ՔՊ-ն հիմա էլ պաշտոնական քարոզարշավի է դուրս եկել՝ պետական կառավարումից արձակուրդի գնալով և այցելելով մարզեր ու մայրաքաղաքի տարբեր համայնքներ, հանդիպումներ ունենալով տեղի բնակիչների հետ, նրանց «Նիկոլի Հայաստանի» կրծած քարտեզով կրծքանշաններ բաժանելով և նախընտրական խոստումներ տալով։
ՔՊ-ն իր քարոզարշավի մեկնարկը որոշել էր Սյունիքից տալ՝ այցելելով և՛ Գորիսի, և՛ Մեղրիի, և՛ Կապանի բնակավայրեր։ Քարոզարշավի հիմնական, եթե ոչ միակ բանախոսը, ելույթներ ունեցողն ու շաղակրատը Նիկոլ Փաշինյանն է, որը մի առիթով հայտարարել է, որ կառավարությունն ինքն է, և թող համարձակվի որևէ մեկը իր գլխի վրայից թռչելով՝ ինքնուրույն որոշում կայացնել։
Իր թիմի հանդեպ նույն անվստահությամբ էլ նա հիմա քարոզարշավ է իրականացնում, իսկ թիմի անդամները նրա համար ընդամենը շքախմբի դեր են խաղում։ Եվ իր միանձնյա հզորությունից ոգևորված՝ ՔՊ առաջնորդը երբեմն այնպիսի հայտարարություններ է անում, որ ակամա սկսում ես նորից ու նորից կասկածել այդ մարդու մտավոր հավասարակշռության վրա։ Կոռնիձորում ելույթի ժամանակ Փաշինյանի հայտարարությունները լսելով՝ ակամա սկսում ես մտածել, որ Սամվել Կարապետյանի հավաստիացումները՝ Չինաստանից հալուցինացիաներ առաջացնող սունկ բերելու և հանրային ելույթներից ու հանդիպումներից առաջ պարբերաբար այն ուտելու մասին, հորինած չեն։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն հիվանդ երևակայություն ունեցողը թերևս կարող էր պնդել, որ «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում»: Եվ Փաշինյանն իր թիմով սուպերհերոսի պես մեր պետությունը հանել է թակարդից և դրել բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:
Նրա պնդումով՝ մինչև 2020 թվականը չի եղել խաղաղություն, «ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ և վիրավոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն: Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը»:
Փաստորեն հանձնվելը, հայկական տարածքները թշնամուն հոժարակամ նվիրելը, պատմության մեջ առաջին անգամ բնիկ հայ բնակչությանն Արցախից բռնի տեղահանելն ու մեկընդմիշտ նրանց վերադարձի՝ միջազգային օրենքներով ամրագրված իրավունքի թեման մոռացության տալու փորձերը, ուրացումը և երբեմնի թշնամու, հակառակորդի առաջ «կզելը», հլու-հնազանդ նրա հրահանգները կատարելը զարգացման ուրույն ուղի է համարում Փաշինյանը, որով այսօր ՔՊ-ն տանում է Հայաստանը՝ չտեսնելով, որ իրականում կործանման ճանապարհ է բռնել։ Իսկ մեր տարածքային ամբողջականության պահպանման, պատմական արդարության վերականգնման ձգտումը Փաշինյանը մեզ համար թակարդ է համարում՝ հայ ժողովրդին խաբեությամբ հավաստիացնելով, թե դա ոչ մի տեղ տանող ճանապարհ էր և որ Արցախյան թեմայով բանակցություններն ընդամենը ժամավաճառություն էին ու Հայաստանի զարգացման խոչընդոտ։
Փաշինյանի վարքագիծը «Սասնա ծռեր» էպոսի հայտնի կերպարներին է հիշեցնում՝ Դավթի հորեղբայրներ Ցռան Վերգոյին և Ձենով Օհանին, որոնք Դավիթին ամեն ձևով համոզում էին հնազանդորեն անցնել Մելիքի թրի տակով, ենթարկվել նրան, հայ ժողովրդի վրա դրած ծանր հարկերով հարստացնել Մելիքի գանձարանը և ապրել նվաստացած, բայց խաղաղ։ Փաշինյանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Դավթին սաստող հորեղբայրների վարքագծից։ Նրանց համար էլ Դավթի ընդվզումն ու Մելիքին շանսատակ անելը գուցե «թակարդ» էր, որովհետև նրանք չգիտեին ինչպես ապրել հաղթողի կարգավիճակում, քանի որ սովորել էին ապրել ստրուկի հոգեվիճակում։
