Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո հայ քաղաքական միտքը հանգիստ էր, իշխանության էին եկել երիտթուրքերը, Ֆրանսիան ինչպես միշտ հայ ժողովրդի կողքին էր, թուրքերի հետ հաստատվել էին սերտ ու որակական նոր հարաբերություններ, երկուստեք հնչում էին ողջույնի ու գովեստի խոսքեր և...ստեղծվել էր պատեհ առիթ մեր կյանքը բաժանել «պատմականի» ու «իրականի», սակայն պարզվեց, որ թուրքական նոր իշխանությունը հայերի հանդեպ իր մոտեցումներում ոչ միայն չի զիջում նախկին իշխանություններին, այլև Արևմտյան Հայաստանը վերածվեց աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի ու այդ ամենի հանրագումարը եղավ Ապրիլի 24-ը։
Թեպետ այսօր չկան ո՛չ Աբդուլ Համիդը, ո՛չ երիտթուրքերը, սակայն կրկին Ֆրանսիան մեր կողքին է, Մակրոնին փողոցներում ողջագուրվում են, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական խնդիրները «վերացված են», հաստատվել են սերտ ու որակական նոր հարաբերություններ, կրկին երկուստեք հնչում են ողջույնի ու գովեստի խոսքեր ու կրկին Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի վերածվելու վտանգի առաջ։
Իհարե որքան էլ նմանություններն այսքան ակնառու են, ոչ ոք չի ասում, որ պատմությունը անպայմանորեն պետք է կրկնվի, սակայն դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական գրագիտությամբ ու ճկունությամբ օժտված իշխանություն։ Շատերի մոտ ձևավորված է թյուր տպավորություն, որ անձերը չեն կարող ազդել աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Դա ոչ միայն սխալ կարծիք է, այլև քաղաքական անգրագիտություն, քանի որ հենց անձերն են ստեղծում աշխարհաքաղաքական իրավիճակները, հենց անձերն են կերտում պատմությունն ու ազդում միջպետական հարաբերությունների ընթացքի վրա։ Անձերն են մշակում ու իրականացնում քաղաքականությունը ու անձից է կախված այս կամ այն պետության թե՛ խորտակումը, թե՛ հզորացումը։ Աշխարհաքաղաքական իրավիճակը ամորֆ ինչ-որ երևույթ չէ և պայմանավորված է միայն ու միմիայն անձերով։
Այսօր, կարող է այլ ԱՄՆ լիներ, եթե չլիներ Աբրահամ Լինկոլնը, այլ Ֆրանսիա լիներ, եթե չլիներ Շառլ դը Գոլը, այլ Ռուսաստան լիներ, եթե չլիներ Պետրոս Մեծը, այլ Գերմանիա լիներ, եթե չլիներ Օտտո Բիսմարկը, այլ Մեծ Բրիտանիա լիներ, եթե չլիներ Ուինսթոն Չերչիլը ու այլ Հայաստան լիներ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, գուցե լիներ նաև այլ Ադրբեջան։
Ուստի, որպեսզի պատմությունը չկրկնվի թեկուզ ձևափոխված տարբերակներով, սակայն ողբերգական հետևանքներով, ապա պետք է հասկանանք մի պարզ իրականություն, Նիկոլ Փաշինյանի թե՛ անգործությունը, այսինքն աշխարհաքաղաքական իրավիճակին ապավինելը, թե՛ գործողությունները, հատկապես, որ ավելի վաղ նա ապացուցել է, թե ինչի են դրանք հագնեցնում, մեզ համար որևէ լավ բան չեն խոստանում։ Մենք պատմության կրկնությունից խուսափելու միայն մի ճանապարհ ունենք, փոխենք այն իշխանությունը, որն այսօր ունենք։ Հակառակ դեպքում մենք մեր օրինակով կապացուցենք ֆրանսիացի դիվանագետ և փիլիսոփա Ժոզեֆ դը Մեստրիի խոսքերի ճշմարտացիությունը. «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որն ունի»։
Կարեն Կարապետյան

Русский