Փաշինյանի որդեգրած՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու դավադիր քաղաքականությունն ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում՝ իր արած հայտարարությունների ու քայլերի միջոցով։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների շուրջ ծավալված քննարկումներն իշխանությունները դավադրության տեսություն որակեցին, բայց Փաշինյանի նախօրեի ելույթը մեր պատմական հայրենիքի, պահանջատիրության, պատմական հիշողության վերաբերյալ որևէ կասկած չի թողնում, որ հուշահամալիրի վերանորոգման հետ կապված մտահոգությունները այդքան էլ հիմնազուրկ չեն։ Հինգշաբթի օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարեց, թե խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև սոցիալ-հոգեբանական հասկացություն է, և նա դատապարտում է բոլոր այն միտումները, որոնց նպատակը հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։
«Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը։ Մենք որպես ժողովուրդ արդեն քանի հարյուր տարի է այդ սպասումով ենք ապրում և դա կայսերական, հակահայկական քաղաքականություն է, թե մի խաղաղվեք, հեսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա Ցեղասպանության ճանաչում կլինի, հեսա կվերադառնանք Վան, Մուշ, Կիլիկիա։ Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ՝ հայ ժողովրդին պահել պանդխտության մեջ և թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա։ Այնտեղ, որտեղ իշխող սոցիալհոգեբանությունը պանդուխտի է, որ մենք ինչ-որ տեղ պետք է գնանք, սա այն տեղը չէ, որտեղ պետք է մնանք, այդ պետությունը չի կարող կայանալ»։
Ի՞նչ է սա, եթե ոչ հայ ժողովրդի գիտակցության նախապատրաստություն, որ Նիկոլի ստեղծած Հայաստանում այլևս ցեղասպանության մասին չեն խոսելու, չի բացառվում անգամ, որ այդ բառի և, ընդհանրապես, պատմական Հայաստանի ու դրա բնակավայրերի անուններն արտաբերելն այս իշխանությունները քրեականացնեն։ Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն, անդրադառնալով պահանջատիրության թեմային, պրոթուրքական, թուրքահաճո գաղափարներ է հնչեցնում։ Մի ժամանակ էլ նա լծվել էր բոլորիս համոզելու, թե քսաներորդ դարասկզբին հայերիս հետ տեղի ունեցած դաժան իրադարձություններն Առաջին համաշխարհային պատերազմի բնականոն հետևանք են եղել և բնավ ոչ նախապես պետականորեն ծրագրված ու դաժանորեն իրագործված ցեղասպանություն։ Հենց այսպիսի մեկնաբանությամբ է հայերի Ցեղասպանությունը աշխարհին ներկայացնում Նիկոլ Փաշինյանը։ Չմոռանանք նաև, որ վերջերս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ, նրան որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր ուղեկցել։ 2025 թվականին վարչապետը ցեղասպանական գործողությունները նենգափոխելու նպատակով վտանգավոր հայտարարություն էր արել նաև շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, թե դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Դրանից անմիջապես հետո նրա խոսքերի մեջ վտանգավոր շեշտադրումներ նկատելով՝ Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն արձագանքեց Փաշինյանին՝ արձանագրելով, որ «նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են հայերի Ցեղասպանության վերաբերյալ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի ու հայ գիտնականների, ինչպես նաև այլոց ուսումնասիրությունները, խոչընդոտ են արդարության համար շարունակվող պայքարում՝ հանուն Ցեղասպանության զոհերի, և ստեղծում են վտանգավոր տարածաշրջանային իրադրություն, հատկապես արցախցիների հանդեպ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության ու Հայաստանի նկատմամբ սպառնալիքների համատեքստում»։
