Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է սրվել՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին։ Թեհրանում հայտարարել են, որ երկիրը պատրաստվել է երկարատև պատերազմի՝ շեշտելով ռազմական և ռազմավարական բավարար ներուժի առկայությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս հակասկան հայտարարություններով։ Սկզբում նա նշել էր, որ պատերազմը կարող է ավարտվել մեկ ամսվա ընթացքում, ապա հայտարարել, թե այն «նոր է սկսվել»։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման ձևակերպումները կարող են լինել քաղաքական և հոգեբանական ճնշման գործիք՝ ուղղված թե՛ արտաքին դերակատարներին, թե՛ ներքին լսարանին։
Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ–Իսրայել համատեղ գործողությունների արդյունքում Իրանին հասցված վնասը «շատ մեծ է»՝ ընդգծելով, որ «գրեթե ամեն ինչ ոչնչացվել է»։ Նա նաև փաստացի ընդունել է, որ հենց ինքն է խրախուսել Իսրայելին հարվածներ հասցնել Իրանին՝ նշելով, թե չէր ցանկանում, որ Թեհրանը առաջինը հարձակվի։
Անդրադառնալով հնարավոր «ամենավատ սցենարին»՝ Թրամփը նշել է, որ վտանգը կլինի, եթե գործողություններից հետո Իրանում իշխանության գան նախկինի պես կոշտ դիրքորոշում ունեցող ուժեր։ Նրա խոսքում հիշատակվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը հակամարտության առաջին օրը ավիահարվածի հետևանքով, ինչն արդեն իսկ տարածաշրջանային զարգացումներին հաղորդել է առավել պայթյունավտանգ բնույթ։
Միաժամանակ, Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատերազմը կարելի է դադարեցնել, եթե «ագրեսորին կանգնեցնեն»՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդին ձեռնարկել գործնական քայլեր։ Սակայն կառույցի ներսում առկա քաղաքական հակասությունները կարող են սահմանափակել նման նախաձեռնությունների արդյունավետությունը։
Տարածաշրջանային զարգացումներին արձագանքել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները դժվար թե հանգեցնեն Իրանում արագ իշխանափոխության։ Նրա գնահատմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռազմավարական հաշվարկներում կարող է ներառված լինել նաև ռեժիմի փոփոխության նպատակ, ինչը մեծացնում է լայնամասշտաբ տարածաշրջանային բախման հավանականությունը։ Անկարան նաև մտահոգություն է հայտնել էներգետիկ և անվտանգային ռիսկերի առնչությամբ։
Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Հորմուզի նեղուցը։ Դրա հնարավոր փակումը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ բարձրացնելով նավթի գները և խորացնելով ֆինանսական անկայունությունը։ Սա այն կետերից է, որը կարող է հակամարտությունը վերածել ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ճգնաժամի։
Փորձագիտական շրջանակներում գնահատվում է, որ սահմանափակ ռազմական գործողությունների պարագայում հակամարտությունը կարող է տևել շաբաթներ, սակայն լայն ներգրավվածության դեպքում՝ ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Թեև ԱՄՆ-ն շարունակում է պահպանել զգալի ռազմական և ֆինանսական ռեսուրսներ, «անսպառ հնարավորությունների» մասին խոսել չի կարելի՝ հաշվի առնելով միաժամանակյա գլոբալ ճգնաժամերը և ներքաղաքական մարտահրավերները։
Ներկայիս զարգացումները վկայում են, որ Մերձավոր Արևելքը կանգնած է վտանգավոր էսկալացիայի շեմին։ Արագ հանգուցալուծումը հնարավոր կլինի միայն քաղաքական փոխզիջումների պայմաններում։ Հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է ներքաշվել երկարատև, տնտեսական և անվտանգային ծանր հետևանքներ ունեցող հակամարտության մեջ։
Ալիտա Եղիազարյան

Русский