Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Աննա Հակոբյանը բացահայտում է Փաշինյանի ստերը

Blog Image

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հարաբերությունների ավարտի մասին հայտարարությունը իշխանամերձ տարբեր օգտատերերի կողմից փորձ է արվում  ներկայացնել որպես անձնական դրամա։ Սակայն երբ խոսքը երկրի ղեկավարի մասին է, անձնականը վաղուց դադարել է միայն անձնական լինելուց։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ակնարկ ունի քաղաքական ծանրություն։ Իսկ այս հայտարարության մեջ հնչած երկու միտք բացահայտում են իշխանության իրական դիմագիծը՝ ավելի հստակ, քան ցանկացած ընդդիմադիր ելույթ։

Առաջինը՝ իրավապահների մասին ակնարկը։ «Կարող են գալ իմ հետևից» ձևակերպումը պատահական խոսք չէ։ Դա կամ նախապես հաշվարկված քաղաքական ուղերձ է, կամ անկեղծ վախի արտահայտություն։ Երկու դեպքում էլ հետևությունը նույնն է․ իշխանության ներսում անգամ ամենամոտ մարդիկ չեն բացառում քաղաքական հետապնդման հնարավորությունը։ Սա արդեն ոչ թե ընտանեկան ճգնաժամի, այլ պետական համակարգի ճգնաժամի ցուցիչ է։

Եթե երկրի ղեկավարի նախկին կինը հրապարակային հայտարարում է, որ կարող է դառնալ իրավապահների թիրախ, ապա դա անուղղակիորեն հաստատում է այն կասկածները, որոնք տարիներ շարունակ շրջանառվում են հանրային դաշտում՝ իրավապահ համակարգը անկախ չէ և կարող է ծառայել քաղաքական նպատակների։ Եվ եթե վաղը որևէ գործընթաց իսկապես սկսվի, հանրային ընկալմամբ այն կդիտարկվի ոչ թե իրավական, այլ քաղաքական հաշվեհարդար։ Այս իրավիճակում իշխանությունը հայտնվում է փակուղու մեջ․ քայլ անի՝ ևս մեկ անգամ կապացուցվի, որ իրավապահ համակարգը ենթարկվում է Փաշինյանին, քայլ չանի՝ իրենց քաղաքական PR արշավը կիսատ կմնա։

Երկրորդը՝ հարվածն էր «սիրում եմ բոլորին» նարատիվին։ Տարիներ շարունակ կառուցված հանրային կերպարը հիմնված է հուզական, «սիրո» և համերաշխության լեզվով խոսելու վրա։ Սակայն Հակոբյանի պարզ արձանագրումը՝ սերը պետք է ապացուցել գործողությամբ, ոչ թե բառերով, փաստացի քանդում է այդ քարոզչական շերտը ներսից։ Երբ նույն ընտանիքի ներսում հնչում է նման հակադրություն, դա դառնում է ոչ թե անձնական դիտարկում, այլ քաղաքական դատավճիռ։

Ստացվում է, որ նույնիսկ եթե այս ամենը դիտարկվի որպես PR հաշվարկ կամ հանրային օրակարգը փոխելու փորձ, արդյունքը հակառակն է։ Հանրային ուշադրությունը կենտրոնանում է ոչ թե բաժանման փաստի, այլ հնչած ակնարկների վրա։ Իսկ այդ ակնարկները հարվածում են հենց այն հիմնասյուներին, որոնց վրա կառուցվել է գործող իշխանության պատկերացումը՝ իրավական պետություն, սեր, համերաշխություն, նոր մշակույթ։

Այսպիսով, ընտանեկան հայտարարությունը վերածվեց քաղաքական ինքնախոստովանության։ Այն ցույց տվեց, որ իշխանության ներսում կա անվստահություն, կա վախի մասին խոսք, կա խոսքի և գործողության միջև հակասություն։ Եվ որքան էլ փորձ արվի ներկայացնել դա որպես անձնական պատմություն, հանրային գիտակցության մեջ այն արդեն տեղավորվել է որպես քաղաքական փաստ։ Չէ որ քաղաքական իրականությունը հաճախ բացահայտվում է ոչ թե ընդդիմադիր քննադատություններով, այլ ներսից հնչած անկեղծ նախադասություններով։ Եվ այս դեպքում հենց այդ ներսից հնչած բառերն են ամենակոշտ գնահատականը գործող իշխանությանը։

Նարե Գնունի

Send