Փաշինյանի «ինչ» և «ինչու է տեղի ունեցել» հարցադրումները Լեմկինի ինստիտուտը համարում է մարտահրավեր Հայոց ցեղասպանությանը՝ որպես հաստատված պատմական փաստի։ Ինստիտուտի փորձագետներն ընդգծել են՝ հայերի Ցեղասպանությունն անժխտելի է և հիմնված է տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ փաստաթղթերի վրա՝ ներառյալ Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերը, ականատեսների վկայությունները, դիվանագիտական հաշվետվություններն ու դատական ապացույցները։ Փաշինյանի քայլը Լեմկինի ինստիտուտը համարել է վտանգավոր, քանի որ այն «սպառնում է համարձակություն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդեմ Հայաստանի»։
Հայ ժողովրդի անցյալի, հիշողության, պատմության հետ Փաշինյանին գուցեև հաջողվի իր վերընտրվելու դեպքում հաշվեհարդար տեսնել, ինչպես դա արեց Արցախի դեպքում։ Իսկ ի՞նչ փաստարկներ է հորինելու նա այն պետությունների համար, որոնք ոչ միայն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, այլ նաև նրանցից երեքը՝ Արգենտինան, Շվեյցարիան, Ուրուգվայը ընդունել են օրենքներ, որոնցով պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրենք ընդունվեց, որը Սենատի և նախագահի վավերացումից հետո թույլ կտա Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկել որպես հանցագործություն։
Բայց 2012 թվականի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ընդհանրապես ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը։ Նրանց էլ մեղադրելու է այն բանում, որ այդ պետությունները քաջալերում են կայսերական մտածելակերպը և Նիկոլին խանգարում պետությո՞ւն ստեղծել։ Այդքան քաջություն կունենա՞ իր արևմտյան տերերի դեմ մեղադրանքներ ուղղելու, որոնց հետ հիմա Հայաստանի վեկտոր է փոխում։ Դե կայսերական տերության դեմ կարող է մատ թափ տալ, ով է նրանից պատասխան պահանջելու, բայց արդյո՞ք Արևմտյան տերությունների դեմ նման խաղեր խաղալու դեպքում նրա ականջները քաշող չի լինելու։ Հակառակ դեպքում այդ պետությունները ստիպված կլինեն ընդունելու, որ մեղսակից են Ռուսական կայսրության հետ և հայ ժողովրդի մեջ պատմական հայրենիք վերադառնալու կեղծ հույսեր են սերմանել ու միշտ վառ պահել պանդուխտի հոգեբանությունը, խանգարել են ՀՀ ղեկավարներին պետություն ստեղծելու գործում՝ խաղաղված ժողովրդով։
Մասնագետները նշում են, որ Ցեղասպանության ժխտումը նաև հնարավոր հետագա բնաջնջումների հստակ ցուցիչ է՝ ցեղասպանությունը ծնում է ցեղասպանություն: Քաղաքական նպատակների համար պատմական փաստերի խեղաթյուրումը մեծ ազդեցություն ունի ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա: Յուրաքանչյուր փորձ՝ աղճատելու որևէ էթնիկական խմբի հանդեպ իրագործված բնաջնջման պատմությունը, մեծացնում է մեկ ուրիշ անգամ և այլ վայրում դրա կրկնվելու հնարավորությունը: Դրա վառ օրինակներից է Հայոց ցեղասպանության անպատժելիությունը, երբ հայկական կոտորածների պատասխանատուները չպատժվեցին, հնարավոր դարձավ իրականացնել հրեական Հոլոքոստը, և ոչ միայն։ Դրանից հետո մարդկությունը շատ այլ ցեղասպանությունների ականատես է եղել մինչև օրս։ Եվ եթե այս համատեքստում դիտարկենք Փաշինյանի մտադրությունները, ստացվում է, որ նա նպաստում ու հրահրում է ցեղասպանությունների շարունակականությունը այլ ժողովուրդների նկատմամբ, հետևաբար նա ևս մասնակից է դրանց ու դրանց մեղսակիցն է։
Թագուհի Ասլանյան

Русский