Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է ոչնչով աչքի չընկած ու «յուղոտ» պաշտոնի հավակնող պատգամավորը

Blog Image

ՔՊ-ական Վանիկ Օհանյանը պատգամավորական երդում տվեց ընդամենը ամիսներ առաջ, իսկ այսօր արդեն քննարկվում է նրա՝ հանձնաժողովի նախագահ դառնալու հարցը։

2025 թվականի սեպտեմբերի 3-ին, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Վանիկ Օհանյանը համալրեց խորհրդարանի կազմը և ամբիոնից երդում տվեց։ Նա փոխարինելու եկավ նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանին, ով այժմ  Լոռու մարզպետն է։

Եթե Արեն Մկրտչյանը փոքր-ինչ ակտիվ էր ԱԺ-ում, ապա նույնը չենք կարող ասել Օհանյանի մասին, որը համեմատաբար լուռ պատգամավոր է՝ քիչ ելույթներով, քիչ հարցերով ու նախագծերով։ Չնայած դրան, Օհանյանն այժմ նպատակ ունի գլխավորել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։ 

MediaHub-ը փորձել է պարզել, թե ինչ կենսագրություն ունի համեմատաբար «լռակյաց» պատգամավորը։ 

Ի տարբերություն հանձնաժողովի նախկին նախագահ Հռիփսիմե Հունանյանի՝ Վանիկ Օհանյանը ունի բժշկական կրթություն։ Նա 2005թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:

2007-2013 թվականներին «Դենս»» ՍՊԸ-ում աշխատել է որպես բժիշկ-ստոմատոլոգ: 2008-2012-ին եղել է Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դասախոս:

2011-ից մինչև 2016 թվական նա «Ալֆա ֆարմ» ՓԲԸ դեղատնային ցանցի Լոռու մարզի տարածքային ղեկավարն է եղել:

2013-2017թթ․-ին Օհանյանը եղել է բժիշկ-ստոմատոլոգ՝ «Մարիդենտ»» ԱՁ ստոմատոլոգիական կլինիկայում։

2017թ. նա հիմնադրել է «Օհանյան կլինիկա» ՍՊԸ ստոմատոլոգիական կլինիկան:

2019-2020 թվականներին զբաղեցրել է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ՊՓԲԸ տնօրենի պաշտոնը, իսկ 2024-2025 թթ․ եղել է Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի ՊՓԲԸ տնօրեն:

Քաղաքականությունում Վանիկ Օհանյանը դրսևորվել է հետհեղափոխական շրջանում։  2020-2021թթ.-ին եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 9 ընտրատարածք), սրանից հետո Օհանյանը թողել է ԱԺ-ն և 2021թ. հոկտեմբերի 12-ից դեկտեմբերի 22-ը եղել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: 2021թ. դեկտեմբերի 23-ից եղել է Վանաձոր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ:

Ուսումնասիրելով Վանիկ Օհանյանի հաշվետու տարվա՝ 2024 թվականի հայտարարագիրը, որը ներկայացվել է 2025 թվականին, նկատում ենք՝ ունի 4 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն, 1 հողամաս, 1 ավտոտնակ։

Որպես տրանսպորտային միջոց ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է  MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, ինչը ձեռք է բերել 2021 թվականին։

Իսկ Վանիկ Օհանյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 3 մլն 959 հազար դրամ։

Կկարողանա՞ արդյոք համեմատաբար անփորձ պատգամավորը կարճ ժամանակում դրսևորել անհրաժեշտ հմտություններ և զբաղեցնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, պարզ կդառնա քիչ անց, երբ փակ քվեարկությունն ավարտվի։

Հիշեցնեք, որ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հռիփսիմե Հունանյանը հունվարի  21-ին ազատվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից և ինքնաբացարկ հայտնել՝ հրաժարվելով ՔՊ ցուցակում ընդգրկվել։

Էմմա Մարտիրոսյան

Send