Ռուսական մի լավ ասացվածք կա՝ սողալու համար ծնվածը չի կարող սավառնել։ Եվ եթե սավառնել չի հաջողվում, սողալ սովորածն ակամա սկսում է սավառնողներին նվաստացնել, արժեզրկել, որպեսզի սողալը մարդու միակ արդարացված նպատակը դառնա։ Հիմա Փաշինյանի նպատակն է դարձել ինքն իր աչքին ու հայ ժողովրդի աչքին արդարանալը Արցախը և արցախցիներին ուրանալու համար։ Ամեն անգամ Արցախի անունը լսելով նրա ջղաձգումներից հասկանում ես, որ դա նրան չի հաջողվում, չի մարսում այդ թեման, դրա համար էլ խիստ սրտնեղում է, որ չնայած թոշակների բարձրացմանը, տնտեսական աճը ժողովրդի աչքը մտցնելը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը, թոշակի տարիքը լրանալուց հետո նրանց աշխատանքը շարունակելու հնարավորություն ստեղծելը, չնայած իր երերուն խաղաղության «հաստատմանը», ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման գործընթացը մեկնարկելը, Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացմանը, գունագեղ դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը, չնայած իր փռած ասֆալտին՝ Արցախի հանձնումը նրա երեսով են տալիս ու հակակշռում իր արած բոլոր «բարեփոխումներին»։
Զուր չի իր այդ խայտառակ ելույթում, հույզերին տուրք տալով, նա «մունաթ գալիս» սյունեցիների և մյուսների վրա, ովքեր համարձակվում են նրան հիշեցնել իր ուրացման մասին։ Փաշինյանը սարսափելի սրտնեղած է դրանից և Կոռնիձորում չկարողացավ հույզերը զսպել ու նորից հեքիաթասացի իր սիրելի դերի մեջ մտավ․ «էսօր ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը, բա Ղարաբաղը, բա Արցախը։ Նախորդ շրջանում էլ՝ ինչ խոսել ենք, ասել են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը, բա Ղարաբաղը, բա Արցախը։ Վերջում ի՞նչ պարզվեց։ Ասում են՝ հող ենք կորցրել։ Էդ հողը ինչո՞վ ա մերը եղել։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը եղել։ Ընդեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ընդեղ ապրե՞լ ենք։ Մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը եղել։ Մերը չի՛ եղել։ Մերը չի՛ եղել։ Ոչ միայն մերը չի եղել, այլ նաև օգտագործվել ա նրա համար, որ Հայաստանն էլ մերը չլինի։ Ես պատասխանատու ասում եմ՝ իրականությունն էն ա, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն ա։ Որովհետև դուք տեր եք ՀՀ-ին»։
Երևի մի քիչ սթափվելով՝ նա լեզուն կծեց, որպեսզի չշարունակի ալիևյան ստահոդ թեզը, թե Արցախում եղած բոլոր հին եկեղեցիները, որոնք նրանք «մեծահոգաբար» չեն քանդել, ալբանական են։ Թե չէ նրա այդ ամբողջ ելույթն ասես Ալիևի ելույթների թարգմանությունը լիներ, որ Արցախում հայկական ոչինչ չի եղել, անգամ հայեր չեն ապրել։ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախն ազատագրելուց հետո են հայերին վերաբնակեցրել այնտեղ։
