ինչի համար։
Եվ ահա այսօր արդեն ունենք պատկեր, երբ դպրոցների բակերում թմրանյութի շրջանառության դեպքեր են արձանագրվում, եկեղեցական տարածքներում՝ սպանություններ, իսկ կենցաղային մանր միջադեպերը վերածվում են մահաբեր հաշվեհարդարների։ Սա միայն քրեական վիճակագրություն չէ։ Սա հասարակության ներսում ինքնակարգավորման մեխանիզմների խաթարման նշան է։ Երբ մարդը վստահ չէ, որ վեճը կլուծվի օրենքի միջոցով, երբ վստահ չէ, որ պետությունը կանխարգելիչ դեր կկատարի, նա ավելի հեշտ է դիմում ինքնադատաստանի տրամաբանությանը։
Այս ամենի ֆոնին պաշտոնանկությունները կարող են ունենալ կարճաժամկետ շոկային ազդեցություն, բայց եթե համակարգային խնդիրները չեն վերանայվում՝ իրավապահ մարմինների արդյունավետությունը, դատական համակարգի արագությունն ու կանխատեսելիությունը, հանրային խոսքի պատասխանատվությունը, ապա փոփոխությունը մնում է մակերեսային։ Երկրորդական և երրորդական պատասխանատուները հեռանում են, սակայն միջավայրը, որն արտադրում է բռնություն, մնում է անփոփոխ։
Քաղաքական պատասխանատվությունը միշտ վերևից է սկսվում։ «Ձուկը գլխից է հոտում» ասույթը գուցե հնչում է կոշտ, բայց այն հիշեցնում է մի պարզ ճշմարտություն՝ անվտանգության և հանրային կարգի մթնոլորտը ձևավորվում է ոչ միայն ոստիկանության բաժանմունքներում, այլ նաև իշխանության բարձրագույն մակարդակներում հնչող ուղերձներով, որոշումներով և օրինակով։ Եթե հասարակությունը տարիներ շարունակ սնվում է հակադրությամբ, եթե պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը չի վերականգնվում, ապա անհանդուրժողականությունը դառնում է նորմա։
Այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ոչ միայն կադրային փոփոխություն, այլ նաև արժեքային վերանայում։ Պիտի ձևավորվի այն համոզումը, որ պետությունը ոչ թե պատահական արձագանքող է, այլ կանխատեսելի և արդար խաղացող։
Հակառակ դեպքում մենք կշարունակենք տեսնել նույն սցենարը՝ հերթական սահմռկեցուցիչ դեպք, կտրուկ հայտարարություն, մի քանի պաշտոնանկություն, և նորից նույն փակ շրջանը։ Իսկ իրական լուծումը պահանջում է ոչ թե «ցուցադրական» քայլեր, այլ խորքային քաղաքական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն. ավելի հստակ՝ «հոտած գլխի» հեռացում։
Նարե Գնունի

Русский