Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատերազմը սրվում է․ Մերձավոր Արևելքը կանգնած է լայնամասշտաբ պատերազմի շեմին

Blog Image

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է սրվել՝ ստանալով ավելի լայնամասշտաբ ու վտանգավոր բնույթ։ Իսրայելի և Իրանի միջև դիմակայությունը մտնում է նոր փուլ, իսկ միջազգային դերակատարները ավելի կոշտ հայտարարություններով են հանդես գալիս։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները ոչ միայն կշարունակվեն, այլ նաև կուժեղացվեն և կընդլայնվեն։ Նրա խոսքով՝ թիրախում կհայտնվեն նաև այն ոլորտներն ու ենթակառուցվածքները, որոնք նպաստում են Իրանի կողմից զենքի արտադրությանն ու կիրառմանը Իսրայելի դեմ։ 

Նա ընդգծել է, որ այդ քայլերը պատասխան են Իրանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հրթիռային հարձակումներին՝ հավելելով, որ նրանք ծանր գին կվճարեն այս ռազմական հանցագործության համար։ Միաժամանակ, ԱՄՆ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը տարածաշրջանում։ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը հետևողականորեն սահմանափակում են Իրանի հնարավորությունները՝ իր սահմաններից դուրս ռազմական ազդեցություն տարածելու հարցում։

Քաղաքական գնահատականներն էլ ավելի են խտացնում լարված մթնոլորտը։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Իսրայելի և Իրանի միջև միջուկային հակամարտությունը այս կամ այն ձևով արդեն դարձել է անխուսափելի։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները ոչ թե նվազեցրել, այլ հակառակը՝ մոտեցրել են նման սցենարի իրականացման վտանգը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահը շարունակում է կոշտ հռետորաբանությունը Իրանի հասցեին։ Նա հայտարարել է, որ Իրանը պետք է «բացի Հորմուզի նեղուցը»՝ նույնիսկ ակնարկելով դրա անվան փոփոխության մասին՝ այն կոչելով «Թրամփի նեղուց»։ Թրամփը նաև ընդգծել է, որ իր հայտարարություններում պատահականություն չկա՝ շեշտելով իր դիրքորոշման միանշանակությունը։ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենազգայուն կետերից մեկը, որի շուրջ ցանկացած սրացում կարող է ունենալ գլոբալ հետևանքներ՝ հատկապես էներգետիկ և ռազմական անվտանգության տեսանկյունից։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է, որ հակամարտությունը ոչ միայն չի մարում, այլ նաև աստիճանաբար խորանում է՝ ներքաշելով նոր դերակատարների և մոտեցնելով ավելի լայնամասշտաբ բախման վտանգը։

Միևնույն ժամանակ, դիվանագիտական ջանքերը շարունակվում են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքի լարվածության թուլացման նպատակով բանակցություններ են սպասվում։

Ալիտա Եղիազարյան

Send