Այդ դեպքում եթե ՀՀ վարչապետի երևակայությամբ Արցախն ադրբեջանական է եղել, ապա ինչու գոնե ամեն բնակավայրում մզկիթներ չեն խոյանում և ընդամենը մեկ մզկիթ է եղել Շուշիում, ինչու ադրբեջանական ազգային ճարտարապետությունը գերիշխող չի եղել Արցախում անգամ այն Ադրբեջանին բռնակցելուց հետո, այլ հակառակը՝ նույնիսկ աստվածամերժ խորհրդային համակարգում հայկական հնագույն եկեղեցիները կանգուն են մնացել ու պահպանվելով հասել են մեր օրեր։ Արցախում պատմական հայկական տեղանունները պահպանվել են նաև այլ պատմիչների հիշատակումներում։ Իսկ Տիգրանակերտը նո՞ւյնպես Փաշինյանը ադրբեջանական է համարում, գուցե մի օր էլ հայտարարի, թե հայոց պատմությունն իրականում ադրբեջանցիների պատմությունն է, որը հայերը յուրացրել են ու ներկայացնում են որպես իրենցը։
Արցախն ազատագրելուց հետո այնտեղ անգամ գյուղերի մակարդակով ժամանակակից դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվել, նոր եկեղեցիներ են կառուցվել, Ստեփանակերտի հրապարակն է կառուցվել, Ազգային ժողովի շենքը, բազմաթիվ բնակելի և վաչական, հասարակական նշանակության կառույցներ։ Հասկանալի է, որ Փաշինյանի այսպիսի արտահայտությունները մեկնաբանել պետք չէ, քանի որ դրանք այսրոպեական են ու ամենևին չեն արտացոլում իրականությունը անգամ Փաշինյանի համար, այլ մանիպուլյացիոն բնույթ են կրում և դրանց հետևում որոշակի գործընթացներ են զարգանում։ Եվ հենց այդ գործընթացներին է հարկավոր ուշադրություն դարձնել։ Փաշինյանը մինչև Արցախը հանձնելն այն հայկական էր համարում ու ամբողջ աշխարհին հայտարարում էր դրա մասին։ Հիմա ասում է, որ Հայաստանն է հայկական, մինչև իրենց իշխանության գալը մերը չի եղել։
Որևէ երաշխիք կա՞, որ վերարտադրվելուց հետո այսպիսի հակում ունեցող անձը հաջորդը Հայաստանի մասին չի ասելու, թե դրա հայկական լինելու մասին որևէ փաստ ու ապացույց գոյություն չունի, իսկ Երևանն էլ դժբախտ ու դժգույն քաղաք էր։ Նիկոլի նույն տրամաբանությամբ նաև Երևանը մերը չէ, քանի որ հենց կենտրոնում դեռևս կանգուն է կապույտ մզկիթը, որն ազերիներն իրենցն են համարում և այն վերադարձնելու պահանջներ ներկայացնում։ Իրենցն են համարում նաև Երևանի Կոնդ թաղամասը, որտեղ պարսկական մեկ-երկու կիսաքանդ մզկիթ է պահպանվել, ընդհանրապես Ալիևը հավակնոտ հայտարարություններ է անում, թե Երևանը պատմական ադրբեջանական Էրիվանն է։
Նիկոլի նույն տրամաբանությամբ՝ հայկական այն բնակավայրերը, որտեղ ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները բնակություն են հաստատել ու բազմացել, մահացել ու թաղվել են այդ բնակավայրերում ադրբեջանական գերեզմաններում, նույնպես ադրբեջանական են։ Այդ դեպքում Վրաստանում, նույն Ադրբեջանի այսօրվա մայրաքաղաք Բաքվում հայերը ճարտարապետական, քաղաքաշինական, մշակութային, գիտական մեծ ավանդ են ունեցել, ուրեմն մենք իրավունք ունենք հայտարարելու, թե դրանք հայկական են։
Մեր արդարամիտ վարչապետն ինչո՞ւ է լռում դրա մասին։ Թե՞ ինչպես որ մեզ է վախեցնում, թե մի խոսեք արցախցիների վերադարձի մասին, որպեսզի ադրբեջանցիներն էլ չխոսեն իրենց գաղթականների վերադարձի մասին, այդպես նաև ինքն է սարսափում Ալիևի զայրույթից, բայց ոչ թե գաղթականների պահանջ բարձրացնելու համար, այլ թերևս նրա համար ավելի մեծ բան է դրված խաղադրույքի։ Գուցեև նույնը՝ մարդկային կյանքը, որով էլ Փաշինյանը կփորձի սակարկել մեզ հետ Հայաստանը ևս Արցախի ճակատագրին արժանացնելու ժամանակ։ Չմոռանանք, որ մեր էպոսից նրա նախընտրելի կերպարները Դավթի հորեղբայրներն են։
Թագուհի Ասլանյան

Русский