Ժողովրդական հին ասացվածք կա. «կաթիլը քար է ծակում»։ Պետք է խոստովանել, որ Նիկոլ Փաշինյանի այս ողջ տարիների գործողությունները հանգեցրին նրան, որ հասարակությունը ոչ միայն բաժանվեց սևերի ու սպիտակների, ոչ միայն ատելություն ու ջրբաժան առաջացավ հանրության տարբեր շերտերի միջև, այլև անվստահություն առաջացավ պետական տոների հանդեպ, նույնիսկ այնպիսիների, որոնք ՔՊ-ական իշխանության հետ որևէ առնչություն չունեն։
Օրինակ՝ մայիսի 1-ը աշխատավորների օրն է, ընդ որում դեռևս խորհրդային տարիներից սկսած, սակայն հանրության մոտ կա կասկած, մասնակցե՞լ կազմակերպված միջոցառումներին, թե՝ ոչ։ Պատճառը մեկն է, ՔՊ-ական իշխանությունը կարողացել է անել այնպես, որ յուրաքանչյուր միջոցառում ասոցացվի անմիջապես իրենց հետ, որ ցանկացած համերգի կամ տոնակատարության մասնակիցը դառնա տվյալ քաղաքական միավորի փիառ էլեմենտը։
Ընդ որում իշխանությունները դա անում են թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի միջոցներով, այսինքն մանիպուլացնելով մարդկանց տոնական տրամադրությունները։ Ուշադիր նայելու դեպքում դժվար չէ նկատելը, որ Մայիսի 1-ի տոնական պաստառների թե՛ ձևն ու թե՛ գունավորումները նույնացված են ՔՊ-ի նախընտրական պաստառների ձևին ու գույներին։ Այսինքն մարդը, որը Մայիսի 1-ին կնկարվի կամ կպարի զուտ այդ օրվա համար նախատեսված պաստառների ֆոնին, ՔՊ-ին հնարավորություն է տալու դրանք օգտագործել նախընտրական նպատակներով։
Բարոյակա՞ն է նման պահվածքը ՀՀ քաղաքացիների հանդեպ, իհարկե՝ ոչ։ Ազնի՞վ գործելաոճ է քաղաքական մրցակիցների հանդեպ, կրկին՝ ոչ։ Սակայն թե՛ բարոյականությունն ու թե՛ ազնվությունը քաղաքական կատեգորիաներ չեն ու չեն կարգավորում խնդիրը։ Նման իրավիճակների լուծումը պետք է տրվի իրավական հարթությունում, պատկան մարմինների կողմից։ Օրինակ՝ օրենքը նախատեսում է քվեաթերթիկում չնդգրկել այնպիսի քաղաքական միավորի անուն, որը կարող է շփոթության մեջ գցել ընտրողին։ Նմանատիպ մոտեցում պետք է ցուցաբերվի նաև պետական տոների հանդեպ, օրենքը պետք է արգելի այնպիսի պաստառների օգտագործումը, որի պատկերներն ու գույները մոտ են որևէ քաղաքական միավորի նախընտրական պաստառների գույներին։
Իհարկե նման մոտեցում ՔՊ-ական իշխանություններից ակնկալելն անիմաստ է, նրանք ունակ են նույնիսկ փողոցի պատահական անցորդներին ներկել իրենց «խաղաղության» ու «սրտիկի» գույներով, եթե իմանան, որ դա կունենա մոգական ազդեցություն ու ընդդիմադիր հայացքներ կրող քաղաքացին կվերափոխվի իշխանամետի։ Սակայն ևս մեկ անգամ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցրած վնասները շատ ավելի խորն են ու բազմաբնույթ, քան թվարկվել են մին այժմ։ Նրանք կործանարար հարված են հասցնում ոչ միայն հայրենիքին ու պետությանը, ոչ միայն կազմաքանդում են միջանձնային հարաբերությունները, քարուքանդ անում հասարակական կառուցվածքը, այլև փորձում են ազդել մարդկանց ենթագիտակցության վրա։
Կարեն Կարապետյան

Русский