Մոտ մեկուկես ամիս առաջ Մերձավոր Արևելքում բռնկված լարվածությունը մինչ այժմ չի հաջողվում մեղմել։ Վերջին զարգացումները վկայում են, որ իրավիճակը շարունակում է մնալ չափազանց անկայուն և վտանգավոր։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ և կոշտ ձևակերպումներով հաղորդագրություն է հրապարակել՝ սպառնալով ոչնչացնել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։
«Երեքշաբթին կլինի էլեկտրակայանների ու կամուրջների օրը։ Սա երբեք տեղի չի ունեցել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, հակառակ դեպքում կապրեք դժոխքում։ Պարզապես սպասեք։ Փառք Ալլահին»,- գրել է նա։
Միևնույն ժամանակ, կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ տեսնում է Իրանի հետ համաձայնության հասնելու մեծ հնարավորություն՝ իր սահմանած վերջնաժամկետից առաջ։ Ավելի ուշ նրա հրապարակումներից կարելի է ենթադրել, որ վերջնագիրը մեկ օրով հետաձգվել է՝ երկուշաբթիից տեղափոխվելով երեքշաբթի։ Ի պատասխան այս սպառնալիքների՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան կողմի անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել ամբողջ տարածաշրջանի բռնկման։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային մի շարք միջնորդ երկրներ քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հիմք դառնալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։ Բանակցություններում ներգրավված են նաև Եգիպտոսը, Պակիստանը և Թուրքիան։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Վիթքոֆի և Իրանի արտգործնախարար Արաղչիի միջև շարունակվում են շփումները՝ կարճ հաղորդագրությունների միջոցով։ Սակայն որոշ աղբյուրներ կարծում են, որ առաջիկա 48 ժամում նույնիսկ մասնակի համաձայնության հասնելու հավանականությունը փոքր է։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը վերջին օրերին Թեհրանին մի քանի առաջարկ է փոխանցել, սակայն դրանք դեռևս չեն ընդունվել։ Այս ամենի ֆոնին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հաստատել են Իրանում հնարավոր հարվածների ռազմավարական թիրախների ամբողջական ցանկը՝ այն դեպքում, եթե Թեհրանը չկատարի ներկայացված վերջնագիրը։
Նշվում է նաև, որ ավարտվել է երկու երկրների զինված ուժերի օպերատիվ համակարգումը։ Իրանը, սակայն, չի պատրաստվում տեղի տալ ճնշումներին։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ երկիրը չի ունենա հրթիռների կամ ռազմավարական պաշարների պակաս, նույնիսկ եթե հակամարտությունը շարունակվի տարիներ։ Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական կարողությունները բավարար են՝ հակազդելու նույնիսկ ամենաժամանակակից զինատեսակներին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ևս նշել է, որ Թեհրանը պատրաստ է քննարկել հրադադարի առաջարկները, սակայն միայն այն դեպքում, երբ դրանք չուղեկցվեն սպառնալիքներով։ Նա ընդգծել է, որ ենթակառուցվածքների դեմ հարվածների սպառնալիքները կարող են դիտարկվել որպես պատերազմական հանցագործություններ։ Բաղայինի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված 15 կետանոց ծրագիրը, ինչպես նաև միջնորդների միջոցով փոխանցված առաջարկները, Իրանի համար անընդունելի են՝ դրանք որակելով որպես անհիմն և անսովոր։
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կանգնած է չափազանց վտանգավոր շրջադարձի առաջ։ Թեև դիվանագիտական շփումները շարունակվում են, փոխադարձ սպառնալիքներն ու ռազմական պատրաստվածության աճը զգալիորեն նվազեցնում են արագ համաձայնության հասնելու հավանականությունը։ Առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել՝ պարզելու՝ կողմերը կընտրեն բանակցությունների ուղին, թե իրավիճակը կվերածվի լայնածավալ բախման, որի հետևանքները կլինեն կործանանար։
Ալիտա Եղիազարյան

Русский